2020 թվականի նվաստացուցիչ պարտությանը հասել ենք նաև պատմություն կեղծելով։ ՌԵՏՐՈ բաժնի այս թողարկումն այդ մասին է։
Պատմական գրդոն
Հայտնի պատմաբան, ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը 1992թ. մի առիթով գրում է. «Տասնամյակներ շարունակ արտադրական-քաղաքական ոլորտից պատմագրության մեջ ներարկվել է որոշակի, շատ պարզունակ, և դրանով էլ վարակիչ ու գրավիչ «խորհրդային մարքսիզմի» առանցքագաղափարը (կոնցեպցիան)....
Իշխող քաղաքական դոկտրինայի թույնը, հոսելով հին պատմությունից դեպի նորը, հետզհետե ուժեղանում էր, իսկ հասնելով նորագույնին, պարզապես կազմալուծում այն։ Բայց միայն սա չէր դրա վտանգը։ Այն իր օրինակով սովորեցնում էր բոլոր պատմաշրջաններին մերձեցողներին պատմական փաստերի աղավաղման, նենգափոխման թույլատրելիությունը նաև այնպիսի դեպքում, երբ այդ արվում էր ոչ թե իշխող դոկտրինայի հունով, այլ ցանկացած բարձր քաղաքական, կեղծ հայրենասիրական, ազգային, խմբակային, կամ որևէ այլ եղանակով «Հայաստանի Հանրապետություն», 14.08.1992)։
Դա գիտեինք, ավելի ճիշտ՝ զգում էինք բոլորս արդեն ուսանողական տարիներին։ Հենց դա էր պատճառը, որ հարգի էր հին և միջնադարյան պատմությունը, մինչդեռ նոր, առավել ևս նորագույն շրջանի պատմությունն՝ արհամարհված։ Նրանք, ովքեր լուրջ գիտությամբ զբաղվելու մտադրություն ունեին, խորանում էին հին պատմության մեջ, իսկ նրանք, ովքեր ի զորու չէին դա անել կամ կարիերայի համար էին եկել համալսարան, ընտրում էին նորագույնը, որն առավելագույնս էր թույլ տալիս պատմական փաստերի աղավաղում ու նենգափոխում՝ հանուն... որևէ շահի։ Նորագույն պատմության մեջ էլ իր հերթին ամենաարհամարհվածը, բայց նաև արագ առաջ գնալու համար ամենահեշտն ու գայթակղիչը Կոմունիստական կուսակցության պատմության բնագավառն էր։ Բայց մտավորական, անգամ ուսանողական միջավայրում նրանք մեծ վերապահությամբ էին գիտնական, նրանց աշխատանքները՝ գիտական համարվում։
Այս ամենավերջին դասի ցայտուն մի ներկայացուցիչ է ԵՊՀ կողմից հրատարակված «Հայոց պատմություն» դասագրքի 1988-ից մինչև մեր օրերը հատվածի հեղինակ Էդիկ Մինասյանը։ Նա 1985-ին «գիտություն» է մտել ՍՄԿԿ պատմության, այլ խոսքով՝ պատմական փաստերի աղավաղման ու նենգափոխման առավել բարձր մակարդակ պահանջող և ապահովող հետևյալ խոսուն թեմայով. «ՀԿԿ գործունեությունը բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության դաշինքի ամրապնդման ուղղությամբ, 1970-ական թվականներ»։
Ավարտվեց ԽՍՀՄ-ը, փակվեց նաև ՍՄԿԿ պատմությունը։ Է. Մինասյանը «վերապրոֆիլավորվեց» Հայաստանի պատմության 1988-ից սկսվող շրջանով՝ իր հետ այստեղ բերելով միակ «օժիտը»՝ պատմական փաստերի աղավաղման ու նենգափոխման ունակությունն ու սովորությունը։ Թերևս հենց այդ նկատառումով է, որ հենց նրան է հանձնարարվել ԵՊՀ հրատարակած Հայոց պատմության դասագրքի՝ Ղարաբաղյան շարժումից սկսած մինչև մեր օրերի պատմության շարադրանքը։ Այդ շարադրանքի՝ 2008թ. մարտի 1-ին վերաբերող դրվագն է ահա, որ որպես պատմության կեղծման ակնառու օրինակ ցնցեց շատերին՝ ամբողջ 10 օր դառնալով մամուլի քննարկման առարկա։ Դժվար չէր ենթադրել, որ նույնպիսի կեղծիքներով պետք է կազմված լիներ 1988-ից ի վեր շրջանի նրա ողջ շարադրանքը։ Եվ այդպես էլ կա. գրքի վերջին 150 էջն այլ բան չէ, քան նախ՝ «Ղարաբաղ կոմիտեի», ապա Հայոց համազգային շարժման և Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ կեղծիքների ու ստերի վրա հենված քարոզչանյութ։ Ստորև կներկայացնենք կեղծիքների մի քանի օրինակ՝ սահմանափակվելով միայն Ղարաբաղյան շարժման (1988-1990) տարիներով։
Ա) Ինչպե՞ս դադարեցին 1988-ի փետրվարյան հանրահավաքները։ Ըստ Է. Մինասյանի՝ «Հարցն ըստ էության լուծելու փոխարեն կենտրոնական իշխանությունները փորձում էին պայքարը դադարեցնել հայ անվանի մտավորականների միջոցով» (էջ 716)։ Խոսքը Զորի Բալայանի և Սիլվա Կապուտիկյանի մասին է։ Ընթերցողը սրանից հասկանում է, որ այդ «փորձը» հաջողությամբ չի ավարտվել։ Եվ իրոք, քիչ հետո կարդում ենք. «1988թ. փետրվարի 26-ին ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովը հատուկ կոչով դիմեց Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին՝ հորդորելով դադարեցնել ցույցերն ու հանրահավաքները՝ խոստանալով առաջիկայում լուծել բարձրացված հարցերը։ Հայ ժողովուրդը մեկ անգամ ևս հավատաց կենտրոնական իշխանություններին և դադարեցրեց գործադուլներն ու հանրահավաքները»։
Այդ օրերին հանրահավաքի մասնակիցները, անշուշտ, լավ կհիշեն, թե ինչու և ինչպես դադարեցվեցին արդեն կես միլիոնն անցնող հանրահավաքները։ Ժողովուրդը ոչ թե հավատաց կենտրոնական իշխանություններին, այլ Զ. Բալայանին և Ս. Կապուտիկյանին։ Այդ մասին հետագայում ափսոսանքով վկայում են հենց իրենք։ Զ. Բալայան. «Երեկոյան ժամը 6-ին ես ելույթ ունեցա յոթ հարյուր հազարանոց «հանձնաժողովում»։ Մեկ միլիոն չորս հարյուր հազար աչքեր ինձ էին նայում։ Մարդիկ հավատում էին գրողին, որը նախորդ օրը եղել էր հենց Գորբաչովի մոտ։ Ես համոզեցի, որ հարկավոր է գնալ տները (ընդգծումն իմն է-Ա.Ս.)։ Ես տեսա, թե ինչպես է դանդաղորեն ժողովուրդը թողնում հրապարակը։ Բայց ինձ համար այդ օրը դարձավ ամենասև օրը, իմ կյանքի ամենասև ժամը։ Որովհետև հենց այդ օրը, հենց այդ նույն ժամին սկսվեց «Սումգայիթը» («Ավանգարդ», 11.02.1990)։ Այդ օրը նույն ժամերին նույն բանն անում էր Սիլվա Կապուտիկյանը՝ հեռուստատեսությամբ՝ կոչ անելով ցրվել և Ղարաբաղի հարցի լուծման շարունակությունը «վստահել իշխանություններին» (տես՝ Ս. Կապուտիկյան, Էջեր փակ գզրոցներից, էջ 285-292, 294-299)։ Ո՞ւմ հավատանք՝ Զ. Բալայանին և Ս. Կապուտիկյանին, թե՞ Է. Մինասյանին։ Բայց այս ամենը մի կողմ. մի՞թե Է. Մինասյանն ինքն այդ օրը չի եղել հանրահավաքի 700.000 մասնակիցներից մեկը...
Ինչի՞ համար է կատարվել այս կեղծիքը. որ Զորի Բալայանն ու Սիլվա Կապուտիկյանն ազատվե՞ն իրենց կատարած ճակատագրական սխալից, ինչն իրենք են հետագայում ցավով խոստովանել։
Բ) «1988թ. մարտին Արցախ-Հայաստանում ավելի մեծ թափով վերսկսվեցին բողոքի բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները» (էջ 718)։
Սա կեղծիք չէ, այլ պարզ ապացույց այն բանի, որ Է. Մինասյանը, մեղմ ասած՝ չի տիրապետում նյութին։ Փետրվարի 27-ին հանրահավաքում «կազմկոմիտեն» չփորձեց հակադրվել Զ. Բալայանին և Ս. Կապուտիկյանին։ Բայց, կասկած ունենալով, թե այդ ամենը կարող է նաև խաղ լինել, մարտի 26-ը նշանակեց հաջորդ հանրահավաքի օր։ Կազմկոմիտեի կասկածները հաստատվեցին, սակայն մարտի 26-ի նախօրյակին զորք մտցվեց Երևան, Կոմիտեն թռուցիկով կոչ արեց այդ օրը տնից դուրս չգալ և Երևանը դարձնել «մեռյալ քաղաք»։ Իսկ հանրահավաքները սկսեցին միայն մայիսի կեսերից։
Գ) Ղարաբաղյան կամ հայկական ժողովրդավարական շարժման ղեկավար մարմինը՝ «Ղարաբաղ» կոմիտեն շարադրանքում հիշատակվում է երկու անգամ։ Առաջինը. «1988թ. փետրվարին ստեղծվեց շարժման կազմկոմիտե, իսկ մարտի սկզբներին՝ Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ «Ղարաբաղ» անվանումով կոմիտե» (էջ 716)։ Հետո այն չի հիշատակվում մինչև դեկտեմբեր։ Ամեն ինչ տեղի է ունենում ինքն իրեն, առանց որևէ ղեկավարության։ Կոմիտեն հիշատակվում է մեկ էլ երկրաշարժի առիթով. «Աղետի գոտու վերականգնման գործում բացասական դեր խաղացին «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարները, որոնք օգնության եկածներից պահանջում էին հեռանալ Հայաստանից։ Այդ պայմաններում ԽՍՀՄ այլ հանրապետություններից շատ կազմակերպություններ դադարեցրին իրենց աշխատանքները և հեռացան» (էջ 724)։
Սա ոչ միայն կեղծիք, այլև կեղտոտ հերյուրանք է՝ դժվար է ասել, թե ում հրահանգով հորինված։ «Ղարաբաղ» կոմիտեին, ապա ՀՀՇ-ին ամեն տեսակ մեղքերի մեջ ժամանակին մեղադրել են խորհրդային իշխանությունները, նրա ընդդիմադիր ուժերը, հակառակորդները, որոնց տասնյակ մեղադրանքներում ոչ մեկը նման բան չէր ասել։
Ապա հիշատակվում է Կոմիտեի՝ 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվելը և 1989թ. մայիսի վերջին ազատ արձակվելը։ Եվ վերջ։
Չի հիշատակվում Կոմիտեի անդամներից (Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Ռաֆայել Ղազարյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ալեքսան Հակոբյան, Դավիթ Վարդանյան, Սամսոն Ղազարյան) ոչ մեկի անունը, այն դեպքում, երբ շարադրանքը հագեցած է հարյուրավոր անուններով։ Ուսանողն այս ընթացքում տասնյակ ու հարյուրավոր անուններ պետք է իմանա. օրինակ՝ Բագրատ Ուլուբաբյանի Մոսկվա ուղարկած նամակն ստորագրած տասնյակից ավելի մարդկանց՝ իրենց պաշտոններով հանդերձ, մեկական էջ պետք է կարդա Քերոլայն Քոքսի և Ցվետանա Պասկալևայի մասին, բայց չպիտի իմանա «Ղարաբաղ» կոմիտեից և ոչ մեկի անունը։ Մինչդեռ այդ երկու տարվա պատմության առանցքը, հիմնական քաղաքական գործոնը եղել է «Ղարաբաղ» կոմիտեն։ Այդ մարդկանց ղեկավարած շարժման շնորհիվ է, որ Խորհրդային Միության հոգեվարքի ջղաձիգ ցնցումների պայմաններում հնարավոր եղավ փրկել Ղարաբաղը տեղահանության վտանգից։
Դ) Երբ անհնար է լինում շրջանցել «Ղարաբաղ» կոմիտե, Հայոց համազգային շարժում, Լևոն Տեր-Պետրոսյան անունները, դրանք ըստ հնարավորի ուղեկցվում են բացասական մի բնորոշմամբ, բացասական մի խոսքով։
Լևոն Տեր-Պետրոսյանի անունը առաջին անգամ հիշատակվում է միայն 1990թ. օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելու առիթով։ Դա շատ կարևոր մի իրադարձություն էր՝ այդ ընտրությամբ արձանագրվեց 70-ամյա կոմունիստական իշխանության ավարտը և ժողովրդավարական ուժերի հաղթանակը։ Սակայն դասագրքի հեղինակների համար դա չէ կարևորը, այլ որ այս ընտրության վրա էլ ինչ-որ ստվեր ընկնի. Լևոն Տեր-Պետրոսյանը ԳԽ նախագահ ընտրվեց՝ «երկար վիճաբանությունների, պատգամավորների զգալի մասի անհամաձայնության և հոգեբանական ճնշումների պայմաններում» (էջ 734)։
ԵՊՀ հրատարակած Հայոց պատմության դասագրքում Ղարաբաղյան շարժումից սկսած, ղարաբաղյան պատերազմի և մինչև մեր օրերի պատմությունն ամբողջությամբ կեղծված է։ Ակնհայտորեն գործել է հետևյալ հրահանգը. հնարավորինս շրջանցել, անտեսել կամ, եթե դա հնարավոր չէ՝ արժեզրկել ու սևացնել այն ամենը, ինչ կապված է «Ղարաբաղ» կոմիտեի, նրա անդամների, Հայոց համազգային շարժման, վերջինիս իշխանության, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ադրբեջանական ու թուրքական պատմագրությունը շատ ավելի հարգանքով է վերաբերում պատմական փաստերին, քան այս գրքի հեղինակները։ Հեղինակներ ասելով պետք է նկատի ունենալ հետևյալ հիերարխիկ շարքը. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան, գրքի խմբագիր Հրաչիկ Սիմոնյան, ռեկտոր Արամ Սիմոնյան, կրթության նախարար Ա. Աշոտյան, համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյան։
Եթե սա լիներ մի մարդու հեղինակային մենագրություն, կարելի էր նաև ընդհանրապես չնկատել ու չանդրադառնալ (նման աղբով լիքն է վերջին երկու տասնամյակը)։ Բայց սա պետականորեն հաստատված դասագիրք է բուհերի համար։ Ահա, պետականորեն հաստատված այս դասագրքի 1988-ից առ այսօր շարադրանքը խոտան է։ Այն այլ բան չէ, քան խորհրդային տարիներին հայտնի մի «Ագիտատորի և պրոպագանդիստի բլոկնոտ»՝ հօգուտ գործող ռեժիմի։
Եվ այս խայտառակությունը պարտադիր պետք է դասավանդվի բոլոր բուհերում, իսկ այն դասավանդող դասախոսները ակամա պետք է ստանձնեն ռեժիմի ագիտատորների ու պրոպագանդիստների դերը։
Աշոտ Սարգսյան
«Չորրորդ իշխանություն», 11 դեկտեմբերի, 2012 թ.