...

Լևոն Տեր-Պետրոսյանի 2022թ․ սեպտեմբերի 26-ի առաջարկի արդիականությունը

Լևոն Տեր-Պետրոսյանի 2022թ․ սեպտեմբերի 26-ի առաջարկի արդիականությունը

Հունվարի 7-8-ին սոցցանցերում տարածվում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1998-ի հունվարյան նույն օրերի ելույթը։ Ցավոք, այն արժանի արձագանք չունեցավ ո՛չ 25 տարի առաջ, ո՛չ էլ հիմա։ Բնականաբար, միամիտ չենք, որպեսզի որևէ դատողություն կառուցենք ֆեյսբուքյան օգտատերերի, առավել ևս ֆեյքերի գրառումների հիման վրա։ Քանի որ սա նույնիսկ հասարակական կարծիք չէ։ Սա կարծիքի կամ վիճակի աղավաղում է, նենգափոխում։ Հասարակական կեղծված կարծիքի կարիքն ունեն իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը, որոնք մինչև վերջ սպառել են իրենց, բացարձակապես սնանկ են։ 

Կրկնենք՝  ՀՀ առաջին նախագահի այս ելույթը ո՛չ այն ժամանակ հասկացան, ո՛չ էլ հիմա են հասկանալու։ Այնինչ նրա խոսքը դասագրքային է թե՛ որպես հռետորական արվեստի նմուշ, թե՛ որպես պետական գործչի ճշգրիտ գնահատական և կանխատեսում։ Կանխատեսում, որ հիմնվում է իրականության, ոչ թե երազախաբության վրա։

Բայց ազգի քաղաքական էլիտան, մտավորականները և այլք ընտրեցին անիրատեսականը, անապացուցելին։ Ընտրեցին և՛ այն ժամանակ, և՛ նույնիսկ 2021-ին՝ կործանարար պատերազմից հետո։ Այսինքն՝ նախ և առաջ ընտրեցին ստիպված զիջելու ճանապարհը՝ այդպես էլ չգիտակցելով, որ ստիպված ոչ թե զիջում են, այլ կորցնում շատ ավելին, քան կարող էին զիջել, կորցնում են՝ առանց որևէ բան ստանալու։ Ապացույցը 2020-ի պատերազմն է, դրանից հետո շարունակվող քաոսը և մեր գլխին կախված բայրաքթար-յաթաղանը։

(Ո՞նց եք։ Լա՞վ եք, հաղթանակի տարիները «ցրտի ու մթի» անվանողներ։ Լավ եք երևի, որովհետև պարտությունը ձեզ ավելի հարազատ է։ Բայց սրա մասին՝ մի ուրիշ անգամ)։

Այսօր, սակայն, ուզում ենք ձեր ուշադրությունը սևեռել Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2022թ․սեպտեմբերի 26-ի հարցազրույցի վրա, որի ժամանակ Նախագահը դարձյալ ռացիոնալ առաջարկ արեց, որն անձնական մանր հաշվարկների պատճառով մերժվեց։ Ո՞րն էր։ Ահա սա՛ էր․ «Մենք գտնվում ենք մի այնպիսի ճակատագրական իրավիճակում, երբ նախկին հակասությունները, վեճերը պետք է մի կողմ դնել։ Պահանջվում է երկխոսություն իշխանության և ընդդիմության միջև»։ Ինչո՞ւ։ Սա՛ էլ բացատրեց Նախագահը․ «Քանի որ կա ինֆորմացիա, որին տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես` թե Ռուսաստանը մեզ ինչ է առաջարկում, Թուրքիան ու Ամերիկան ինչ են առաջարկում։ Որպեսզի լուծումներ գտնենք, պետք է փոխվստահություն առաջացնենք, և կոնֆիդենցիալ լինի այդ ամենը»։ Թեպետ ասածը պարզ է, փորձենք բացատրել։ Հայաստանի և Արցախի համար օրհասական պահին որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է իմանալ ամբողջ ինֆորմացիան, իսկ դա գիտի Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ պետք է շահագրգիռ լիներ պատասխանատվությունը ընդդիմության հետ կիսելու գործում, եթե, իհարկե, հասկանար դրա չափը և նույնիսկ այն, ինչ իրեն ասում էին Մոսկվայում, Բրյուսելում կամ այլուր։ Մի բանում համոզված ենք՝ ՀՀ գործող վարչապետը մտահոգված է միմիայն սեփական անձին վերաբերող խնդրով և փորձել է աճպարարություն անել համաշխարհային կարևոր կենտրոններում, իսկ դա թանկ է նստելու երկրի վրա։ 

Ուրեմն առաջարկը մերժեցին թե՛ իշխանավորները, թե՛ քոչարյանականները։ 

Բայց այս առաջարկի արդիականությունն այսօր ավելի սուր է։ Այսօր, երբ իշխանությունն ու տիտղոսավոր ընդդիմությունը բարոյալքված են, անգործունակ, հասարակությունը ներկայացնող կազմակերպությունները, կուսակցությունները, անհատները կարող են օգտագործել սա, այսինքն՝ պահանջել ճշմարիտ ինֆորմացիա և պատասխանատվություն վերցնել երկրի համար։ 

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3639 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ