...

Փրկել շարքային Քոչարյանին

Փրկել շարքային Քոչարյանին

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանն ու Ագնեսա Խամոյանն իրենց ելույթներում հայտարարել են, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս է թողել ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հա, շուտ-շուտ ասեք, չմոռանաք: Էն վաղ էր, որ էշը կաղ էր: Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու հարցում վաղուց արդեն բանավեճն ավարտվել է: Փաստաթղթավորված, հաստատված բան է, որ բանակցություններից Արցախը դուրս է թողել Ռոբերտ Քոչարյանը: Ինչքան ուզում եք ձեր տիրոջը դրա պատասխանատվության տակից հանեք, չի ստացվի:

Որ Քոչարյանն է դա արել, հաստատել և հայտարարել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմաթիվ համանախագահներ՝ Կազիմիրովը, Բեռնարդ Ֆասիեն, Բրայզան: Բայց ինչի՞ համանախագահները, հենց Քոչարյանն ու Օսկանյանն են դա ընդունել՝ ժամանակին բացատրել են, թե ինչու են դա արել:

Ընդամենը երկու բան ասենք, թե չէ սրանց լոլոներին վաղուց բանի տեղ դնող չկա: 

Առաջին. հենց Ռոբերտ Քոչարյանն է 1999 թվականին Ստամբուլում ստորագրել ԵԱՀԿ գագաթնաժողովի հռչակագիրը, համաձայն որի՝ ԵԱՀԿ անդամ երկրների միջև տարածքային խնդիրները կարգավորվում են տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1996թ. Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթնաժողովում այդ դրույթի պատճառով վետո դրեց նույնատիպ փաստաթղթի վրա: Վետո դնելուց առաջ ելույթ ունեցավ, ասաց՝ մեր համար անընդունելի սկզբունք է և այդքան համարձակություն ուներ, որ վետո դներ: Իսկ Քոչարյանը այդ «դուխը» չուներ: Դեմ տվին, ասին՝ ստորագրի, ստորագրեց: Դրանից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչպիսի լուծում էլ լիներ, այն պետք է լուծվեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Անունը դրեք՝ փաթեթային, ընդհանուր պետություն, նժդեհական, հերոսական, կապ չունի. Քոչարյանն արդեն ընդունել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի դեպ, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո էր այդ փաստաթուղթը ստորագրել: 

Եվ երկրորդ. որ ասում են՝ բանակցային գործընթացից Լևոնն է դուրս թողել: Տեր-Պետրոսյանի օրոք Արցախը բանակցային կողմ էր, ԵԱՀԿ Մինսկի խումբը կարգավորման փաթեթ էր պատրաստում և ներկայացնում հակամարտության երեք կողմերին, շեշտում ենք՝ երեք. Ադրբեջանին, Հայաստանին և Արցախին: Բազմաթիվ անգամ: Երեք կողմերն էլ ուսումնասիրում էին փաթեթները, ասում էին՝ համաձայն ենք կամ դեմ ենք: Դրա իրավունքը երեքն էլ ունեին: 

Հիմա հարց. Տեր-Պետրոսյանի օրոք եղե՞լ է գոնե մի դեպք, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորման հերթական փաթեթը ներկայացնեին միայն Ադրբեջանին և Հայաստանին: Թող քոչարյանականները սրան պատասխանեն: Գոնե մի օրինակ բերեն: Չի եղել: Այսինքն՝ Արցախը Տեր-Պետրոսյանի օրոք միշտ եղել է բանակցության կողմ: Իսկ ե՞րբ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորման փաթեթները սկսել ներկայացնել միայն Ադրբեջանին և Հայաստանին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք: 

Սրանք չոր փաստեր են: Ուզում եք, տվեք ձեզ պատերով, ելեք առաստաղ, ընկեք գետնին, ուզում եք՝ Էդիկ Մինասյանին հարյուր հատ կեղծված դասագիրք պատվիրեք, փաստերը չեք կարող շրջանցել:

Հ.Գ. Հա, մեկ էլ. իշխանական պոակավորներից մեկը սրա վերաբերյալ գրել է. «Տարօրինակ է նաև ՀԱԿ համակիրների լռությունը, որոնք Լևոն Տեր-Պետրոսյան անունը լսելիս դանակներով մտնում են մարդկանց էջեր, բայց ԱԺ-ից իրենց առաջնորդի հասցեին հնչող ուղիղ ու սուտ մեղադրանքների ժամանակ դեռևս լուռ են»:

Սրանք էլ մի ուրիշ ձևի օյին են: Մի ամբողջ խմբակցություն ունեք խորհրդարանում՝ մի 60-70 պատգամավորով, սրանցից ոչ մեկը քոչարյանականների զառանցանքներին չի արձագանքում, ծպտուն չեն հանում, ասում են՝ ինչի՞ Լևոնի կողմնակիցները ձեն չեն հանում: Դե, եթե խորհրդարանում քննարկումներին, ելույթներին Լևոնի կողմնակիցները պետք է պատասխանեն, դուք լուռ մնաք, հելեք, ռադ եղեք խորհրդարանից, գան՝ տեղը-տեղին պատասխանեն: Բա ձեր գործը ո՞րն է. պարգևավճարներ ստանա՞լը: Չեն էլ հասկանում, որ եթե խորհրդարանի ամբիոնից ստախոսություններ են դուրս տալիս, փաստեր աղավաղում, այն էլ՝ Արցախի բանակցային կողմ լինելու հարցի շուրջ, դա միայն Տեր-Պետրոսյանին չի վերաբերում, դա մեր պետությանն է վերաբերում, բոլորիս, այդ թվում՝ ձեր նման անկյալներին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ