...

Պատուհասը պետք է հեռանա

Պատուհասը պետք է հեռանա

2020թ. նոյեմբերի 10-ից անցել է 3,5 ամիս: Սակայն Հայաստանի իշխանությունը որևէ իրատեսական ծրագիր չունի ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար: Այդպիսի ծրագիր չունի նաև բազմաշերտ ընդդիմությունը: Մենք ապագայի մասին չենք մտածում, մենք անգամ ներկա չունենք: Եվ մինչ օրս քննարկվում են հետևյալ հարցերը.

1. ինչու՞ պարտվեցինք
2. ո՞վ է մեղավոր:

Քաղաքական խոսույթում ավելի քիչ տեղ էր զբաղեցնում «ինչո՞ւ սկսվեց պատերազմը», ըստ մեզ, շատ ավելի կարևոր հարցը: Թեպետ ոմանք այն արծարծում են, սակայն իրական պատասխանը ձեռնտու չէր ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը: Իսկ պրիմիտիվ պատասխանները միայն սրան-նրան արդարացնելու բնույթի են: Այսպես, Ռ. Քոչարյանն ասում է, որ եթե ինքը վարչապետ լիներ, պատերազմ չէր սկսվի, իշխանությունը պնդում է, որ եթե պատերազմ չլիներ, միևնույնն է, հողերը տալու էին, բայց իրենց դավաճան էին անվանելու, մի երրորդ կողմ ամեն ինչում մեղադրում է ռուսներին և թուրքերին: Բոլոր պատասխաններում բացակայում է Հայաստանի և Արցախի գործոնը, բոլոր պատասխանները մեղքը այլոց վրա գցելու փորձեր են. ուրիշ ոչինչ:

Այնուամենայնիվ, անդրադառնանք նաև ներհայաստանյան ճգնաժամին, որ տևում է արդեն 3,5 ամիս: Դրա հիմքում իշխանության խնդիրն է: 

Նոյեմբերի 10-ին թվում էր՝ Ն. Փաշինյանն ու նրա թիմն այլևս անելիք չունեն Հայաստանում, որովհետև ինչքան էլ փորձեն այլ պատճառներ ու մեղավորներ գտնել, իրենք են պատասխանատու պատերազմի համար: Այո՛, աղետը նրա՛նց ապաշնորհության, անգործության հետևանքն է: Թվում էր՝ կընտրեն արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ուղին և անցնցում կհեռանան: Բայց միայն թվում էր: Եվ ահա շարունակելով նույն պոպուլիստական, անլուրջ հռետորաբանությունը, անցյալն իսպառ սևացնելու, ոչնչացնելու կործանարար քարոզչությունը, խաղալով ոմանց ցածր բնազդների վրա՝ նրանք պահում են իշխանությունը: 

Վարչապետի վերջին սկանդալային հարցազրույցից անտեսված մնաց մի հայտարարություն, որ միտված էր մարդկանց ուշադրությունը գլխավոր խնդրից շեղելուն և հերթական անգամ ապացուցում էր իշխողների փոքրոգությունն ու դիլետանտիզմը: Ն. Փաշինյանը հայտարարեց, որ վերացրել է մեր երկրում կայացած միակ ինստիտուտը՝ կոռուպցիան: Հասկանո՞ւմ եք, ուրեմն մեր երկրում բոլորս միասին կարողացել էինք միայն կոռուպցիա ստեղծել, ո՛չ բանակ ունեինք, ո՛չ պետական ինստիտուտներ, ոչ մի բան չունեինք: Բոլորս կոռումպացված էինք, ինքը՝ մաքրամաքուր փրկիչը, մեզ ազատեց այդ ախտից: Ընդ որում, այս հայտարարությունն ապացուցող որևէ հավաստի փաստ չկա, չի բերվում... 

Այս մարդը չի հասկանում, թե ամեն անգամ բերանը բացելիս ինչ վնասներ է տալիս Հայաստանին և Արցախին, այս մարդը չի ընդունում, որ անկարող է պետություն ղեկավարել և պետք է հեռանա: 

Ներկա իշխանությունն ինչ էլ անի, չի կարողանալու վերականգնել 2018-ին ունեցած վտահություն իր նկատմամբ, որովհետև եթե անգամ մոռանանք մոտ երեք տարվա նրա անգործությունը, անհնար է հաշտվել պատերազմի 44 օրերի բացարձակ ստի հետ: Անհնար է չհիշել զոհված հազարավոր երիտասարդներին, հաշմանդամներին, տեղահանվածներին: Անհնար է մոռանալ Շուշիի և Հադրութի կորուստը: 

Ի վերջո, անհնար է մոռանալ, որ Ն. Փաշինյանն իր ինքնասիրահարվածության և վախկոտության պատճառով դարձավ պատերազմի հրձիգ, արժեզրկեց երկիրը, կործանեց բանակը: 

Արցախի հարցը չի լուծվել, ավելին՝ հիմա ունենք Հայաստանի լինել-չլինելու խնդիր: Ունենք աշխարհի հետ հարաբերվելու կարողություն ունեցող, իրատես և լուրջ կառավարության կարիք: Կարո՞ղ ենք այս դժվարին իրավիճակում վստահել մի մարդու, մի ուժի, որոնց անլրջությունն ապացուցման կարիք չունի: Չենք կարող:

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1142 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ