...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Երբ մի ձեռքը չգիտի մյուս ձեռքի մասին

Աղետ: Այլ կերպ հնարավոր չէ անվանել այն վիճակը, որն այժմ ստեղծվել է Հայաստանում: Կորոնավիրուսն արդեն երկրաչափական պրոգրեսիայով է տարածվում: Եթե այս պանդեմիան պատերազմ համարենք, ապա իշխանություններն առայժմ այս ճակատում պարտություններ են կրում:

Ու խնդիրն այն չէ, որ վարակը տարածվում է: Աշխարհի շատ երկրներում, սկսած ԱՄՆ-ից, այն նույնպես մոլեգնում է: Խնդիրը պանդեմիայի դեմ պայքարում իշխանությունների հստակ, հասկանալի և հետևողական քաղաքականության բացակայությունն է: 

Արդեն մոտ 3 ամիս է, ինչ վարակը մտել է Հայաստան, և այս ընթացքում մենք չենք հիշում դրա դեմ պայքարի համար սահմանված որևէ կանոն, օրենք, որը մինչև վերջ հետևողականորեն պահպանվեր և պարտադրվեր քաղաքացիներին: Արդեն այնքան շատ են իրար հակասող որոշումներն ու հայտարարությունները, որ անիմաստ է դրանք մեկնաբանելը, էլ ուր մնաց տրամաբանություն գտնելը:

Այս իրավիճակում հեշտ է մեղքը բարդել քաղաքացիների վրա: Իբր ինչ անենք, որ առանց դիմակ են քայլում, քեֆ են անում, բողոքի ցույցեր են անում: Եկեք դիմենք տրամաբանությանը. ընդունենք, որ առանց դիմակ փողոց դուրս գալը զանցանք է, կամ՝ հանցանք: Եթե մարդը խախտում է պարետի որոշումը, ի՞նչ են անում. պատժում են: Տուգանում են, բերման են ենթարկում, եթե այդ խախտումը քրեական օրենսգրքով նախատեսված է, ապա քրեական գործ են հարուցում: Իսկ իշխանություններն ասում են՝ չէ, չենք կարող մարդկանց ստիպել, դուբինկա, սպեցնազ կիրառել: Իսկ եթե մարդը գնում է ու ինչ-որ մեկի տունը թալանում է, նրա հանդեպ կարելի՞ է ուժ կիրառել: Իշխանությունները կասեն՝ այո, որովհետև հանցագործ է: Այսինքն, իշխանությունների համար կան իսկական հանցանքներ, և կան ոչ այնքան իսկական հանցանքներ, որոնց դեպքում կարելի է աչք փակել կամ էլ ձեռքերը հուսահատ թափահարել: Հո տուն-տունիկ չէ՞: 

Այսպես իրավական պետություն չեն կառուցում: Օրենք եք ընդունել, որոշում, կանոն, ուրեմն պարտավոր եք հետևել, որպեսզի բոլորը դրանց ենթարկվեն: Այսքան բան: Իշխանություն-քաղաքացի հարաբերություններում կան հստակ մշակված և դարերով զարգացած նորմեր, որտեղ ամեն մեկն ունի իր պարտավորությունների և պատասխանատվության չափաբաժինը: Եթե պետությունն այդ հարաբերություններում սահման է անցնում, քաղաքացին իրավունք ունի հաշիվ պահանջել, եթե քաղաքացին է սահմաններն անցնում, այստեղ պետությունն է իր խոսքն ասում: Գուցե կոպիտ, կոշտ, բայց ասում է: Եթե այս հարաբերություններում չկա հետևողականություն, սկզբունքայնություն, քաղաքացիական գիտակցություն, դա վերածվելու է անարխիայի: Ինչի նշույլները մենք հիմա տեսնում ենք:

Իսկ պարետ Տիգրան Ավինյանին պետք է փոխել: Հա, լավ, թող մնա: Ինչքան էլ մեր ուղեղին զոռ տվեցինք, իշխանությունների շարքում չգտանք այն մարդուն, որով կարող է նրան փոխարինել:

Իսկ հակահեղափոխությունը շարունակում է սողալ

Բնական է, որ իշխանության դեմ տարվող պայքարում այս բոլոր բացթողումներն ու թերությունները պիտի օգտագործվեն ու շահարկվեն: Այդ ուժերը, որոնց մենք՝ ցավոք սրտի, չենք կարող ընդդիմություն համարել, մետր առ մետր նոր դիրքեր են գրավում: Օր-օրի ավելի բարձր են հնչեցնում հեղաշրջման, իշխանափոխության անխուսափելիության մասին: 

Եթե ուշադրություն եք դարձրել, ապա նկատած կլինեք, որ հատկապես վերջին մեկ ամսում նախկին ռեժիմի մնացորդները Նիկոլ Փաշինյանի անունը չեն տալիս, այլ ասում են՝ «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կամ՝ զավթող»: Այսինքն, գնալով փորձում են հանրության շրջանում արմատավորել այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանը զավթել է իշխանությունը, լեգիտիմ չէ, հետևաբար: Իսկ դա ինչի համար են անում, կարծում ենք՝ ակնհայտ է. հեղաշրջման իրավական և քաղաքական հիմքեր են ստեղծում: Գուցե, նաև ռազմական: Սրանցից ամեն ինչ սպասելի է, տեսել ենք:  

Այդ ո՞վ էր խոսում զենքի ապօրինի առևտրի մասին

Մի ուրիշ բան էլ ենք նկատել. նախկին ռեժիմը բավական ակտիվ և հետևողականորեն իշխանությունների դեմ է օգտագործում բոլոր այն հանցագործություններն ու կոռուպցիոն սխեմաները, որոնց հեղինակները հենց իրենք են: 
Զենքի անօրինական առևտրի մեջ են մեղադրում, պարզվում է, որ դրա իրական մասնակիցները նախկին իշխանությունների հետ են կապված ու նրանց օրոք են դրանով զբաղվել:

Քաղավիացիայի պատմությունը. Եվրոպան արգելել է հայկական գրանցմամբ ավիաընկերությունների մուտքը իր տարածք, մի աղմուկ, մի հիստերիա: Երբ որ իրենք են հայկական ավիացիան ոչնչացրել. ծրագրված, նպատակաուղղված: Քոչարյանի առաջին քայլերից մեկը դա է եղել. շահույթով աշխատող հայկական քաղավիացիան սնանկացնել, հետո՝ յուրայինների միջև բաժանել: Այդ պատմության մեջ իր զարմուհին էլ կա, մի օր դրա մասին էլ կխոսենք: Ու իրենց պաշտոնավարման տարիներին բազմաթիվ հանցագործների ավիաընկերություններ ստեղծելու արտոնագրեր են տվել, ու այդ ավիաընկերություն կոչվածները զբաղվել են զենքի ապօրինի առևտրով: 

Հիմա շատերը մոռացել են կամ էլ չգիտեն «Տիգա-Էյր» հայկական ավիաընկերության խայտառակ պատմությունը: 2004-ին այս ավիաընկերության Ան-12 ինքնաթիռով զենք էին տեղափոխել Հասարակածային Գվինեա, այն էլ ինչի՞ համար՝ այդ երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու: Բայց բռնվել էին, օդանավի 6 հայ օդաչուներին էլ դատապարտել էին 14-24 տարվա ազատազրկման: Համարյա 1,5 տարի բանտում մնալուց հետո, հսկայական ջանքերի գնով, երևի այդ երկրի իշխանություններին փող-մող էին տվել, օդաչուներին ազատ արձակեցին:  

Սա Նիկոլ Փաշինյանի օրոք չի եղել: Սա եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք: Ու այսպիսի պատմություններ դեռ շատ կան: Հերթով, շարքով: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1593 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ