...

Լևոնաֆոբիայի պատճառները

Լևոնաֆոբիայի պատճառները

Մինչ բուն նյութին անցնելը սեղմ ներկայացնենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Ո՞րն է ելքը» առաջարկը, որովհետև մեր քաղաքական կյանքում վատ սովորություն կա. աղմուկի մեջ մոռանում ենք կարևորը: 
Եվ այսպես, նախագահը, պնդելով, որ իշխող ուժը չպետք է անցկացնի արտահերթ ընտրություններ, առաջարկում է.

«Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»:

Ահա այս պարզ ելքին է վերաբերում վերջին օրերի անասելի հարայ-հրոցը, որի գլխավոր դերում իշխող ուժը և նրա արբանյակները ներկայացնող մարդիկ են: 

Նշենք, որ սա նույնպես հին հայկական սովորույթ է: 1990-ականներից սկսած՝ մեր քաղաքական և մերձքաղաքական գործիչների հիմնական զբաղմունքը եղել է Տեր-Պետրոսյանին հակաճառելը, ինչն ունի նեղ հոգեբանական և «տնտեսական» շարժառիթներ: Բայց թողնենք սրանց հոգեկան բարդույթները և անդրադառնանք «տնտեսական» շահին:

1. Մինչև 1998 թվականը Հայաստանում լույս տեսնող բազմազան թերթերի մեծ մասն ընդդիմադիր էր, հետևաբար այստեղ հանդես եկող վերլուծաբաններն ու քաղգործիչները վճարվում էին նախագահին հակաճառելու, ավելի հաճախ՝ հայհոյելու, բնության և հասարակության օրենքներին հակառակ, բացարձակապես անտրամաբանական մտավարժանքների համար:

2. 1998-ից հետո Ռոբերտ Քոչարյանի բարեհաճությանն արժանանալու նպատակով այլևայլ քաղգործիչներ անում էին նույնը: Լ. Տեր-Պետրոսյանն այլևս իշխանություն չէր, բայց մեր քաղաքական դաշտի մեծագույն հատվածն ընդդիմանում էր նրան: 

3. Գրեթե նույնն էր Սերժ Սարգսյանի օրոք՝ չհաշված 2007-2010 թվականները, երբ ոմանք Լևոնին հայհոյողներից վերածվեցին թունդ լևոնապաշտների, որովհետև նախագահի՝ քաղաքական դաշտում հայտնվելը ծանրակշիռ հայտ էր, որովհետև նրա կողքին լինելը միանգամից բարձրացնում էր ոմանց չեղած հեղինակությունը: Կարճ տևեց: 2012 թվականից հետո մեր պատեհապաշտները վերջնականապես հասկացան, որ հույսներն ի դերև են ելել (քյար չունեն), և հուշիկ քայլերով կամ շռնդալից լքեցին Տեր-Պետրոսյանի աջակիցների շարքերը: Լքեցին և անցան հին գործին: Չէ՞ որ ընտանիք պետք է պահեին, տուն, երեխա...

Եվ ահա այս հին հայկական սովորույթը շարունակվում է. ներկա ազգակործան վարչապետի հետ ապագայի հույսեր կապողներն անխնա քննադատում են ՀՀ առաջին նախագահին: Ի՞նչ են ասում.

1. Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է այն ելքը, որն ինքն էր ընտրել 1998-ին (Վասակ Դարբինյան, Վիգեն Խաչատրյան, ոմն Ղևոնդյան և այլք): Սրանք պնդում են, որ նախագահի այն ժամանակվա հրաժարականը դարձավ 20-ամյա մղձավանջի պատճառ: Այսինքն՝ 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանը և նրան սատարող ուժերը պետք է տեռոր իրականացնեին Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բանակն ու ժողովրդին մաս-մաս անեին, Հայաստանն ու Արցախը, հանուն իշխանության, գցեին քաղաքացիական պատերազմի կրակների մեջ: Կա՞ այստեղ որևէ տրամաբանություն, կա՞ երկրի, պետականության գիտակցում: Իհարկե, ո՛չ: 

2. Սույն քննադատները շա՜տ են վիրավորվել նախագահի այն պնդումից, որ ներկա իշխանությանը չի կարելի վստահել ընտրությունների անցկացումը: Այնինչ Լ. Տեր-Պետրոսյանը զգուշացնում է. «... նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը»:

Այս զգուշացումը զգայական գնահատական չէ: Մեր հասարակությունը և քաղաքական ուժերը դեռ 98-ին են ապացուցել իրենց կարճատեսությունը և թեթևամտությունը՝ չանսալով նախագահի խոսքին: Հիմա էլ նրա պնդումը հիմնավորվում է թե՛ ներկա իշխանության նախապատերազմական և հատկապես հետպատերազմական վարքով (անգործություն, մեղմ ասած՝ անհեռատեսություն, դատարկամտություն, պատերազմից հետո՝ բացառիկ անամոթություն, սեփական մեղքը չընդունելու լկտիություն), թե՛ այն պայթյունավտանգ վիճակով, որ կա այսօր Հայաստանում և տարածաշրջանում: Ներկա իշխանությունը կեղծելու է ընտրությունները ճիշտ այնպես, ինչպես կեղծում էր պատերազմը, ինչպես կեղծեց մարտի մեկի հանրահավաքը: 

3. Կա քննադատների փոքրաթիվ, բայց ամբիցիոզ մի խումբ, որ պնդում է, թե ներքաղաքական օրակարգը կեղծ է, և մենք պետք է մտածենք տարածաշրջանային խնդիրների մասին: Օրինակ՝ առաջ են քաշում հայ-թուրքական հարաբերությունների դիսկուրսը՝ փորձելով համոզել, թե կարևորը սա է: Անշուշտ, կարևոր է: Բայց ավելի կարևոր է այն, թե ով է հանդես գալու Հայաստանի անունից: Ամեն ինչում ձախողված վարչապետը չի կարող երկիր ներկայացնել: Նա նոր աղետներ է բերելու մեր գլխին: Ակնհայտ է, որ սրանց էլ պետությունը չի հետաքրքրում:

Եզրակացնենք. 

1. Լևոն Տեր-Պետրոսյանի «Ո՞րն է ելքը» առաջարկի դեմ աղմուկ բարձրացնողները մտահոգված են միայն սեփական անձի մասին: 

2. Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ խփել է ուղիղ թիրախին:

Գուցե այս անգամ չկորցնենք լրջանալու պահը:

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   2050 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ