...

Երբ են շինում Երևանը

Երբ են շինում Երևանը

Եթե ձեր երկար կամ կարճ կյանքում մաֆիայի մասին գոնե մեկ դետեկտիվ եք կարդացել//դիտել, ուրեմն գիտեք՝ շինարարությունը փող լվանալու լավագույն միջոցն է։

Եթե հիշողության իսպառ կորուստ չունեք, և լրացել է ձեր երեսունհինգը, ուրեմն 2000-ականների շինարարությունը չեք մոռացել։ Չեք մոռացել, որ Ռոբերտ Քոչարյանի տնտեսական փուչիկն ապահովվում էր հենց դրանով։ Մի քիչ ավելի պայծառ հիշողություն ունեցողները կմտաբերեն նաև, որ այն ժամանակվա «չար լեզուները» կամ «հավաստի աղբյուրները» պնդում էին, թե ռուս օլիգարխները, ի մասնավորի՝ 2000-ականների մոսկովյան քաղաքապետ Լուժկովը, Երևանում «լվացք» են անում։

Հիմա հարց, կոչ, հորդոր, որն ուզում եք։

Սիրելի՛ երևանցիներ, հատկապես ԶԼՄ-ների ներկայացուցիչնե՛ր, ինչո՞ւ քաղաքապետացուներին չեք հարցնում, թե քաղաքի ինչի՞ն է պետք այս վայրի, թոզուդուման սփռող շինարարությունը, և ամենակարևորը, ո՞վ է պատվիրատուն, ո՞ւմ փողերն են «ներդրվում»։

Ի դեպ, «չար լեզուները» հիմա պնդում են, որ պատվիրատուն, «լվացքատերը» Իլհամ Ալիևն է, և բնակելի թաղամասեր են կառուցվում թշնամի երկրի բնակիչների համար։ Հարցրե՛ք։ Թե՞ անգամ «ընդդիմադիր» լրատվամիջոցների տերերն են վախենում այս հարցից, որովհետև փողի հոտ են առել և հերթ կանգնել «լվացքից» փայ ունենալու համար։

Սա էլ հո Արցախի հա՞րցը չէ, որ քաղաքապետի ընտրության հետ կապ չունի կամ քաղաքական է։ 

Ոչ ոքի չասեք, բայց Երևանը շինելու հարցը լա՛վ էլ քաղաքական է, ավելին՝ աշխարհաքաղաքական, նույնիսկ՝ կողմնորոշման։ 

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ Այս փոքրիկ հոդվածն արդեն պատրաստ էր, երբ ՖԲ-ում խրոխտ գրառմամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ զինակից, ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Ահա այն․ «Երբ քովիդ էր կամ հետպատերազմյան փուլը, կողքից բազմաթիվ էին ասողները՝ լիքը ուրիշ կարևոր հարցեր կան, դրանով զբաղվեք: Բայց մենք այդ խոսակցություններին տուրք չտալով զուգահեռաբար զբաղվում էինք և՛ տվյալ պահին կարևոր գործերով, և՛ հեռանկարային ռեֆորմներով: Այդ է պատճառը, որ այսօր Հայաստանը գրանցում է տնտեսական լուրջ արդյունքներ՝ հարկերի միջոցով մեծ գումարներ հատկացնելով անվտանգային խնդիրների լուծմանը, ինչը մեր հանրության հիմնական մտահոգություններից մեկն է:

Ասածս ինչ է՝ հիմա էլ են նույն խոսակցությունները: Ուստի, զուգահեռ տանելու ենք բոլոր առաջնահերթությունները, ռեֆորմները՝ մի գրամ չշեղվելով զարգացման ուղուց: Չվախենաք»:

Չենք վախենում։ Ուղղակի տեսնում ենք, թե ինչ վիճակում է անվտանգության ոլորտը, տեսնում ենք՝ ինչով եք զբաղված։ Մի քիչ էլ հաշվել գիտենք՝ ի տարբերություն ՀՀ տնտեսագիտական համայնքի, որ, բերանը ջուր առած, հետևում է հետպատերազմյան շինարարական պոռթկմանը։ Սնուփ Դոգին կբարևեք մաքուր անգլերենով։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ