Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է. «5-րդ ալիքով իմ և Արա Պապյանի «Դեմ Դիմաց» հաղորդումը մեծ արձագանքի արժանացավ։ Իրենց հայրենասեր համարող, մեծ-մեծ փրթող, տարբեր մաստի արևմտամետներ՝ Վարուժան Կարապետյան, Վարդան Հակոբյան, Տիգրան Ա․ Կարապետյան և ուրիշներ, փրփուրները բերաններին ինձ համարում են Ռուսաստանի շահերի պաշտպան, վիրավորում, հայհոյում ամենավերջին բառերով։ Նույնիսկ ինչ-որ մեկը համոզված է, որ ես ռուսական կրթություն ունեմ։
Հ.Գ. Մոռացա նշել, որ սրանցից շատերը 2008թ․ պաշտպանում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, այսինքն կողմ էին Արցախը Ադրբեջանին նվիրելուն»:
Երկու օր է՝ Ավետիք Իշխանյանն ու ԱԺԲ-ի ներկայացուցիչները հեռակա, մոտակա, տարբեր հարթակներում իրար հետ «ռազբորկաների» մեջ են: Փողոցային բառապաշարով, գողական տերմիններով, հայհոյանքներով հարաբերություններ են պարզում, թե իրենցից ով է ավելի անբարոյական: Ով է ավելի ծախու, դավաճան, գործակալ և այլն:
Մի տեղ նույնիսկ Ավետիք Իշխանյանը, լավ տղու դերի մեջ մտած, մեկին ասում է, թե փողոցում հանկարծ ինձ ռաստ չգաս: Կարող ենք նույնիսկ այդ ռազբորկաների հղումները ներկայացնել, որ տեսնեք, թե ինչ բառապաշարով են մեր այս ազգային ուժերը հարաբերվում:
Բայց քանի որ Ավետիք Իշխանյանը լավ տղու, ճշտի «մոմենտներ» է խաղացնում, մի երկու հարց ուղղենք իրեն.
Լավ տղա, կարող ե՞ս ապացուցել, որ Վարուժան Կարապետյանը, Վարդան Հակոբյանը, Արա Պապյանը 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին են պաշտպանել:
Կարող ե՞ս ապացուցել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է եղել Արցախը Ադրբեջանին նվիրելուն:
Մինչ Ավետիք Իշխանյանը այս հարցերի վերաբերյալ «կռուտիտի» մեխանիզմներ կմշակի, մենք ընդամենը մի բան ասենք. այ, էս բոլորը՝ Ավետիք Իշխանյանի գլխավորությամբ, բարոյական ու քաղաքական իրավունք չունեն Նիկոլ Փաշինյանի հասցեին թեկուզ մի թեթև կծու խոսք ասելու: Էն, ինչ արել է և անում է, ասել է և ասում է Նիկոլ Փաշինյանը, օդից չի հնարել: Սրանց՝ Ավետիք Իշխանյան, Պապյան, Վարդան Հակոբյան, արածի ու ասածի շարունակությունն է: Ոչ մի թիզից սկսած մինչև Լևոնը ծախում էր Ղարաբաղը: Նիկոլ Փաշինյանն էր, որ ասում էր. Տեր-Պետրոսյանը եկավ իմ մոտ, ասաց՝ հողերը պիտի տաս: Հազար անգամ ասացին՝ ապացուցիր, որ նման բան է ասել: Չապացուցեց: Հո չէ՞ր ասելու, որ Ավետիք Իշխանյանից է լսել:
Հետաքրքիր բան է. էս ոչմիթիզական կոչեցյալներն իրար գզում են, իրար քրֆում, վերհանում երկուստեք անցյալները, թե ով ու երբ ինչ ղալաթներ է արել, ու էսքանից հետո Ավետիք Իշխանյանը հաջողացնում է նույնիսկ այս ռազբորկաներում կախվել Տեր-Պետրոսյանի... լավ, եկեք քրեական ենթամշակույթից զերծ մնանք:
Չնայած, սրանց բանավեճերը բա ի՞նչ են: Հենց քրեական ենթամշակույթ են, որով 25 տարի շարունակ կերակրել են մեր հանրությանը: Սրանք ե՞ն ազգայինը: Մտեք, կարդացեք սրանց գրածները:
Վերջում մի ուշագրավ օրինաչափության մասին: Շատ-շատ են խոսում սորոսականների, սորոսական գործակալների մասին, որ սաղ երկիրն իրենք քանդեցին, էս արին, էն արին: Բազմաթիվ գործիչներ կան, որոնք 3 տարի է, մենակ սորոսականներից են խոսում: Բնականաբար, իշխանական սորոսականներից: Ավետիք Իշխանյանը Սորոսի հիմնադրամի հետ մի 15 տարի է աշխատում: Այսքան ժամանակ չենք տեսել, որ առավոտից երեկո սորոսականների մասին խոսողները մի կես բերան հիշատակեն Ավետիք Իշխանյանին: Եզրակացությունները ձեզ ենք թողնում: