...

Անմեղսունակության արդարացում - 2

Անմեղսունակության արդարացում - 2

Որքան էլ չարչարվեն հարակից ուժերը՝ թաքուն կամ անթաքույց նիկոլամետները, անմեղսունակությունն արդարացնելու դեմագոգիայի չեմպիոնը Նիկոլ Փաշինյանն է: 

Ապացո՞ւյց եք ուզում: Ահա ներկայացնենք նրա այսօրվա հրաժարականի տեքստից երկու հատված: 

1. Վարչապետի ժ.պ.-ն պնդում է. «2020 թվականին մենք անցել ենք աղետալի իրադարձությունների միջով: Կատարվածի պատճառների, հիմքերի, լուծումների մասին արտահայտվել են գրեթե բոլորը՝ քաղաքական ուժերը, կառավարության անդամներ, մտավորականներ, հոգևորականներ, հասարակական կազմակերպություններ, ոչ ֆորմալ խմբեր:

Միակ սուբյեկտը, որը կարծիք արտահայտելու ինստիտուցիոնալ հնարավորություն չի ունեցել` ժողովուրդն է, և ուրեմն՝ ժողովուրդը պետք է իր խոսքն ասելու, անցյալի ու ներկայի վերաբերյալ գնահատականներ տալու և ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Արտահերթ ընտրություններն անցկացվում են՝ այդ հնարավորությունն ստեղծելու համար»:

Ուշադի՛ր կարդացեք: Այս պնդման առաջին հատվածում նշված է, որ կարծիք են արտահայտել «գրեթե բոլորը», երկրորդ հատվածում, սակայն, ասվում է, որ ժողովուրդն իր խոսքը չի ասել: Լա՛վ, իսկ ովքե՞ր էին «գրեթե բոլորը», գուցե քաղաքական գործիչները, հոգևորականները, մտավորականները հասարակական կազմակերպությունների անդամները այլմոլորակայիննե՞ր են և կապ չունե՞ն հայ ժողովրդի հետ: Իհարկե, ո՛չ: Պարզապես Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ քծնում է իրեն ժողովուրդ համարող անդեմ զանգվածին, ինչպես արդեն բազմիցս է արել: Սրա նպատակը մեկն է, որը շատ լավ է երևում երկրորդ պնդման մեջ: Ահա.

2. Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ուզում եմ ընդգծել, որ մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու, և մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին և անմնացորդ կկատարենք մեր պարտականությունները ժողովրդի առաջ:

Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը»:

Ն. Փաշինյանը հավաստիացնում է իր պատկերացրած ժողովրդին, որին, անշուշտ, դիտարկում է որպես անդեմ բիոմասսա, որ ուսապարկերի կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին, վարչապետի թեկնածուն էլ ինքն է լինելու, միմիայն ինքը: Անձնիշխանության ավելի լավ օրինակ ՀՀ 30-ամյա պատմության մեջ դժվար է գտնել, թեև մարդկության պատմությունն այսպիսի մանրախնդիր դեմագոգների պակաս չունի: Ուրեմն Ն. Փաշինյանը իր պատկերացրած ժողովրդի ուսերին է դնում սեփական ձախողումների ողջ պատասխանատվությունը: Իր պատկերացրած ժողովուրդն է մեղավոր պատերազմի և պարտության, հազարավոր զոհերի և վիրավորների համար: Ինքը սուրբ է: Հիշո՞ւմ եք Հիսուսի բարդույթը:

Ն. Փաշինյանի դեմագոգիային ձայնակցում են նոր առաջացած սունկ կուսակցությունները, որոնք արդեն մտել են նախընտրական պայքարի մեջ և հայտարարում են, թե պայքարելու են ընդդիմության դերը ստանձնելու համար: Ընտի՛ր է, տղանե՛ր և աղջիկնե՛ր: Շատ լավ եք սովորել նախկիններից: Նշենք, որ այստեղ էլ որևէ նորություն չկա: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը վաղուց են այս ուղին ցույց տվել: Ստեղծում էին կուսակցություններ, որոնք զբաղեցնում էին ընդդիմադիր դաշտը և սատարում հենց իրենց: 

Բայց դառնանք անմեղսունակության արդարացմանը, որի հիմնական բաղադրիչները վարչապետի պաշտոնակատարի համար լինելու են ժողովուրդը, ի՛ր պատկերցրած ժողովուրդը և, իհարկե, նախկինները, որոնք նույնպես դիմելու են ժողովրդին: 

Բազմիցս ենք պնդել, որ ժողովուրդը անդեմ մասսա չէ: Իսկ հիմա դա ավելի լավ է երևում, որովհետև հետպատերազմյան շրջանի իշխանական և ընդդիմադիր հանրահավաքները ցույց տվեցին, որ ոչ մի կողմն էլ բավարար աջակիցներ չունի: Մարդիկ մեծ մասամբ լուռ են, որովհետև հասկանում են, զգում են աղետի ծավալները, հասկանում և զգում են, որ Ն.Փաշինյանն ու նրան սատարող սնկերն ու նախկինները ոչ մի հեռանկար չեն առաջարկում:

Ի վերջո, մարդիկ հասկանում են, որ սրանք պայքարում են ավերված երկրում աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կամակատար դառնալու համար:

Հիասթափեցնենք բոլորին. ժողովրդի մեծ մասը քվեարկության չի գնալու, եթե, իհարկե, այն տեղի ունենա:

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ