«Ես կոչ եմ անում պետականամետ բոլոր ուժերին, առաջինից երրորդ նախագահներին, վարչապետերին, նախարարներին, սովորական քաղաքացիներին, ում համար թանկ են մեր Արցախյան 30 տարվա շարժումը, Եռաբլուրը՝ միավորվեն: Հետո ուշ է լինելու»,- «Aravot.am»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Արդեն ուշ է։ Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ, ավելի որոշակի՝ 2021 թ․ մարտի 25-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպումը։ Տեր-Պետրոսյանն առաջարկել էր ընդունել իր կողմից կազմած հայտարարությունը, որտեղ ասված էր․ «․․․Անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»:
Ե՛վ Քոչարյանը, և՛ Սարգսյանն ուղիղ մեկ տարի առաջ մերժեցին այս առաջարկը։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև նրանց թվում էր, թե խորհրդարանական ընտրություններին հենց իրենք են ստանալու ձայների մեծամասնությունը և Փաշինյանին տուն են ճանապարհելու՝ վերստին դառնալով իշխանություն։ Այդպես չեղավ, բայց նրանք շարունակում էին վստահ լինել, թե խորհրդարանական հարթակն ու փողոցը կօգտագործեն ու կհասնեն իրենց նպատակին։ Դա էլ չաշխատեց։ Ավելին՝ ժամանակը աշխատեց Քոչարյանի ու Սարգսյանի դեմ։ Իշխանության վարկանիշից ավելի արագ սկսեց ընկնել նրանց՝ առանց այդ էլ ցածր վարկանիշը։ Եվ երբ մոտեցան զրոյին, հանկարծ հիշեցին, որ ազգն ու պետությունը վտանգի մեջ են ու նրանց կարելի է փրկել՝ միավորվելով։ Իսկ ինչո՞ւ Շարմազանովն ու նրա ընկերներն այն ժամանակ չէին պնդում, որ պետք է միավորվել, պետք է ազգային համաձայնության դաշինք ձևավորել անկախ ամեն ինչից։ Տաք էին, ու ծովը ծնկներից էր։ Արդեն ասացինք՝ համոզված էին, որ իշխանություն են վերցնելու, և մտածում էին՝ էլ ինչի՞ համար այն կիսեն ուրիշների հետ, դեռ մի բան էլ փակեն իրենց առաջնորդների վերակենդանացման շանսը։ Իսկ հիմա արդեն ուշ է, հանրային սպասելիքի պաշարը՝ սպառված։
Գոհար Վեզիրյան