...

Ձերը «օջախի» շահն է, Լևոնինը՝ պետության

Ձերը «օջախի» շահն է, Լևոնինը՝ պետության

Անասելի տագնապի ու ցավի այս օրերին ոմանք հարց են տալիս՝ ինչպե՞ս մարսեցինք պարտությունը, ավելի ճիշտ՝ ինչպե՞ս հանդուրժեցինք այն բերող իշխանությունը, իշխանավորին: Ինչո՞ւ են մարդիկ դեռ պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, որի հրեշավոր գործունեությունը դարձավ մեր զավակների զոհաբերման, Արցախի փաստացի կորստյան պատճառը: Ինչպե՞ս հանդուրժեցինք նրա սուտը, բացառիկ լկտիությունը: Եվ վերջապես, ինչո՞ւ ինքը՝ Ն. Փաշինյանը, չհեռացավ իշխանությունից խայտառակ պարտությունից հետո՝ վտանգելով բոլորիս կյանքը: Չէ՞ որ նա պարտության դեմքն է, և հիմա բոլորս այդ դեմքով ենք ներկայանում աշխարհին...

Այո՛, իշխանությունն այլասերում է, և քչերն են ինքնակամ հրաժարվում դրանից: Հրաժարվում են՝ գիտակցելով երկրի շահը, հրաժարվում են՝ պահպանելով սեփական արժանապատվությունը: Բայց սա այդ դեպքը չէ:

Ո՛չ նա, ո՛չ էլ Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը չգիտակցեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական զգուշացման ճշմարտացիությունը: Իսկ նա ասել է. «Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»: Եվ սրա ապացույցները տեսնում ենք ամեն օր: Ուրեմն ինչո՞ւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, չի հեռանում, ինչո՞ւ նրա զինակիցների մեջ չգտնվեցին նորմալ մարդիկ, որ հանուն երկրի, հանուն պետության շահի՝ կնպաստեին հեռացմանը:

Պատասխանը բնավ բարդ չէ: Ուղղակի չկա երկրի շահի գիտակցում, որովհետև չկա պետության գիտակցում: 

Հրաշալի լրագրող, մտավորական Արամ Աբրահամյանը մի անգամ մոտավորապես այսպիսի միտք է հայտնել. 90- ականների սկզբին մեր իշխանությունը մտածող էր, արկածախնդիր չէր, որովհետև հասարակության կրթական ցենզն էր ավելի բարձր, իսկ հետո այդ մակարդակն ընկավ, դրա համար էլ մենք ընտրեցինք արկածախնդիրների:

Փորձենք առարկել: Ճիշտ է, այն ժամանակ բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ մենք ունեցանք իշխանություն, որի ոսկերչական աշխատանքի շնորհիվ նորանկախ, բազմաթիվ ծանր հիմնախնդիրներ ունեցող Հայաստանը հաղթեց պատերազմում: Կրկնենք՝ այն ժամանակ իսկապես ոսկերչական աշխատանք էր պետք: Այդ իշխանությունը դիմացավ ներքին և արտաքին լարվածությանը, այդ իշխանությունը երբեք բարձրագոչ ճառերով հանդես չեկավ, չգովազդեց իր հաջողությունները: Դրա համար ժամանակ չուներ, նաև համարում էր, որ կարիք չկա: Սակայն հենց հաղթող, աշխատող իշխանությունը երկրի ներսում, հատկապես մտավորական շրջանակներում դարձավ անհանդուրժելի: Լևոնին, Վանոյին, Վազգենին ամենից թունդ հայհոյում էին բավական բարձր կրթական ցենզ ունեցող հայ մտավորականները, որոնք ոչ մի կերպ չէին հաշտվում կենցաղային անհարմարությունների հետ: Մազութը «լափելու», էլեկտրաէներգիան հողանցելու մասին խոսակցությունները ժողովրդի մեջ տարածվեցին հենց նրանց միջոցով: Մնացած տխմարությունները, որ հատիկ- հատիկ հիշում ենք, գրելու բան չեն: Այդ մարդիկ չէին հասկանում, որ մենք անկախ երկիր ենք, այդ մարդկանց մեծ մասը մինչ օրս Լևոնին է մեղադրում «Սովետի պես գյոզալ երկիրը քանդելու» համար: Ահա, տեղ հասանք:

Անկախ Հայաստանն առաջին օրերից պատերազմի մեջ էր, անկախ Հայաստանի իշխանությունն աշխարհով մեկ չէր կարող գոռալ, որ պատերազմող կողմ է, որովհետև Արցախին կարգավիճակ էր պետք նաև բանակցային սեղանի մոտ և այլն: Իսկ բարձր կրթական ցենզ ունեցող մարդիկ այս պարզ բաները չէին հասկանում և երանությամբ հիշում էին Խորհրդային կայսրությունը: Հենց այդ մարդիկ չընդունեցին անկախ Հայաստանը, հենց այդ մարդիկ հետո համակերպվեցի Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի վասալական իշխանության հետ: Նրանց ձեռնտու էր ուռա- հայրենասիրությունը օտար երկրի հովանու տակ: Իսկ նրանց կրթած, աճեցրած սերունդը, իհարկե, պետք է գերազանցեր նախնիներին և հանդուրժեր Նիկոլ Փաշինյանին՝ մի գաղափարազուրկ ստախոսի: Իսկ սուտը հանդուժում են, որովհետև սովորել են դրան տարիներ շարունակ: Ն. Փաշինյանին հանդուրժում են նաև, որովհետև նա էլ շատերի պես չունի պետության գիտակցում: Հիշո՞ւմ եք Երևանով մեկ փակցված պլակատները՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է: Օջախ է, ոչ թե պետություն: Եվ ահա այս գավառական, ռաբիս արտահայտություններով ու գաղափարներով նա հասկանալի է, մատչելի: Այս ռաբիսն են արդարացնում «շարքային» քաղաքացիները և կրթական ցենզ ունեցող մարդիկ:

Այսպես, Ն. Փաշինյանի թիմում, կառավարության մեջ կան կրթական բարձր ցենզ ունեցող մարդիկ, որոնք գիտակցում են վտանգը, սակայն նրանցից ոչ մեկը չի ուզում հրաժարվել իր պաշտոնից կամ պաշտոնիկից: Լավագույն օրինակը ԿԳՄՍ նախարարությունն է... 

Ինչպես տեսնում ենք, կրթական ցենզը կապ չունի, որովհետև Հայաստանում անգամ գիտությունների դոկտորներն ու թեկնածուները չեն կարողանում, իսկ ավելի ճիշտ՝ չեն ուզում տարբերակել կարևորն անկարևորից: Մանր շահերը հաղթում են, որովհետև մերը մեր տունն է, ընտանիքը: Իսկ պետությունը մերը չէ, Լևոնինն է: 

Գրիգոր Խաչիկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ