...

Անմեղսունակության արդարացում - 1

Անմեղսունակության արդարացում - 1

Փաշինյանական իշխանության քարոզիչներին կարելի է բաժանել 2 խմբի՝ բացահայտ և թաքուն: Թաքունների դերն ստանձնել են որոշ լրագրողներ և խիստ «ինտելեկտուալ» վերլուծաբաններ: Ուզում ենք ձեզ ներկայացնել նրանց գաղափարներից մեկը և ցույց տալ տրամաբանական սխալները: 

1. Իրենց արևմտամետ հորջորջող վերլուծաբանները, դատողություններ անելով պատերազմի և նրա հետևանքների մասին, պնդում են, որ Հայաստանից գրեթե ոչինչ կախված չէր: Պարտությունը ռուս-թուրքական դավադրության արդյունք էր: Ընդ որում, ասում են, որ սրա համար մեղավոր են նախկին իշխանությունները, քանի որ երկրի ճակատագիրը կապել են Ռուսաստանի հետ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ոչ մի մեղք չունեն: Խոսում են ՀՀ սուբյեկտայնության մասին, սակայն հենց իրենք են բացառում այն, որ մեր պետությունը նորմալ իշխանություն ունենալու դեպքում չէր կորցնի գործոն լինելու հնարավորությունը: 

2. Որոշ նիկոլամետ վերլուծաբաններ ջանք ու եռանդ չեն խնայում հասարակությանը համոզելու, թե պատերազմն անխուսափելի էր: Այստեղ նրանց և նախկինների քարոզչությունը գրեթե համահունչ է, որովհետև արդարացնում է ոչմիթիզականության կործանարար քարոզչությունը և սեփական անգործունակությունը:

3. Խիստ «ինտելեկտուալները» հանդես են գալիս հետևյալ պնդումով. մեր այս ներքին կռիվը բնավ կարևոր չէ, որովհետև Հայաստանը արտաքին լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած, 2016-ից սկսած՝ պատերազմը չի ավարտվում: Իսկ հետո ավելացնում են, որ երկրում իշխանությանն արժանի ուժ չկա, բոլորը վարկաբեկված են: Ամենահետաքրքիրը սույն պնդման վերջաբանն է. իշխանություն կամ վերնախավ ձևավորելու իրավունք ունեն միայն պատերազմին մասնակցած երիտասարդները, որոնք տեսել են իրականությունը: Հասկացա՞ք: Բացատրեմ: 

ա. Այո՛, Հայաստանի և Արցախի առջև իսկապես արտաքին լրջագույն մարտահրավերներ կային, կան և լինելու են: Այո՛, պատերազմը չի ավարտվել: Բայց...

Բայց այս մարտահրավերներին դիմադրելու համար պետությունը պետք է խելացի, գործունակ և ուժեղ իշխանություն ունենա, ոչ թե կառավարողների պրոպագանդիստական խմբակ: Ուրեմն մեր ներքին հարցերի լուծումը չափազանց կարևոր է արտաքին վտանգները կանխելու, դրանց դիմակայելու համար:

բ. Երբ հայտարարում եք, որ երկրում չկան իշխանության արժանի ուժեր, հաստատում եք, որ Ն. Փաշինյանն այլընտրանք չունի: Այսինքն՝ պաշտպանում եք մի մարդու, որի իշխանավարման արդյունքը հազարավոր զոհերն ու վիրավորներն են, տեղահանվածները և տարածքների կորուստը: Իսկ պատերազմին մասնակցած երիտասարդների մասին խորհուրդ կտանք չխոսել, որովհետև ձեզ նման վերլուծագանգերը պատկերացում չունեն, թե այդ տղաներն այժմ ինչ հոգեվիճակում են: Չեք կարող պատկերացնել, որովհետև վառոդի հոտից անգամ ուշագնաց կլինեք, էլ չենք խոսում բայրաքթարի մասին:

գ. Սույն վերլուծաբաններից ոմանք 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների շարքերում էին: Բայց ինչ-ինչ նպատակներով հետո հեռացան՝ պատճառաբանելով, որ համամիտ չեն արցախյան հարցի նրա առաջարկած լուծմանը: Այսինքն՝ սրանք փախան արժանապատիվ խաղաղության հասնելու գաղափարից, որովհետև ճիշտ և ճիշտ Նիկոլի նման պետք է ինտեգրվեին ոչմիթիզականության վակխանալիային, որովհետև  չէին ուզում դավաճան կոչվել...

Եվ հիմա, խախտելով տրամաբանության բոլոր օրենքները, պնդում են, որ խաղաղության ծրագիրը միֆ էր, անհնարին բան էր: Այնինչ, հենց իրենք էին կեղծ ազգայնականության միֆերի կրակի վրա յուղ լցնում:

Ամփոփելով ասենք, որ ազգակործան պատուհասի այս հինգերորդ շարասյունը նույնքան անմեղսունակ է, որքան այսօրվա իշխանությունն է:

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ