...

Արա Աբրահամյանը հեռուներից անկեղծացել է

Արա Աբրահամյանը հեռուներից անկեղծացել է

Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանն օրերս հարցազրույց է անցկացրել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Հենց առաջին հարցը Հակոբյանն այսպես է ձևակերպել․ «Ինչո՞ւ այսքան դաժան ու ցավալի պարտություն կրեցինք»։ Արա Աբրահամյանն էլ պատասխանել է․ «Հայրենիք հասկացությունը մեր ղեկավարությունը՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած այսօրվա ղեկավարից, ոչ մեկը իրանք ճիշտ չեն հասկացել։ Հայրենիք, ոնց կարելի է հայրենիքին վերաբերվել։ Մենք հաղթեցինք․ մենք պետք ա էդ խնդիրը շատ արագ լուծեինք։ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջինը չկարողացավ լուծել»։ Հակոբյանն այստեղ փորձում է բացատրել Աբրահամյանին՝ նշելով․ «Տեր-Պետրոսյանն ուզում էր լուծել, բայց մեր ազգը նրան համարեց պարտվողական, ասաց, որ դու լավ չես լուծում, և իրականացրեց հեղափոխություն, հեղաշրջում»։ Աբրահամյանն անդրդվելիորեն շարունակում է․ «Գիտեք ի՞նչ կա․․․հիմա ազգը ասեց, ազգը ընտրեց․․․․ հենց էդ ա խնդիրը։ Բա ինքը ի՞նչ էր մտածում, բա ինքը որ երկրի ղեկավարն էր՝ ինչո՞ւ չկարողացավ ազգին ճիշտ բացատրել, թե ո՞րն ա ճիշտը... Մենք միշտ պատճառաբանում ենք։ Բոլորը պատճառ ունեն․ Քոչարյանը պատճառ ունի՝ ինչի չլուծեց, Սերժ Սարգսյանը պատճառ ունի՝ ինչի չլուծեց, այսօրվա ղեկավարը պատճառ ունի, թե ինչու տարվեցինք։ Դրա համար այդ մարդիկ իրավունք չունեին գային դառնային ղեկավար»։

Լևոն Տեր-Պետրոսյանի մասով զառանցանքին չենք անդրադառնա։ Որպեսզի Աբրահամյանն այս իմաստով բան հասկանա՝ մինիմում նորից պետք է ծնվի, խոսել սովորի, հետո գրել ու կարդալ, ապա մի քիչ տրամաբանել։ Բայց Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասով չենք կարող լռել։ Փաստորեն այս մարդը հրապարակային հայտարարում է, որ Քոչարյանն ու Սարգսյանը նախագահ դառնալու իրավունք չունեին։ Հետաքրքիր է՝ գեթ մեկ օր Արա Աբրահամյանը, որ եղել է Քոչարյան-Սարգսյան զույգի յուրայինը, կարողացե՞լ է քաջություն գտնել իր մեջ և նրանց ներկայությամբ գոնե շատ հեռվից ակնարկել այն, ինչ այսօր հրապարակային է ասում։ Իհարկե՝ ոչ։ Հակառակը, որքան հայտնի է, նա տարիներ շարունակ թավալվել է Քոչարյանի ու Սարգսյանի ոտքերի տակ, նրանց պատվին մրցանակաբաշխություններ ու ճաշկերույթներ է իրականացրել, հոգացել է նրանց զվարճանալու և այլ տիպի ծախսերն ու դրա դիմաց «հով լռվել» է մոսկվաներում։ Խոսել ու գործել է միայն այն դեպքերում, երբ Երևանից նրա՝ խոսելու հեռակառավարման վահանակն է սեղմվել։ Ընդ որում՝ խոսել է կոնկրետ այն թեմաների մասին, որոնք նախագահականից են իջեցվել։ Դե խոսել որ ասում ենք՝ իրականում ուռճացնում ենք։ Որովհետև ամեն անգամ նրա հրապարակային ելույթներն ավարտվել են այնպիսի զավեշտալի կիքսերով, որ դարձել են հումորի դասական նմուշներ։ Եվ հիմա Արա Աբրահամյանի լեզուն սկսել է բացվել, և նա որոշել է տարիների կուտակած անհամաձայնությունը վերջապես հանրայնացնել։ Մեզ ինչ, թող Քոչարյանն ու Սարգսյանը անհանգստանան Աբրահամյանի հայտարարություններից։

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ