...

Արկածախնդրության լեգիտիմացում

Արկածախնդրության լեգիտիմացում

Ուղեղների լվացումը շարունակվում է: Վարչապետը պնդում է, որ ինքն է ամեն ինչի համար պատասխանատու՝ հընթացս պատասխանատվությունը գցելով ժողովրդի վրա: Ժողովրդի մեծ մասը լուռ է: Եվ սա բնական է, որովհետև կատարվածը դեռ պետք է վերապրել: Վարչապետի անպատասխանատվությանը մեծապես աջակցում են իրենց ընդդիմություն հռչակած ուժերը: Ինչպե՞ս: 

Ահա, նրանք հայտարարում են, որ իշխանությունը հող է հանձնել, իշխանությունը պարտվել է պատերազմում կամ դավադրաբար ծախել է Արցախը: Փաշինյանին անվանում են դավաճան, հողատու: Իսկ իրականում երկուստեք շարունակում են ոչմիթիզականության ազգակործան քարոզը: Սա՛ է նրանց լեգիտիմության երաշխիքը: Երկուստեք: Որովհետև շատ լավ հասկանում են, որ միասին են «կերտել» պարտությունը, միասին են պատասխանատու Հայաստանին ու Արցախին պատուհասած աղետի համար: Ու հիմա լեգիտիմացնում են արկածախնդրությունը՝ նոր արկածախնդրության համար ճանապարհ բանալով:

Այսպես, երբ իշխանության ներկայացուցիչ Լենա Նազարյանին լրագրողը փոխանցում է ընդդիմության մեղադրանքը, թե իրենք հող են հանձնել, սույն տիկինը պատասխանում է, որ հողերը կորսվել են պատերազմի հետևանքով: Շատ հանգիստ արդարանում է նրանով, որ պատերազմ է եղել և խոստովանում, որ իրենց կարելի էր դավաճան համարել միայն մեկ դեպքում՝ եթե պատերազմից խուսափեին: Եվ հավելում է, որ իրենք պայքարել են: Ո՞ւմ և ինչի՞ հաշվին...

Սրանք երևի մտածում էին, որ միայն դուխով կարելի է հաղթել, որ մարտի դաշտը Երևանի փողոցն է, որ թշնամու դիրքը ԵՊՀ դուռն է կամ ռադիոտունը: Սրանք չէին ուզում դավաճան համարվել, դրա համար երկիրը տարան կործանման ուղիով: 

Չգիտեմ՝ ինչ են մտածում այս մարդիկ և մտածո՞ւմ են արդյոք: 

Ուրեմն դավաճան չհամարվելու համար սրանք կարողացան 5000 երիտասարդների կյանք խլել, հազարավոր վիրավորների խեղված կյանքի պատճառ դառնալ: Սրանք կարողանում են հանգիստ ապրել, երբ թշնամու ձեռքին բազմաթիվ գերիներ ունենք, երկրում գաղթականներ կան, բանակի ողնաշարը ջարդված է:

Ու հիմա վարչապետը հայտարարում է, որ ինքը պատասխանատու է եղածի և ապագայի համար: Ինքը ապագա է տեսնում, այն էլ՝ իր պատասխանատվությամբ:

2,5 տարի համարյա բացարձակ իշխանություն ունեցող մարդը խուսափել է պատասխանատվությունից՝ միայն ու միայն նախկիններից վախենալով: Այո՛, նա վախենում էր, որ նախկիններն իրեն հող հանձնող էին անվանելու, դավաճան էին հայտարարելու, եթե ընտրեր խաղաղ կարգավորման՝ կործանարար պատերազմից խուսափելու լուծումը: Այսինքն՝ իր կաշին փրկելու համար Հայաստանը դարձրեց պարտված երկիր, դուրս դրեց բոլոր զարգացումներից, հազարավոր կյանքեր խլեց: 

Նախկիններն իրենց հերթին լավ նախապատրաստել էին աղետը՝ 22 տարի իշխանություն վայելելով, «հաղթողականությամբ» երկրի թալանն արդարացնելով:

Ու հիմա չեն ուզում, չեն կարող հետ կանգնել իրենց «հերոսական» հռետորաբանությունից: Չեն ուզում և մեծապես օգնում են անպատասխանատու և անմեղսունակ իշխանությանը: 

Ահա այսպես են երկուստեք լեգիտիմացնում արկածախնդրությունը:

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 37, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ