...

Ուղեղ ունե՞ք` կոճակը սեղմեք

Ուղեղ ունե՞ք` կոճակը սեղմեք

Լևոն Տեր-Պետրոսյանի «Արձանագրումներից» հետո փրփրել էին իմքայլական ուսապարկերը և նրանց ընդդիմադիրները: Երեկ, երբ Նախագահն առաջարկեց պատերազմի, ազգակործան պատուհասի անգործունակության, անհամարժեքության պատճառով առաջացած ճգնաժամից դուրս գալու ելքը, կատաղի թափով ջրի երես ելան նիկոլամերձ այն շրջանակները, որոնք հուսով են, թե Ն. Փաշինյանի գլխավորությամբ անցկացված արտահերթ ընտրություններում իրենց համար խորհրդարանում տոկոսներ կապահովեն: Եվ պետք չէ այսօր ժողովրդավարության մասին սրտաճմլիկ դասեր տալ, որովհետև բոլորս էլ նույն երկրում ենք ապրում և գիտենք՝ ով ով է:

Պարզապես մեկ անգամ էլ համոզվեցինք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը երևակում է բոլորիդ բարդույթները, մանր-մունր խարդավանքներն ու տկարամտությունը:

Սակայն թողնենք, որ Նիկոլի ուսապարկերն ու արբանյակները շարունակեն նույն ոգով, քանի որ նրանց ողբը, անկեղծ ասած, ավելի զվարճալի է, քան Միքայել Մինասյանի վերլուծությունները:

Այնուամենայնիվ, տեսնենք, թե Նախագահի գրածի որ հատվածը նրանք «չեն հասկացել»: 

Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է. «... վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը»: (Լ. Տեր-Պետրոսյան. Ո՞րն է ելքը, ilur.am, 15.03.2021 թ.)

Պարզ արձանագրում է, որ հիմնավորվում է բազմաթիվ փաստերով: 

1. Այո՛, իմքայլականներն ու նրանց շեֆը, իրոք, առաջնորդվում են իշխանությունը պահելու անթաքույց մոլուցքով: Բերենք միայն մեկ փաստ. Հայաստանն ու Արցախը պատերազմի մեջ գցելու, խայտառակ պարտության մատնելու, հազարավոր զոհերի պատճառ դարձած վարչապետն ու նրա թիմակիցները բաց, առանց ամոթի նշույլի պնդում են, որ եթե պատերազմից խուսափեին և զիջումների գնային, ապա իրենց դավաճան կանվանեին: Չե՞ք հասկանում, որ այս պատուհասների միակ մտահոգությունը սեփական վարկանիշն է, և ահա այդ վարկանիշի համար նրանք երկիր են զոհաբերում: Էլ իշխանությունից կառչած լինելը ո՞նց է լինում:

2. Այո՛, իշխող ուժը չի կարող ստանձնել ընտրությունները կազմակերպելու գործը, որովհետև ոչ միայն կառավարման գրեթե 3 տարում, այլև հատկապես պատերազմի ժամանակ և հետպատերազմական շրջանում ապացուցել է, որ ստում է անդադար ու անթաքույց: Ուրեմն ինչպե՞ս կարող ենք վստահել սրանց ընտրությունները:

3. Մարտի մեկին կազմակերպած խայտառակ հանրահավաքով Նիկոլ Փաշինյանն ապացուցեց նաև, որ եթե ընտրություններն ինքն անցկացնի, չի խորշելու կեղծիքներից և բախումներից, որոնք իսկապես կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: 

Իսկ ի՞նչ ելք է առաջարկում Նախագահը. մեկ անգամ էլ կարդանք. «Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»: 

Բացատրենք հատուկ անհասկացողների համար, որոնք այստեղ Նիկոլին փրկելու տարր են տեսնում (ի դեպ, սրանք ուսապարկերի ամենամոլի հակառակորդներն են):

1. Կարծում ենք՝ շատերն են հասկանում, որ Ն. Փաշինյանն իր սեփական, անձնական վախերի պատճառով կարող է նոր աղետ բերել Հայաստանի գլխին, ուստի երկիրը դրանից փրկելու համար պետք է նրան երաշխիքներ տալ: Ուրիշ բան որոնողները ծայրահեղ մոլորության մեջ են:

2. Անկուսակցական փոխվարչապետին կառավարման լծակները փոխանցելը հակասահմանադրական ելք չէ, և եթե մեր քաղաքական ուժերը միացնեն իրենց բանականության կոճակը, կտեսնեն, որ սա իրենց ձեռնտու է: Եթե, իհարկե, միացնեն...

Գրիգոր Խաչիկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2267 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ