(Խոսենք փաստերով)
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը պատասխանեց Իլհամ Ալիևը, քանի որ նիկոլականները կմկմացին՝ փորձելով անատամ «արդարացումներով» ձգձգել Արցախյան խնդրին վերաբերող փաստաթղթերի հրապարակումը։
Հիշեցնում ենք․ Ն․ Փաշինյանը ՀՀ երեք նախագահներին բանավեճի էր հրավիրել 2024-ի դեկտեմբերին։
2024-ի դեկտեմբերի 25-ին Առաջին նախագահը պատասխանել էր․ «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։
Աղմկի՛ր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի։
Իսկ եթե, Նիկո՛լ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց»։
Ն․ Փաշինյանի լռությունը խախտվեց 2025-ի հունվարի 7-ին։ «Ազատության» հարցմանը պատասխանելով՝ վարչապետի աշխատակազմից գրել են․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին»։ Այս կմկմոցը բնականաբար դուր չի եկել Ի․ Ալիևին, և նա որոշել է կայծակնային արագությամբ «օգնել» գործընկերոջը։ 2025-ի հունվարի 7-ին՝ նույն օրը, երբ հրապարակվեց Ն․ Փաշինյանի աշխատակազմի «պատասխանը», Ալիևը խոսեց հայկական ֆաշիզմի մասին։ Նպատակները հստակ են՝
1․ Ալիևին նույնպես պետք չէ փաստերի հրապարակումը,
2․ Ալիևին պետք է, որ Հայաստանը բնակեցվի ադրբեջանցիներով․
3․ Նրա հովանավորյալի վիճակը վատ է։ Ավելի վատ կլինի փաստերի հրապարակումից հետո, ուստի հովանավորյալին օդի պես անհրաժեշտ է ընտրազանգված։ Մի 300 000 ադրբեջանցի այդ հարցերն արագորեն կլուծի։
Ամփոփենք․ Մինսկի խմբի՝ հատկապես 2019-ի առաջարկը բնավ ձեռնտու չէր Ի․ Ալիևին, բայց դրանից հրաժարվեց Ն․ Փաշինյանը։ Այդ առաջարկն ընդունելու դեպքում կփակվեր պատերազմով հարցը լուծելու ճանապարհը։ Պատերազմը ձեռնտու էր միայն թշնամուն, որովհետև բացի Արցախը հայաթափելուց՝ նրան պետք էր ողնաշարը կոտրած հայկական բանակ, նրան պետք էր պետականաքանդ իշխանություն Հայաստանում, որը պարբերաբար կխաբի, «կգցի» Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ առանձին-առանձին կամ «բիրիքով»։
Եզրակացնենք․ փաստերի հրապարակումն անհրաժեշտ է Հայաստանին, փաստերի հրապարակումը վնաս է թշնամուն։
Զարուհի Գաբրիելյան