Կարծում ենք՝ շատերին է հայտնի, որ Սամվել Բաբայանին արցախյան նախկին իշխանությունները վաղուց էին չեզոքացրել՝ զրկելով իշխանությունից, բանտարկելով, երկրից դուրս անելով: Վերակենդանացման շանս նա ստացավ 2018 թ.-ից հետո, երբ Հայաստանում և Արցախում փոխվեց իշխանությունը: Սամվել Բաբայանն ակտիվացավ Արցախում, իսկ 2020 թ. նախագահական ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը նրան նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար: 2020-ի մայիսն էր: Պաշտոնավարել է մինչև 2020-ի նոյեմբերի 16-ը: Այսինքն՝ երբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում ծառայություններ էր մատուցում ներկա իշխանությանը և հայտարարում, որ 2016-ին Արցախը շատ վատ վիճակում էր, օդը անպաշտպան էր, իսկ 2020-ի հունիսին ապահով է, օդը պաշտպանված է, Սամվել Բաբայանն ի պաշտոնե պարտավոր էր իմանալ իրականությունը և ահազանգել պաշտպանական խնդիրների մասին: Ավելին, 2020-ի 44-օրյա խայտառակ ստախոսությանը նա ոչ մի կերպ չի ընդդիմացել: Իսկ թե ինչով էր զբաղված պատերազմի ժամանակ, կարծում ենք՝ կպարզվի ՀՀ-ում իշխանափոխությունից հետո: Մի բան պարզ է. սույն անձը փախել է Արցախից և հիմա փորձում է տեղ գտնել Հայաստանում՝ հաճոյանալով ներկա իշխանությանը, որը, հիշեցնում ենք, երկիրը տարավ պարտության, հանձնեց Հադրութը և Շուշին, ջախջախեց բանակը և արդեն գրեթե 7 ամիս է՝ ոչինչ չի անում մեր անվտանգությունը պաշտպանելու համար:
Հայաստանում քաղաքական կարիերայի հույս փայփայելով, իրեն և իր արցախյան ընկերներին փրկելու փորձ անելով՝ Սամվել Բաբայանն անդադար խոսում է՝ չխորշելով ոչնչից: Այսպես.
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե «Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին՝ վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» սադրիչ հայտարարությամբ», Սամվել Բաբայանը «պատասխանել է». «Հիմա կարելի է հետ գնալ և ասել՝ ես ճիշտ էի էն ժամանակ, իսկ ես ասում եմ՝ ոչ, 2 կողմն էլ սխալ է»։ Բա՛, հենց այսպես, երկու կողմն էլ սխալ էր: Մասնակի ամնեզիայով տառապող Ս. Բաբայանին հիշեցնենք, որ 1998 թ. ինքը ոչմիթիզականների խմբի կարկառուն անդամներից էր և մեզ սպառնում էր Ղարաբաղից, 1999 թ. հոկտեմբերի 27-ին և դրանից հետո նույնն էր անում՝ անթաքույց խառնվելով ՀՀ ներքին գործերին, պաշտպանելով այն ժամանակվա ոչմիթիզական նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Սակայն վերադառնանք սույն «տրամաբանական հսկայի» ասածին: Սամվել Բաբայանը երկու կողմին սխալ հանելուց հետո մուննաթ է գալիս ՀՀ առաջին նախագահի հասցեին, թե պետք էր զենք առնել, պատրաստվել, թե «Ոչ մի բան չեք արել, նստել եք թախտին, սպասել բախտին, եկել պարտվել եք, հիմա ասում եք՝ հիշո՞ւմ եք, ես ասել էի, ես ճիշտ էի»: Մի բան հասկացա՞ք: Անկեղծ ասած՝ մեզ անհանգստացնում է նախկին զինվորականի հոգեվիճակը: Նա երևի մոռացել է, որ 1998 թվականի փետրվարի 3-ից Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանություն չէ: Ուղիղ 20 տարի իշխանություն են եղել այն ուժերը, որոնց կատարած հեղաշրջման ակտիվ մասնակիցն էր ինքը: Ու հիմա Նիկոլ Փաշինյանի ջերմ երկրպագուն Լևոն Տեր-Պետրոսյանից է պահանջում մեր բանակը զինել: Չե՞ք հավատում: Կարդացե՛ք հետևյալը.
«Էդպես ես էլ կարող եմ շատ բան ասել: Դա հարցի պատասխան չի բայց: Ես էլ 1-ին նախագահին հարգելով ասում եմ՝ պարոն նախագահ, 1992 թվականին ամբողջ ազգով, ընդդիմությունն էլ հետը, քեզ ասում էին, որ դու Շահումյան, Մարտակերտ այդ տարածքները պայմանավորվել ես հանձնել: Հավատայի՞նք: Ինչո՞ւ, քանի որ չէինք կարողանում կռվեինք, պատրաստ չէինք, ջոկատներ էինք կռվացնում: Հենց փոխեցինք իրավիճակը, զարգացանք, գնացինք առաջ, բոլորն ասեցին՝ հաղթած նախագահ, սակայն մոռանալով իրականությունը: Հիմա էլ է նույնը: Եթե չեք կարողացել կազմակերպել, չեք կարողացել այդ խնդիրը լուծել, բերաններդ փակեք, ատամներդ սեղմեք, պատրաստվի քո բանակը, քո երկիրը պաշտպանելու համար: Ավելորդ խոսակցությունն անիմաստ է»:
Կրկին հիշեցնենք՝ 2018-ից ցայսօր իշխանություն է Նիկոլ Փաշինյանը: Սամվել Բաբայանն իշխանություն էր Արցախում 2020-ի պատերազմի ժամանակ: Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Սամվել Բաբայանը պարտված են: Լ. Տեր- Պետրոսյանի օրոք ամիսների ընթացքում ֆիդայական ջոկատների փոխարեն մենք ստեղծեցինք կանոնավոր բանակ և հաղթեցինք Արցախյան առաջին պատերազմում: Իսկ Արցախյան հարցը կլուծվեր, եթե չլիներ 1998 թ. հեղաշրջումը:
Հիմա հարց. ի՞նչ արեցին Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը և Սամվել Բաբայանը 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ, պատերազմի ժամանակ և դրանից հետո:
Պատասխան. մտան կործանարար պատերազմի հորձանուտը, զոհաբերեցին հազարավոր երիտասարդների, կորցրին Արցախը, Հայաստանը զրկեցին ինքնիշխանությունից: Ահա սա՛ է նրանց գործունեության արդյունքը:
Դատե՛ք ինքներդ, թե ինչու է Սամվել Բաբայանը ջերմորեն պաշտպանում մի մարդու, որը հպարտանում է պարտությամբ, և անիմաստ մուննաթ գալիս հաղթող Նախագահի վրա:
Ի դեպ, Սամվել Բաբայանը մեծ գումարներ է ծախսում սեփական մտքի գոհարները գովազդելու համար և այդ գովազդներում ինքն իրեն անվանում է ոչ ավել, ոչ պակաս՝ «Հաղթանակածը»…
Զարուհի Գաբրիելյան