Ճիշտ կռահեցիք: Հիմա ՔՊ պատգամավոր է: Լֆիկի, կներեք, Սամվել Ալեքսանյանի մասին չենք խոսում: Նա դեպուտատ չէ, հանգիստ ապրում է և այնքան ազնիվ է, որ ինտելեկտուալ չի ձևացել և չի ձևանում:
Իսկ նա՝ Խաչատուր Սուքիասյանը, ոչ միայն գործարար է ու պատգամավոր, այլև բարձր ինքնագնահատական ունի, այսինքն՝ հավակնում է ինտելեկտուալ հորջորջվելու: Մի խոսքով՝ մոզգ է:
Եվ որպեսզի ձեր գլուխը չցավեցնենք ոչ վաղ անցյալի երկար-բարակ պատմություններով, անդրադառնանք մեկ դրվագի:
Այսպես, ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը օգոստոսի 25-ի իր «սկանդալային», իսկ ավելի ստույգ՝ բամբասանքային ելույթում մի միտք է արտահայտել, որ սպրդել է շատերի ուշադրությունից: Իհարկե, Սերժ Սարգսյանին վերաբերող հատվածն ավելի հարմար է որոճալու համար, իսկ այ սույն «քաղգործչի» սնանկությունը ցույց տվող արտահայտությունը չի նկատվում:
Մեջբերում անենք Խաչատուր Սուքիասյանի խոսքից. «Շատ լավ գիտեք, թե հոկտեմբերի 27-ը ինչի համար է եղել, որպեսզի հողերի տալը հետաձգեն…»: Բացատրենք: Ըստ ինտելեկտուալի հավակնություններ ունեցող պատգամավորի՝ արցախյան խնդրի խաղաղ կարգավորումն ընդամենը հողեր տալ-չտալու հետ էր կապված: Այսքանն է հասկացել մարդը: Ի՜նչ փոխզիջում, ի՜նչ կարգավիճակ, խաղաղությունը նրա և նրա նմանների համար հողերը տալ էր նշանակում: Ուրեմն կեցցե՛ մեծն Նիկոլ Փաշինյանը. հողերը տվեց, պրծանք: Ոչինչ, որ հազարավոր զոհեր ունեցանք, ոչինչ, որ պետությունը կորցնելու վտանգն է կախված գլխներիս: Հողերից պրծանք: Համոզված ենք, որ թե՛ Խաչատուր Սուքիասյանը, թե՛ մեր մյուս գործարարները նույն պաթոսով լեզու կգտնեն ապագա տերերի հետ, որոնց ազգությունը կապ չի ունենա՝ թուրք, ռուս կամ ծայրահեղ դեպքում՝ ադրբեջանցի: Լեզու կգտնեն ու կծառայեն՝ բամբասելով բոլոր հայ ղեկավարներից:
Իսկ հիմա լիկբեզ (ликвидация безграмотности) այս հանճարներին լսողների համար:
Եթե խաղաղ կարգավորման հասնեինք բանակցությունների ճանապարհով, ապա անգամ Լավրովյան պլանն ընդունելու դեպքում.
1. Հայաստանը չէր կորցնի իր սուբյեկտայնությունը, այսինքն՝ կմնար տարածաշրջանում կարևոր և որոշիչ դերակատար:
2. Արցախը կպահպաներ իր սահմանները Շուշիով և Հադրութով: Արցախը կմնար հայկական և ուժեղ, որովհետև կգործեին միջազգային երաշխիքներ:
3. Հազարավոր զոհեր, վիրավորներ, տեղահանվածներ, հարյուրավոր անհայտ կորածներ և գերիներ չէինք ունենա:
4. Բանակի ողնաշարը չէր ջարդվի, և չէր լինի այն վիճակը, որ տեսնում ենք Սյունիքում:
Կարող ենք շարունակել, բայց առայժմ այսքանը կասենք: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի անվան դրական հիշատակմամբ ուրախացողներին տեղեկացնենք, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է և շատ լավ գիտի գովազդի արժեքը: Նա հասկանում է, որ չնայած մշտական վայրահաչին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերն անգամ ապահովում է իր պրեստիժը: Չէ՞ որ ուզում է ինտելեկտուալ համարվել:
Զարուհի Գաբրիելյան