Փետրվարի 16-ին լսեցինք Ս. Սարգսյանի հարցազրույցի 2-րդ մասը: Կարծում ենք՝ պատկան մարմինները վաղ թե ուշ պետք է լրջորեն քննեն ՀՀ երրորդ նախագահի հրապարակած փաստերի իսկությունը, հատկապես այն փաստերի, որոնք վերաբերում են բանակի մինչպատերազմական և պատերազմական խնդիրներին: Եվ քանի որ սրանք պահանջում են իրազեկ, ռազմական, տնտեսական ոլորտը լավ իմացող մասնագետի վերլուծություն, կանդրադառնանք միայն քաղաքական որոշ շեշտադրումների, որոնք, համոզված ենք, արժանի են մեր ընթերցողների ուշադրությանը:
1. Բումերանգ
1. Սերժ Սարգսյանն ասում է, որ «հայկական պաշտոնյայի բնավորությունից ելնելով»՝ ՊՆ գնումների պլանը փոխվեց: Այսինքն՝ հայկական պաշտոնյան ձգտում է ինքնահաստատվել՝ նախորդների պլանը կամ ծրագիրը փոխելով: Սերժ Սարգսյանը, ի դեպ, ողջ հարցազրույցի ընթացքում է մեղադրում Ն. Փաշինյանին՝ նախորդների արածը ջուրը լցնելու, արցախյան խնդրին քաջատեղյակ նախկին պաշտոնյաների կարծիքը հաշվի չառնելու, փորձված զինվորականներին ասպարեզից հեռացնելու համար: Եվ իհարկե, նա ճիշտ է: Ճիշտ է բնութագրում նաև հայկական պաշտոնյային: Այո՛, Ն. Փաշինյանն իրեն հատուկ ամբարտավանությամբ որոշեց ամեն ինչ սկսել ի՛ր կետից, վիժեցրեց բանակցային գործընթացը, փչացրեց հարաբերությունները դաշնակից երկրի հետ: Այո՛, նա անհեռատեսությամբ, թեթևամտությամբ գերազանցեց նախորդներին, այո՛, ապիկար իշխանավորների, նրանց անգործության պատճառով զոհվեցին հազարավոր երիտասարդներ, թշնամուն անցան տարածքներ, և մենք այսօր պարտված ազգ ենք: Սակայն հայկական պաշտոնյայի այս կերպարի «ծնողները» Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են:
1998-ի պալատական հեղաշրջումից հետո նրանք ամեն ինչ արեցին, որ հասարակության հիշողությունից ջնջեն Արցախյան առաջին պատերազմի Գերագույն գլխավոր հրամանատարին, ավելին, նրան, նրա նվաճումները ներկայացնեն որպես պարտվողական, ապազգային, դավաճանական: Եվ սրա համար գործի էր դրվել ողջ քարոզչամեքենան: Ատելություն էր ներարկվում նախորդների, հատկապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի նկատմամբ, որի նվաճումներն իրենք մսխում էին 20 տարի շարունակ:
Մի զավեշտաողբերգական գործ սարքեցին Վանո Սիրադեղյանի «վրա» և հեռացրեցին քաղաքական ասպարեզից:
Հետո հենց իրենց հլու-հնազանդ ԱԺ-ն քննեց տարիներ շարունակ ծամծմվող «մազութի գործը» և ոչինչ չգտավ:
Այնքան էին մանրացել, որ հատկապես Արցախյան հաղթանակին վերաբերող փաստագրական տեսանյութերից էին ջնջում ՀՀ առաջին նախագահի պատկերը:
Իսկ հիմա Ս. Սարգսյանը վրդովվում է, թե Ն. Փաշինյանը նախորդներին բանի տեղ չի դնում: Բումերանգ է, պարո՛ն Սարգսյան: Սույն ապիկարը ձե՛ր աշակերտն է:
2. Հանրապետության գլուխը
Սերժ Սարգսյանը պնդում է, որ հանրապետության գլուխը ՀՀ նախագահն է: Ստացվում է, որ մեր երկիրն ընդամենը ձևական, արարողակարգային գլուխ ունի, գլուխ-դեկորացիա: 2015-ի պատուհաս Սահմանադրությամբ, որ «ընդունվել էր» հենց Ս. Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար, պետության իրական ղեկավարը, որքան հիշում ենք, վարչապետն է: Գուցե ՀՀ երրորդ նախագահը, սա ասելով, ինչ-որ ակնարկ է անում Արմեն Սարգսյանին: Բայց քանի որ հաստատ ոչինչ չգիտենք, չենք պնդում, որ ՀՀ դեկորատիվ նախագահը կարող է օգտագործել իր իրավասությունները և, օրինակ, չստորագրել, Սահմանադրական դատարան ուղարկել որոշ խնդրահարույց օրենքներ: Ի՞նչ իմանաս: Այնուամենայնիվ, նշենք, որ գործող Սահմանադրությամբ մենք ստացանք կաշկանդված, խղճուկ նախագահ, գրեթե անվերահսկելի վարչապետ, ագրեսիվ-հլու խորհրդարան: Հիմա հաստատվում է 2015-ին հնչող այն մտավախությունը, թե այս փաստաթուղթը մեր պետականության տակ դրված ռումբ է: Սերժ Սարգսյանը չի՞ զղջում...
Ամփոփելով ասենք, որ Ս. Սարգսյանին հաջողվեց երկու երեկո մեզ պահել էկրանների մոտ և ստիպել, որ ուշադիր լսենք իրեն: Ափոսում ենք, որ իր իշխանության տարիներին այսպես չի ներկայացրել արցախյան հիմնախնդիրը: Եվ մի բան էլ մեջբերենք Ն. Փաշինյանի սիրած ֆեյսբուքից: Օգտատերերից մեկը գրել է. «Նիկոլի ֆոնի վրա Սերժը Հեգելն է»:
Գրիգոր Խաչիկյան