...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Տարվա թեժ եղանակները

Ահա և տարվա կեսը գնաց: Թեժ ձմեռ էր, թեժ՝ գարուն, հիմա էլ՝ թեժ ամառ: Հայաստանում այս եղանակները երկու հարթության վրա են զարգանում: Թեպետ տարբեր հարթություններ են, բայց իրար ձգում են արբանյակների պես: Խոսքը ներքաղաքական և համավարակային դաշտերի մասին է:

Համավարակի պահով կարծես ամեն ինչ պարզ է: Ազգովի դիմավորել ենք կորոնավիրուսին, ազգովի դիմագրավում ենք, ազգովի վարակվելու ենք: Սա է մեր տակտիկան: Մի քիչ լավ չէ, որ օրական ընդամենը 500-700 մարդ է վարակվում: Այդպես վարակը շուտ չենք հաղթահարի: Այ, եթե օրական կես միլիոն մարդ հիվանդանա, մի ամսում ամեն ինչ կավարտվեր, ու մենք լիաթոք շունչ կքաշեինք: Մեկ է, դիմակ կրելու պարտադրանքը չի գործում, ամեն օր Փաշինյանը լուսանկարներ է հրապարակում ու բողոքում բնակչությունից, թե նայեք, տարածություն չեն պահում: 
Իմիջիայլոց, տարածություն պահելու հարցը պետք է նաև խորհրդարանականների վրա տարածվի: Շատ քիպ են նստած:

Դրանից էլ Ծառուկյանի պես բարի մարդիկ վարակվեցին: Դրա համար պետք է խորհրդարանում պատգամավորների թիվը նվազեցվի՝ գոնե մինչև 62-ի, որպեսզի աթոռների միջև տարածությունը 2 մետրից ավել լինի: Սա, ի դեպ, լրջորեն ենք ասում. մեր պես երկրների օրինակով պետք է շարժվենք: Լատվիան ունի 100, Էստոնիան ու Մոլդովան՝ 101-ական պատգամավորից բաղկացած խորհրդարան: 131-ը շատ է, համ էլ եթե այդ թիվը նվազեցնենք, պարգևավճարներն էլ համապատասխանաբար կքչանան: Թե չէ այս իշխանությունները պարգևավճարախեղդ են անում: Նախկին իշխանությունների օրոք պարգևավճարները տարեկան կտրվածքով 15 անգամ ավելի քիչ էին, քան՝ հիմա: Պերեբոր է:

Շաբաթը՝ վազող տողով

Ներքաղաքական դաշտում զարմանալի զարգացումներ են: Մի նախադասությամբ պատմենք. ՍԴ 3 անդամներ այլևս անդամներ չեն, իսկ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը արձակուրդում է, Ալվինա Գյուլումյանը նրա փոխարեն է փորձելու պատուհանով մտնել ՍԴ շենք, եթե չհաջողվի՝ պատուհանով մտնելու է Եվրադատարան, Արարատ Միրզոյանը հանդիպում է ՍԴ ժամանակավոր նախագահի հետ, որն իր կարգավիճակի ձեռը կրակն է ընկել, Արմեն Սարգսյանը հրաժարվում է ԱԺ ընդունած օրենքը ստորագրել, քանի որ Հրայր Թովմասյանը Սահմանադրությամբ իրեն անգլիական թագուհի է կարգել, Վանեցյանը, Նաիրա Զոհրաբյանն ու հավերժ հաճախորդ ՀՅԴ-ն դատախազության մոտ ֆոտոքաստինգ են անցկացնում՝ A4 ֆորմատի թղթի վրա գրած տեքստը դատախազություն հանձնելու շրջանակներում, Գևորգ Պետրոսյանն էլ ինքնամեկուսացել է՝ փոթորկված հոգեկան ներաշխարհով:  

Նա թռավ, բայց խոստացավ վերադառնալ

Մի կարևոր դրվագի վրա ենք ցանկանում ուշադրություն դարձնել, որին կարծես թե ոչ ոք չանդրադարձավ: Հիշում եք, որ ԲՀԿ-ն պատրաստվում էր ՍԴ դիմել՝ ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին օրենքը վիճարկելու համար: Մի ձայն չհերիքեց: 27 ստորագրություն էր պետք: «Լուսավոր Հայաստանից» չկարողացան մի հոգու կպցնել ու այդպես 26,4 ստորագրությամբ հայցը ուղարկեցին ՍԴ: 

Սրա հիմնական պատասխանատուն ո՞վ է. ճիշտ է, Հրայր Թովմասյանը: Իր գրած Սահմանադրությունն է: Այնպիսի հաշվարկով էր գրել Սահմանադրությունը, որ խորհրդարանական ընդդիմությունը երբևիցե իրենց զահլեն չտանի բողոքներով: Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հագով էր կարել այդ Սահմանադրությունը՝ մտածելով, որ մինչև 2098 թվականը մենակ իրենք են իշխելու Հայաստանում: Ու այսօրվա իրողություններում Հրայր Թովմասյանի այս ղալաթները հենց իրենց դեմ են աշխատում: 

Բա աբսուրդ չէ՞, որ խորհրդարանական երկրորդ խմբակցությունը չի կարողանում ԱԺ-ի ընդունած օրենքը վիճարկել ՍԴ-ում: Ու փոխանակ Հրայր Թովմասյանին ասեն, այ չա... չար մարդ, էս ի՞նչ աջաբսանդալ ես սարքել, ընկել են ԼՀԿ-ի հետևից, Էդմոն Մարուքյանը դավաճանեց, խաբեց, Արմեն Սարգսյանը ստորագրեց, իշխանությունները սահմանադրական կարգը տապալեցին: Հատկապես հոգեխանգարված էին Քոչարյանի փաստաբանները: Ինչ հնարք ասես, որ չարեցին, որպեսզի ՍԴ-ով Քոչարյանին ազատեն քրեական պատասխանատվությունից, չստացվեց: Ու հիմա մռմռում են ամբողջ աշխարհի վրա: Փոխարենը ձեր հերոսի հետ միասին գնացեք ու Հրայր Թովմասյանին մի լավ անզգույշ քաշքշեք: 

Հրայր Թովմասյանն էլ հիմա թռած է: Քոչարյանականների դեպքում սա բնական երևույթ է: Հենց պատասխան տալու ժամանակը գալիս է, թռնում են: Որը՝ Ռուսաստան, որը՝ «Իզմիրլյան», որն էլ՝ ինչ-որ ծակուծուկ: Բայց վաղ թե ուշ Հրայր Թովմասյանը պատասխան է տալու: Եթե ոչ իշխանությունների առջև, ապա՝ նրա վրա խաղադրույք կատարածների: Իսկ այդ խաղադրույք կատարածներն իրենց ամբողջ կյանքով մեկ են ապացուցել, որ ներում-բեկում չեն ճանաչում, պետք եղած ժամանակ մի բարևի համար էլ կպատժեն: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ