...

Բա դուք ինչի՞ չեք ձեր արխիվները հանում

Բա դուք ինչի՞ չեք ձեր արխիվները հանում

Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի արխիվից մի քանի ուշագրավ փաստաթուղթ էր հրապարակվել: Առաջին նախագահի նամակներն են՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի միջոցով՝ ուղղված Սերժ Սարգսյանին

Տեր-Պետրոսյանը նամակում ներկայացրել է միջազգային զարգացումները և դրանց հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Ռուսաստանի հնարավոր քայլերն այս տարածաշրջանում, իր մտահոգություններն է հայտնել Սահմանադրական փոփոխությունների բացասական հետևանքների վերաբերյալ, խնդրել, որ սահմանադրական այդ հանրաքվեն գոնե հետաձգվի: 

Գագիկ Հարությունյանն էլ Առաջին նախագահին նամակով փոխանցել է Սերժ Սարգսյանի պատասխանը: 

Նամակագրությունը 6 տարի առաջ է եղել, այսինքն՝ մինչև ապրիլյան պատերազմը, խորհրդարանական ընտրություններն ու հեղափոխությունը: Մեծ հաշվով՝ նամակում Տեր-Պետրոսյանի ներկայացրած մտահոգություններն ու կանխատեսումները, ցավոք սրտի, իրականություն դարձան:

Բայց էականն այլ բան է. որ Տեր-Պետրոսյանը չի վարանում հրապարակայնացնել այս նամակագրությունը, չի թաքցնում դա: Այդ նամակագրությունում առանձնապես սենսացիոն բան չկա, բոլորս էլ գիտենք Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը երկրի առջև ծառացած հիմնախնդիրների և մարտահրավերների մասին: Այդ նամակներում Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանից պաշտոն չի ուզում, դաշինք կազմելու առաջարկ չի անում, հողերը հանձնելու կոչ չի անում, ինչպես հետո Խորենացի փողոցում Նիկոլ Փաշինյանը ճվճվալով հայտարարում էր: Թե հայ-հարայ, հասեք, Լևոնը Սերժի հետ ուզում են Ղարաբաղը հանձնել, Լավրովի պլանը ընդունել, կապիտուլյացիային են գնում և այլն: 

Բայց Տեր-Պետրոսյանն ինչ գրել է նամակում, հիմա էլ պատրաստ է դրանք կրկնել ու պատրաստ է ամեն տողի, ամեն խոսքի համար պատասխանատու լինել:

Այսքանը ասում ենք նրա համար, որ երեկ հրապարակվել էր մեկ այլ փաստաթուղթ՝ այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որը ստորագրողներն անընդունելի էին համարել տարածքների վերադարձը ցանկացած տարբերակում՝ փոխիջումների արդյունքում, կարգավիճակի դիմաց և այլն: «Ոչ մի թիզ հող», մերն է ու վերջ: 

Ու դա ստորագրողները, որոնց թվում են իբր իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը, էն վիլսոնագետ Արա Պապյանը, պատերազմից հետո սրա մասին չեն խոսել: Բա հանեք, դուք ցույց տվեք, թե ինչ եք ասել 2015-ին, 2017-ին, 2020-ին: Ասեք՝ մենք ահա այսպիսի դիրքորոշում ենք ունեցել, մի հատ ձեր նամակագրությունից հատված հրապարակեք, ասեք՝ նայեք, մենք սենց բան ենք ասել, զգուշացրել, կանխատեսել: Չեն անի, ինչ որ ասել են, թաքցնում են: Որովհետև նույն դիրքորոշումն են հայտնել, ինչ Նիկոլ Փաշինյանը: Մեկը մեկին նույն դիրքորոշումը: Դիրքորոշում, որն ի վերջո պատերազմի հանգեցրեց ու աղետալի հետևանքներ ունեցավ: 

Բայց փոխարենը ֆեյսբուքյան պատերի տակ էլի վնգստում են Տեր-Պետրոսյանի հասցեին, թե Լևոնը հող հանձնող էր, Նիկոլը իր հոգեզավակն է, սաղ Լևոնն էր մեղավոր: Այսինքն՝ այս կապիտուլյացիայի պատասխանատուները, այս կապիտուլյացիայի համար մեղադրում են մի մարդու, որն ամեն ինչ արել է, որ այդ կապիտուլյացիան տեղի չունենա: Բա սրանք բարոյականություն ունե՞ն: Փոխանակ սսկվեն, պապանձվեն, չքվեն ընդհանրապես, ամեն տեղից, մի բան էլ իրենց ռետինի խողովակի տեղ դրած, այնպես են խոսում, կարծես իրենք չեն Նիկոլ Փաշինյանի հոգևոր եղբայրները եղել, իրենք չեն Նիկոլին դրդել ոչ մի լուծման չգնալ, ոչ մի բան չստորագրել, պատերազմի գնալ, ու մենակ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի համար իրենք իրենց պատասխանատու չեն համարում: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ