...

Ճիշտը ցուլն է

Ճիշտը ցուլն է

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին հունից հանել է այն հանգամանքը, որ լրագրող Թաթուլ Հակոբյանն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ վերլուծություններում հղումներ է անում Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերին, այն է, մեջբերում ենք. «Ժամանակին պետք է զիջեինք և՛ ազատագրված տարածքները, և՛ Լեռնային Ղարաբաղը»:

Այնուհետև Ավետիք Իշխանյանը նշել է. «Մի քանի անգամ ասել եմ, նորից կրկնեմ՝ ինքս լինելով «ոչմիթիզական մառազմատիկ», սրտի կսկիծով կհամաձայնեի որոշակի զիջումների՝ Արցախի անկախ կարգավիճակի դիմաց»:

«ՉԻ». Գիտե՞ք ինչ, ցանկացած կարմիր լաթ, ինչքան էլ մուգ լինի, «բորդո», արյունոտ, կատաղության այդպիսի նոպաներ չի կարող առաջացնել ցուլի մոտ, ինչպես Տեր-Պետրոսյանի անունը՝ «ոչմիթիզական» կոչվողների վրա: 

Ավելին ասենք. եթե, օրինակ, օրակարգում երկու թեմա լինի՝ Փառուխի դեպքերի վերաբերյալ և Տեր-Պետրոսյանին հիշատակելու վերաբերյալ, ոչմիթիզական կոչվողները, մի վայրկյան չվարանելով, կընտրեն երկրորդ թեման: Առաջինի մասին բառ անգամ չեն ասի: Չեն ասի-ն ո՞րն է. չեն ասել, էլի:

Ինչպես Վանոն էր ասում. սրանք երբեք չեն հաշտվելու իրենց երկրորդական, երրորդական դերի հետ: Դրա համար ցանկացած ստի ու կեղծիքի առջև չեն կանգնի: Թե երբ է Առաջին նախագահն ասել, թե պետք է զիջեինք և՛ ազատագրված տարածքները, և՛ Լեռնային Ղարաբաղը, դա Ալեքսանդրապոլի հերոսական պայմանագիրը կնքածների ժառանգները թող ասեն: Չկա նման բան, բայց դե, պետք է ասել, պետք է, բա հո չեն ասելու, թե Տեր-Պետրոսյանը միակ ղեկավարն էր, որի օրոք տարածքային ձեռքբերումներ ենք ունեցել ու մի թիզ անգամ չենք զիջել: 

Իսկ որ Ավետիք Իշխանյանն ասում է. «սրտի կսկիծով կհամաձայնեի որոշակի զիջումների՝ Արցախի անկախ կարգավիճակի դիմաց», դա էլ է ստում: Էս էն նույն մարդն է, որը 2016-ի հուլիսին ստորագրել էր այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը», որտեղ նշված էր բառացիորեն հետևյալը. «Անընդունելի ենք համարում ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող ՏԱՐԱԾՔ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԻՄԱՑ... սկզբունքը»: Սրա մասին հիմա այս մարդիկ աշխատում են շատ չխոսել, կողքով անցնել, որովհետև հասկանում են, որ հենց նման հռչակագրերով, հայտարարություններով, դիրքորոշումներով Հայաստանն ու Արցախը տարել են դեպի պարտություն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1889 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ