...

Իսկ ո՞վ պետք է մտածի

Իսկ ո՞վ պետք է մտածի

Իսկ ով ասաց, որ մտավորականը պետք է մտածի`

Ա. Հայրենիքի,

Բ. Երկրի և ազգի ապագայի,

Գ. Համաշխարհային խառնակության մեր բաժինը հաղթահարելու,

և բազում այլ մարտահրավերների մասին, որոնց, ամեն լույս առավոտ, աչքներս բացելով ու երեկո` քուն մտնելով, բոլորս բախվում ենք ու մտածում… մեր հնարավորությունների սահմանում:

Իսկ ով ասաց, որ մտավորականը ունակ է մտածել: Ով ասաց, որ մտավոր-ական ձևակերպումը գործառույթ է, ֆունկցիա, ունակություն ու եթե մեկին հորջորջեցին մտավորական, նա այլևս այդպիսին է դատապարտված լինել:

Մեր հնարավորությունների սահմանում: Սա ընդգծենք նորից: Չէ որ այնպես չէ հաստատ, որ երբ մենք ենք բախվում մարտահրավերների և կամա-ակամա մտածում, դա հենց ՄԻՏՔ է, կամ ՄԻՏՔՆ է: 

Հայոց Ութսունի հայտարարության մի հիմնասյունը` ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն, օրինակ, հայտարարել է, թե 1994-ին մենք հաղթած կողմ ենք եղել, և մտավորականներն այլ բան չէին կարող ասել: Իրենց ճիշտ չէին հասկանա։ Մտածել է ու հայտարարել: Ավելին, մտածել է, քանի որ կյանքն այսօր մարտահրավերներ է նետում և պետք է պատասխաններ տալ դրանց:

Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ուզում է ասել, որ երբ ՀՀ Նախագահը` Տեր-Պետրոսյանը «Պատերազմ կամ խաղաղություն. լրջանալու պահը» հոդված էր հրապարակում` քննարկման դնում և քաղաքական ուժերը, հասարակությունն ու հատկապես մտավորականություն համարվող հատվածը բուուուուու էին անում ու ոչ մի թիիիիիզ ոռնում և մոլորեցնում ժողովրդին և ուր էր, թե միայն ժողովրդին, դա… այն պատճառով էր, որ մենք հաղթած պետություն էինք: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` պարտված Նախագահ: Իսկ Վանո Սիրադեղյանը` պարտված ոստիկանապետ: Այսինքն` Բաքուն պիտի գրավեին իրենք, Վանոն ու Լևոնը չթողեցին: Եվ դրա համար էլ Հայաստանում տեղի ունեցավ իշխանության բռնազավթում Բաքուն գրավողների կողմից, ոչ-մի-թիզականների կողմից, որոնք… Բաքուն չգրավեցին իհարկե… Բայց նրանց պաշտպանած և նրանց պաշտպանյալ մտավորականությունը, գիտնականները դարձան գիտական-կրթական-մշակութային-մտավոր կառավարիչներ: Օրինակ` Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ ՀՀ ԳԱ նախագահ, իսկ Աշոտ Մելքոնյանը` պատմության իսնտիտուտի տնօրեն: Թե հետո ինչու ոչ միայն Բաքուն չգրավեցին, կամ գոնե Քռի ափին չմոտեցան, կամ գոնե կայուն խաղաղության իրենց մոդելով պայմանագիր, որևէ կայուն պայմանագիր չստորագրեցին թշնամու հետ Ռոբերտ Սեդրակիչն ու Սերժիկ Ազատիչը` թող Ռադիկը, Աշոտը և մնացած յոթանասունութը ասեն: Վազգեն Սարգսյանը պատասխան չի տա` նրան սպանեցին, եթե հիշում է պատմության ինստիտուտի ակադեմիկոս-տնօրենը: 

Թե ինչու հաղթած երկրի հաղթած մտավորականությունը, իր ձեռքերում ունենալով այլևս հաղթած գիտա-կրթական համակարգ, տանուլ տվեց կրթությունը և գիտությունը և տգիտությունը թրենդ սահմանեց այս երկրում` մեր այդ մտավորականները հաստատ պատասխան կունենան` իրենք են կառավարել այդ կործանումն էլ:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզ համար բացարձակ հաղթական ելքով լուծում չուներ և հիմա էլ չունի: Դրան Աշոտ Մելքոնյանը հակադարձում է, թե՝ Տեր-Պետրոսյանն էլ մտավորական է, իշխանություն ուներ, թող լուծեր հարցը։

Տեր-Պետրոսյանն, այո, մտավորական էր և է: Եվ վերոնշյալ մտավորականությունը լուրջ հոգեբանական խնդիր ուներ այդ առումով: Հենց այդ պատճառով էր, որ կատաղած թռան նրա երեսին, առաջ ընկան քաղաքական գործիչներից էլ, շարքային քաղաքացիներից էլ: Քանի որ աներևույթ թվացող մի ինչ-որ թել, կամ լար իրենց` մտավոր-ական հորջորջվածներին անհաղթահարելիորեն առանձնացնում էր մտավորականներից` լուրջ մտավորականներից, եզակիներից: Իսկ Տեր-Պետրոսյանը հենց դրանցից էր: 

«Պատերազմ կամ խաղաղություն. լրջանալու պահը» հայեցակարգը պիտի կարգին, հիմնավոր, լուրջ քննարկման դրվեր, պիտի ծամվեր ու կերցվեր հանրությանը պատառ առ պատառ – դա ժամանակ ու ռեսուրս էր ուզում: Դա պետք էր անել: Պետք էր անել եզակիների, հազվագյուտների միջոցով, որոնց խոսքը, տրամաբանությունը, ճշմարտության անողոք ձևակերպումը հարցը կարող էին լուծել, պետք է լուծեին: 

Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ և այդ դեպքում հասարակության ու մտավորականության շարքերից դուրս կբերեր միավորների` մարդկանց, որոնց եզակիների խմբակը` խումբ, խումբը գուցե կոհորտա ու լեգիոն կդարձնեին ու դա պետք էր անել: Բայց հաստակող զինյալ գավառամտությունը` քաղաքական դաշտում, նրան թիկունք` հարցը ջրելու` ռուս-ամերիկյան մրցակցությունը և հանուն նավթի` Բրիտանիայի անխոնջ ջանքերը, բայց… մտավոր-ականության «ոռնոցը»… 

Եվ ահա, Սերժին ու Ռոբին իշխանության բերած ու ամրապնդած մտավոր-ինտելեկտուալ պոտենցիալը, այսօր հայտարարագրեր է տարածում ու աշխարհին կոչեր անում: Ու անցյալի մասին, անխելքի անամոթություն ունենում ասել, թե մենք հաղթած էինք…

Եվ ես նորից եմ հարց տալիս: Հռետորական հարց: Իսկ ով ասաց, որ մտավորականը պետք է մտածի: Չէ՞ որ մտածելու կարողություն նախ պետք է ունենալ: Չէ՞ որ ութսուն ստորագրությամբ հայտարարության միակ իմաստը օրերից մի օր քաղաքական դարձյալ մի արկածախնդրության մեջ դուրս լողալն է, թե ԿԱ ահա մի փաստաթուղթ Արցախի ԱԺ հայտարարությանն ի պաշտպանություն: Ի դեպ, վերջինիս իմաստը էլի նույն կարգի է: Պարզապես, եթե մի օր ռուս խաղաղապահների, Արցախի, Ադրբեջանի միջև «հայանպաստ» փոփոխություններ գրանցվեն, թղթավարական, փաստաթղթային հիմքեր են պետք գալու, որ ոչ Սերժիկը, ոչ Ռոբիկը, ոչ Բակոն ու Արկադին, ոչ Ռադիկն ու Աշոտը երկար ու ձիգ քսանհինգ տարում չէին մտածել մոգոնել: Հաղթած էին: Իսկ եթե չգրանցվեն... Հայի բախտ էր: Մտավորական հայի:

Ա. Հ.
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ