...

Լոկ դաուններ՝ նոյեմբերի 1-ից

Լոկ դաուններ՝ նոյեմբերի 1-ից

Պատերազմների երկիր ենք

Նոյեմբերի 1-ից Հայաստանում քովիդի պատճառով լոկդաուն է հայտարարվում: Հայաստանն արդեն միջազգային ատյաններում դասվել է կարմիր, նարնջագույն, վառ բորդո գույնի խմբերում, որպես կորոնավիրուսի ահավոր օջախ: Օրական 45-50 մահ է գրանցվում: 

Այնպես որ, հայտարարվում է լոկդաուն: Այսինքն՝ լոկ դաուն: Սա մեր իշխանությունների՝ քովիդի դեմ վարած քաղաքականության բնորոշումն է: Բացարձակապես շունը տիրոջը չի ճանաչում: Ամեն օր իրար հակասող որոշումներ են ընդունում: Մի օր ասում են՝ բոլորը պետք է դիմակ կրեն, մյուս օրն ասում են. բոլորը՝ բացի մեզանից: Երրորդ օրն ասում են՝ պատվաստվեք, հաջորդ օրը պարզվում է՝ նրանց մեծ մասը դեռ պատվաստված չէ. մոդեռնային են սպասում: 

Ու միայն քովիդի դեպքում չէ նման անհետևողականությունը: Բոլոր ոլորտներում և արդեն 3 տարի: Պատերազմ՝ պատերազմի հետևից են սարքում մեր գլխին:

Պոլիկլինիկաներում ինչպես է կազմակերպված պատվաստման գործընթացը. սրա սյուժեով կարելի է թրիլեր նկարահանել: Կարելի է ժամերով հերթ կանգնել, վերջում քոռուփոշման հեռանալ, քանի որ պատվաստանյութը վերջացել է: Օրինակ:

Նոր ակտիվացում՝ նոր կորուստներ

Ինչ է կատարվում Սյունիքում, սա առանձին թրիլեր է: Էրդողանն ու Ալիևը Ֆիզուլիում օդանավակայան են բացում (իմիջիայլոց, մեր լրատվամիջոցների մեծ մասը էս կարգի լուրերը հայտնելուց գրում է՝ օկուպացված Ֆիզուլիում, սա առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք), ասֆալտ են գցում, հայտարարում, թե այդ ասֆալտը տանելու են մինչև Նախիջևան: 

Բայց այստեղ մեր ուշադրությունն այլ բան գրավեց. արդեն մի շաբաթ կլինի, ինչ քոչարյանականները ղըզղնել, մեյդան են ընկել, առիթ-անառիթ հայտարարում են, թե՝ օրինակ, Ղարաբաղը բանակցություններից Տեր-Պետրոսյանն է դուրս թողել, ոչ թե իրենց շեֆը: Մասնավորապես, դրա մասին խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Այն Խամոյանը, որը 2017-ին ականջները խլշտած՝ Հ1-ի ստուդիայում Լևոն Տեր-Պետրոսյանին էր լսում: Ու հալվում էր այն փաստից, որ Առաջին նախագահից հարցազրույց է վերցնում: Ինչ-որ չենք հիշում, որ Տեր-Պետրոսյանին հարցներ, թե ինչո՞ւ է Արցախը բանակցություններից դուրս թողել: 

Նույն բանը հայտարարեց նաև մեկ այլ քոչարյանական պատգամավոր՝ Արամ Վարդևանյանը: Էս տղեն մի քանի տարի առաջ է ծնվել, բայց այնպիսի փութաջանությամբ էր պնդում, թե Արցախը ոնց է դուրս մնացել բանակցություններից, կարծես իր աչքի առջև է դա տեղի ունեցել, անձամբ է տեսել, թե ինչպես է Առաջին նախագահը Ղարաբաղը դուրս հանում բանակցություններից:

Այնպիսի տպավորություն ենք ստանում, որ սրանք Քոչարյանին փորձում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում վարած քաղաքականության պատասխանատվությունից դուրս հանել: Կոնկրետ՝ Մեղրիի միջանցքի հետ կապված հարցում: Որովհետև այն փաստը, որը Մեղրիի միջանցքը դարձել է բանակցությունների սակարկության առարկա, դա հենց Ռոբերտ Քոչարյանի «շնորհքն» է: Իր օրոք և իր շնորհիվ է Մեղրի անունը մտել բանակցությունների մեջ: Ու այդպես մնացել է մինչև մեր օրերը: Մեզ թվում է, թե հենց սրա համար են այսպես կպած Քոչարյանի համար դոշ տալիս: 

Հիմա էլ հայտարարում են, թե միտինգներ ենք անելու: Թե ինչի համար, չգիտենք: Իբր՝ ինչ-որ բան են ուզում փրկել: Մեկն էլ լինի, մեզ ձեզանից փրկի: Այս իրավիճակը ստեղծվել է նաև Քոչարյանի ու նրան սպասարկող դաշնակների պատճառով: Ամեն ինչ արեցին, որ Փաշինյանը մնա իշխանության, հիմա էլ՝ եկեք հայրենիքը փրկենք: Մի անգամ 1920-ին եք փրկել, դրանից հետո՝ 1998-2008-ին եք փրկել, հետո՝ 2020-ին, հիմա էլ հայրենիքը փրկելու նոր անոնսն են տվել: Ու ամեն անգամ այսպես փրկելուց հետո տարածքային կորուստներ ենք ունեցել, երկիրն ավելի ծանր վիճակում է հայտնվել, որևէ դրական փոփոխություն անելու շանսերը նվազել են: Տեսնենք, թե այս անգամ ինչ ենք կորցնելու: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ