...

Թե ոնց եղավ, որ այսպես եղավ

Թե ոնց եղավ, որ այսպես եղավ

Ինչպես Պետրոս Ղազարյանն ասաց, Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցը բուռն արձագանքներ է ունենալու: Այսինքն՝ Տեր-Պետրոսյանի ո՞ր խոսքը չի արժանացել բուռն արձագանքների: 
Բայց մենք կցանկանայինք անդրադառնալ Նախագահի հարցազրույցում բարձաձայնված թեմաներից մեկին՝ մտավորականության խնդրին: Հանրային կյանքում մտավորականության դերին ու նշանակությանը, նրա տեղին ու դիրքին: 

Մտորելով այս հարցի շուրջ՝ մի զարմանալի եզրահանգման եկանք. մենք մտավորականության կայացած ու զարգացած խավ ունեցել ենք միայն պետականության բացակայության պայմաններում: Այլ կայսրությունների հովանու ներքո հայ մտավորականությունը բավական մեծ դեր է խաղացել հանրային կյանքում: Օսմանյան կայսրությունում, Ցարական Ռուսաստանում, Խորհրդային կայսրությունում: Եվ հենց խորհրդային կայսրության օրոք ձևավորված մտավորականության խավն էր նաև կանգնած ղարաբաղյան շարժման ակունքներում, առաջին դիրքերում: 

Բայց հենց պետականություն ձեռք բերեցինք, մեր մտավորականության մի մասը, միգուցե՝ մեծ մասը, 180 աստիճանով տրանսֆորմացվեց, ու սրանք մեր անկախության, պետականության դեմ ատելության արշավ սկսեցին: Պատճառը շատ պարզ էր. որովհետև նոմենկլատուրային մտավորականություն էր: Այսինքն՝ խորհրդային կայսրությունը սրանց բտում էր, կերակրում, պարգև ու կոչում տալիս, սրանք էլ փառաբանում էին կայսրությանը: Դա նրանց կենսակերպն էր: 

Ու երբ Անկախություն ձեռք բերեցինք, սրանք մտածում էին, որ նույն կենսակերպն է լինելու: Պարզվեց, որ ոչ: Պետությունն ասաց՝ այժմ դուք անկախ եք, պետք է ինքնուրույն գործեք, արարեք, գտնեք ձեր տեղը հասարակական կյանքում: Ոչ թե պետությունն է ձեր համար, այլ դուք եք պետության և հասարակության համար: 

Արդյունքում այն խավը, որը պետք է լիներ հասարակության ավանգարդում, հայտնվեց հասարակության ամենավերջին շարքերում ու սկսեց կատաղի մոլուցքով հանրությանն էլ ետ քաշել, թույլ չտալ, որ հանրությունն առաջ գնա, զարգանա: Տգիտությունն ու նյութապաշտությունն այս խավի շարժիչ ուժն էր դարձել: Մի լուսավոր բան էին տեսնում, վրա էին տալիս: Բանականությանը պատասխանում էին մաղձով, ողջամտությանը՝ տհասությամբ, շիտակ խոսքին՝ զառանցանքով: Ու էս խավը քաղցկեղի պես մետաստազներ տվեց մեր հանրային-հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքական, հոգևոր, կրթական: 

Ու հենց մտավորական կոչվող այս խավն է, որ Անկախություն ձեռք բերելուց հետո 30 տարի շարունակ ոչնչացրել է պետականության, ազգային նոր մշակույթի, անկախության նոր սերնդի ձևավորման ծիլերը: Երբ որ պետք է փայփայեր: 30 տարի շարունակ քարկոծել ու հետապնդել է մեր հասարակական-քաղաքական կյանքում առավել մեծ դերակատարում ունեցող մտավորականներին, հասարակական գործիչներին: Սպանեցին Տիգրան Հայրապետյանին, աքսորեցին Վանո Սիրադեղյանին, ընկել էին Հրանտ Մաթևոսյանի ետևից, Լևոն Տեր-Պետրոսյանի մասով... ինքներդ եք տեսնում, թե ինչ է կատարվում: Այո, Տեր-Պետրոսյանը պետական-քաղաքական գործիչ է, բայց նա վառ ընդգծված մտավորական մարդ է: Մենք կարող ենք ասել՝ մեր ամենափայլուն մտավորականներից մեկը: Ու խավարամիտների, չկայացածների մի ամբողջ բանակ անասնական ատելությամբ լծված է այս մարդկանց գործը, անունը, ժառանգությունը սմբակների տակ կոխկռտելով: 

Ընդ որում՝ անիմաստ գործ է: Դրանից ոչ ձեր տգիտությունն է վերանալու, ոչ էլ՝ դուք էլ արժևորվելու: Ոնց եղել եք հանրության խորդանոցում, որպես անպետք իր, այդտեղ էլ մնալու եք: Ամենաշատը հագուրդ եք տալու ձեր անասնական կրքերին, ինչի համար գնացել, էսօր Քոչարյանի տակ եք մտել: Ինչո՞ւ մտան. որովհետև Քոչարյանն այն մարդն էր, որը սրանց նորից նոմենկլատուրային դարձրեց, կերակրեց, բտեց, կոչում ու պարգև բաժանեց: Հիմա հույս ունեն, որ Քոչարյանը գա, էլի իրենց կերակրելու է, նորից պալատական մտավորականություն է ստեղծելու: 

Հ.Գ. Դուք ուշադրություն դարձրել ե՞ք, թե 2020 թվականի աղետալի պատերազմից հետո սոցցանցերում, կայքերում, հասարակական-քաղաքական կյանքում, բանավեճերում ամենաշատը ում են հիշատակում, ում խոսքերն են մեջբերում, ներկայացնում. Վանո Սիրադեղյանին, Տիգրան Հայրապետյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Լեոյին, Չարենցին, Մահարուն, Հրանտ Մաթևոսյանին.... 

Մինչ դուք կմտածեք, թե դա ինչից է, հաջորդ հարցը տանք. իսկ դուք երբևիցե տեսե՞լ եք, որ հիշատակեն, մեջբերեն Ալվարդ Պետրոսյանի, Ռազմիկ Դավոյանի, Հենրիխ Իգիթյանի, Էդիկ Մինասյանի, Գուրգեն Խանջյանի, Հովիկ Հովեյանի, Վիոլետ Գևորգյանի ու էս կարգի դեմքերի խոսքերը: Իհարկե՝ ոչ: Որովհետև հնարավոր չէ մեջբերել մի բան, որը չկա, գոյություն չունի: Այս մարդիկ ասելիք չունեն, չեն ունեցել, որ մենք դա հիշենք ու մի հատ էլ մեր սերունդներին փոխանցենք: Իրար ետևից բառեր և բառակույտեր շարելը դեռ ասելիք չէ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1593 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ