Եվ այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանը, «Մտավորականների ուղերձի առիթով» հոդվածում նշում է, որ «եթե խնդրո առարկա ուղերձը ստորագրած մտավորականները, հետևելով Լեոյի իմաստությանը, ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»։
Նախագահի այս պնդմանն արձագանքում է պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը․ «Խնդիրն այն է, որ գոյություն ունի պատմականության սկզբունք, և խնդրին պետք է մոտենաս տվյալ ժամանակաշրջանի տեսանկյունից, այն ժամանակ մենք հաղթող կողմ էինք, և որևէ մեկը եթե պարտվողական կամ զիջողական դիրքերից հանդես գար, անմիջապես նրա այդ մոտեցումը կարող է այլ կերպ ընկալվեր։ Եթե ինքը, լինելով պետական այր, մտածում էր առաջին հերթին Հայաստանի Հանրապետության մասին, թող օգտագործեր այդ լծակները և խնդիրը հասցներ տրամաբանական լուծման և ոչ թե թողներ հաջորդ սերունդներին ու այսօր էլ խոսեր, որ մտավորականությունը մեղքի մեծ բաժին ունի»։
Այո՛, Աշոտ Մելքոնյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Բացատրենք։ Ուրեմն 1997-98 թթ․ և հետո՝ մինչև 2020-ի նոյեմբերը, մենք հաղթող կողմ էինք, և եթե մեր մտավորականությունը, մանավանդ պատմության անհրաժեշտությունը աշխարհական կարգերի գիտություն ձեռք բերելու և քաղաքական կարգեր սովորելու գործում գիտակցող (մեկ-մեկ Խորենացի կարդացե՛ք) պատմաբանները հանկարծ ոչ հաղթողական, այսինքն ոչմիթիզականությանը հակասող, բայց Հայաստանի և Արցախի ապագան ճիշտ պատկերող կարծիք հայտնեին, անմիջապես դավաճան կհայտարարվեին։ Դե նրանք էլ, ճիշտ Նիկոլ Փաշինյանի պես, չէին ուզում դավաճանի պիտակի արժանանալ։ Իսկ պետությունը, հայկական Արցախը բնավ կարևոր չէին, կարևորն իրենց ազգային կոչվելն էր։ Սա 1։
2-րդը։ Ահա այստեղ հիշում ենք 97-ին Կինոյի տանը հավաքված, սակայն դեռևս 20-րդ դարի 20-ականներին Լեոյի նկարագրած մտավորականներին։ Նրանց ելույթներն անմոռանալի են։ Մեկ թիրախ ունեին․ ՀՀ նախագահն էր։ Լևոն Տեր-Պետրոսյանը հանգամանորեն ներկայացրել էր իր կարծիքը արցախյան խնդրի լուծման վերաբերյալ և արժանացել Կինոյի տան մտավորականների բուռն ցասմանը։ Թե ինչ պիտակներ էին կպցնում նրան, անհնար է գրել, եթե գոնե մի քիչ բարեկիրթ ես։ Ոչմիթիզականության «մտավորական» խրախճանքը դարձավ այն հեղաշրջման հիմքը, որ կազմակերպեցին Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Այնպես որ, պրն պատմաբանն իզուր է մուննաթ գալիս Նախագահի վրա՝ հարցը չլուծելու համար։ Լ․ Տեր- Պետրոսյանի հրաժարականից հետո երջանկացել էին։ Արցախյան հարցի և երկրի հերն էլ անիծած։ Կարևորն այն էր, որ գիտնական նախագահն այլևս չէր ստվերում իրենց գոյությունը։ Ավելին, հայդատականության, ոչմիթիզականության պահանջարկը գործունեության լայն ասպարեզ էր բացել։ Եվ այդ գործունեության գագաթնակետը Սևրի պայմանագրի 100-ամյակն էր, Նիկոլ Փաշինյանի «սեփական կետը», 2020-ի պատերազմը, Հայաստանի այսօրը։
Մի բան էլ։ Ասենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցը չէր լուծել, հեռացել էր 98 թվականին։ Դուք ո՞ւր էիք մինչև 2020-ի պատերազմը։ Չէի՞ք հասկանում, որ հարցի խաղաղ կարգավորումն անհրաժեշտ է։ Ինչո՞ւ չէիք օգնում ձեր սիրելի նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Գուցե խոսեիք և ազդեիք քաղաքական գործընթացների վրա։ Եթե հասկանայիք, եթե կարողանայիք իսկապես տեսնել պատմական ընթացքը, եթե իսկապես մտավորական լինեիք, գուցե Հայաստանն ու Արցախը բոլորովին այլ վիճակում լինեին։
Վերջում նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է։ Բանավիճե՛ք Լեոյի հետ, Իսահակյանի հետ։ Չէ՞ որ ՀՀ առաջին նախագահի հոդվածում արված մեջբերման բնորոշումներից եք վիրավորվել։ Կրկնենք Իսահակյանի և Լեոյի զրույցի այն մասը, որում տրված է մեր մտավորականության բնութագիրը․ «Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը»։
Սա էլ ամեն օր քնելուց առաջ կարդացե՛ք։
Գրիգոր Խաչիկյան