...

Պատերազմի կուսակցությունը պետք է հեռանա

Պատերազմի կուսակցությունը պետք է հեռանա

Չնայած ներքաղաքական խոսույթը իշխանության և ընդդիմության միասնական ջանքերով իջել է շրիշակից ցածր մակարդակի, փորձենք ուշքի բերել հասարակության՝ բանականությունը չկորցրած հատվածին:

Այսպես, պարտությունից անմիջապես հետո տրվող հիմնական հարցը հետևյալն էր՝ ինչո՞ւ չկանխվեց պատերազմը: Մարդիկ հասկացել էին կամ սկսում էին հասկանալ, որ 1997-98թթ. կորցրել ենք արժանապատիվ խաղաղության հասնելու հնարավորությունը, որ հետագայում հերոսական հռետորաբանության ներքո ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ, շարունակել են բանակցությունները և դեմ չեն եղել զիջումներին, 2018 թ.-ին իշխանության եկած ուժը կարող էր անկեղծ լինել հասարակության հետ, ճշմարտությունն ասել թե՛ երկրի զինված ուժերի պատրաստականության, թե՛ բանակցությունների մասին, սակայն դա չի արել և Հայաստանն ու Արցախը տարել է դեպի պատերազմ, դեպի կանխորոշված պարտություն:

Ըստ բարոյականության տարրական օրենքների՝ թե՛ 23-ամյա ոչմիթիզական մակաբույծները, թե՛ նրանցից ավելի ոչմիթիզական թավշյաները պարտությունից անմիջապես հետո պետք է իրենք իրենց սնանկությունը հայտարարեին և հեռանային ասպարեզից: Սակայն մեր քաղաքական կյանքում բարոյականություն որոնելն անիմաստ է, հետևաբար անդրադառնանք այն վտանգին, որն օրեցօր ավելի իրական է դառնում: Իսկ դա բանականության, ուրեմն նաև պետականության կորուստն է: Այսպես.

1. Ն. Փաշինյանը ոչ միայն չի հեռանում իշխանությունից, այլև վերընտրվելու հայտ է ներկայացնում: Նա խեղաթյուրում է թե՛ մեր անցած ուղին մինչև 2018-ը, թե՛ իր և իր ուսապարկերի գործունեությունը 2018-20թթ.:

2. Նիկոլ Փաշինյանի և Սամվել Բաբայանի վերջին օրերի ելույթներն ապացուցում են, որ հիմնական մեղավորը «գտնվել է»: Նախկիններին, դատական իշխանությանը զուգահեռ մեղավոր է հռչակվում մեր բանակը:

3. Նիկոլ Փաշինյանը, Սամվել Բաբայանը, զանազան վերլուծագանգեր ջանք ու եռանդ չեն խնայում ապացուցելու, որ պատերազմն անխուսափելի էր, որ ՀՀ իշխանություններից ոչինչ կախված չէր: 

4. Հասարակական քննարկման հիմնական առարկան փորձում են դարձնել զինվորականների դավաճանության, անպատրաստության թեման: Ոչնչից չեն խորշում:

5. Նիկոլ Փաշինյանի ջրաղացին շարունակում են ջուր լցնել իրենց ընդդիմություն հորջորջողները՝ ՀՅԴ գլխավորությամբ՝ շարունակելով ոչմիթիզականության քարոզը: 

6. Ն. Փաշինյանի պաշտպանությանն են լծվել այսպես կոչված նոր ուժերը՝ հիմնական թշնամի հռչակելով նախկիններին, թաքուն կամ անթաքույց սրբագրելով վարչապետի մեղքը:

7. Դե իսկ աշխարհաքաղաքական խնդիրներին անդրադարձող վերլուծագանգերի փաղանգը մեղքը վերագրում է ռուսներին, թուրքերին, չգիտես ում՝ վերջնականապես ջախջախելով Հայաստանի ինքնուրույնությունը:

Մի խոսքով՝ ինքնարդարացումների, ձեռնածությունների այս շղթան գրոհ է մեր բանականության, հետևաբար պետականության դեմ:

Եվ ինչ էլ ասեն, ինչպես էլ փորձեն արդարանալ, հիմնական հարցը մեկն է՝ ինչո՞ւ երկիրը հասցրիք պատերազմի: Պատասխանն ակնհայտ է՝ հանուն սեփական իշխանության և ազգակործան հավակնությունների: Ուրեմն պետք է հեռանան:

Զարուհի Գաբրիելյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ