Այսօր ցույց կտանք, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը վերջին օրերին կպած խոսում Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելու մասին, ու անընդհատ հիշատակում է Լիպարիտյան-Գուլուզադե հանդիպումները, իբր, իրենք են Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել, քանի որ հանդիպել են առանց Արցախի ներկայացուցչի: Մասամբ Քոչարյանի այս մանիպուլյացիաների մասին խոսեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր ասուլիսում:
Ընդհանրապես, Քոչարյանի այս բացատրությունը՝ կապված Լիպարիտյան-Գուլուզադե հանդիպումների հետ, ցույց է տալիս, թե այս մարդը թերարժեքության ինչպիսի բարդույթով է տառապում: Ինքն իրեն նվաստացած է համարել, որ մասնակից չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի բոլոր հնարավոր և անհնար դրվագներին: Ո՞նց, բա ես Ղարաբաղի նախագահ լինեմ, ու չիմանա՞մ, թե Լիպարիտյանն այնտեղ ինչ է խոսում, Լևոնը գնում, աշխարհի մեծամեծերի հետ նստում, մեզանից է խոսում, բա ես էլ ինչացո՞ւ եմ:
Նաև այս թերարժեքության բարդույթը հաղթահարելու համար է Քոչարյանն իր առջև նպատակ դրել զավթել իշխանությունը Հայաստանում, որ մենակ ինքը բանակցի, նստի, հելնի աշխարհի մեծամեծերի հետ: Հստակ դրել է այդ նպատակն ու իրագործել: Ու օրերս էլ խոստովանեց, որ Արցախի հարցն ընդամենը պատրվակ է եղել իշխանությունը զավթելու համար. կոնֆլիկտը լուծելու որևէ նպատակ չի եղել, եղել է այն անվերջ, կամ գոնե մի 30 տարով ձգձգելու նպատակ:
Դրա համար է իր գավառական շուստրիությամբ փորձում իր բազմաթիվ ղալաթներից հերթականը գցել, այս դեպքում՝ Լիպարիտյանի վրա:
Ու նույն շուստրիությամբ չի ուզում ասել, որ մինչև Տեր-Պետրոսյանի հրաժարականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հարցի լուծման բոլոր առաջարկները պարտադիր ներկայացնում էին հակամարտող կողմերին, այսինքն՝ Հայաստանին, Ադրբեջանին և Արցախին: Այսինքն՝ Արցախը բանակցությունների լիիրավ կողմ է: Եվ չի ուզում ասել, հենց եկավ իշխանության, Արցախը միանգամից բանակցային այս ձևաչափից դուրս թռավ: Իսկ դուրս թռավ, որովհետև Քոչարյանը Պուշկինի հեքիաթի հերոսուհու պես ասաց. էլ չեմ ուզում լինել գեղջուկ, չեմ ուզում լինել տեղական, գավառական իշխանիկ, ուզում եմ լինել թագուհի: Ես եմ բանակը, ես եմ պետությունը, ես եմ ազգը: Ես, մենակ ես պիտի լինեմ: Ու գիտե՞ք՝ ով է հաստատում, որ Ռոբերտ Քոչարյանն է Արցախը դուրս շպրտել բանակցային գործընթացից. հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը:
Ահա փաստերը: Մեջբերում ենք Քոչարյանի խոսքը. «Երևան-Բաքու ուղիղ բանակցություններն ունեն երեք հիմնական առավելություն: Առաջին և կարևորը. Հայաստանը շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը: Երկրորդ` ես` որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում հանդիպումների ժամանակ ներկայացնել ԼՂ հարցը, որպես սուբյեկտ, ով ուղղակի անմիջական պատասխանատվություն ու բեռ է կրում բանակցությունների համար: Երրորդ` Հայաստանի նախագահի ներգրավվածությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է բարձրացնում Հայաստանի պատասխանատվությունը ԼՂՀ-ի նկատմամբ, քանի որ մենք ամբողջ Հայաստանի ներուժը` և´ դիվանագիտական, և՛ տնտեսական, և՛ պաշտպանական, ծառայեցնում ենք այս հարցի կարգավորմանը»:
Հասկացա՞ք: Մարդը դրել, ապացուցում էր, որ ճիշտը Երևան-Բաքու ուղիղ բանակցություններն են: Որ ինքը բանակցություններում հա՛մ Հայաստանն է, հա՛մ Արցախը:
Շարունակենք. 1999 թ. օգոստոսի 21-ին Ժնևում Հեյդար Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Ես որոշակիորեն այստեղ ներկայացնում էի նաև ղարաբաղյան կողմի շահերը՝ որպես նախկինում ԼՂ ղեկավար՝ իմանալով նրա անհանգստությունները»: («Հայաստանի Հանրապետություն», 163, 1999): Այսինքն՝ Քոչարյանը իր վրա է վերցնում նաև Ղարաբաղի ներկայացուցչի դերը:
Այնտեղից վերադառնալով՝ Քոչարյանը բանակցություններից Ղարաբաղի դուրս մնալու մասին ասել է հետևյալը. «Վերսկսված բանակցություններն անշուշտ պետք է տեղի ունենան ԼՂՀ լիարժեք մասնակցությամբ: ...Սակայն բանակցային գործընթացում գալիս է մի ժամանակահատված, երբ բանակցող կողմերը սկսում են գործել միջնորդների համար: Յուրաքանչյուրն ուզում է ապացուցել իր ճշմարտացի լինելը՝ ընդգծելով հակառակ կողմի սխալականությունը»:
Մեկ ուրիշ բացատրություն, թե ինչու է Ղարաբաղը դուրս թողել բանակցություններից. «Փաստորեն, հարցը հայտնվել էր փակուղու մեջ, և պարզ է, որ Մինսկի խումբը պետք է գար նոր առաջարկով, որը կլիներ քիչ ավելի շեղված դեպի Ադրբեջանի ցանկությունները: Ես ենթադրում եմ, որ մենք նոր առաջարկին կասեինք՝ ոչ, Ադրբեջանը կասեր՝ այո: Եվ ցիկլն անընդհատ կկրկնվեր, քանի որ նախկինում մենք երկու անգամ այդպիսի կրկնություն ուղղակի ունեցել ենք: Եվ այստեղ ծնվեց երկու նախագահների հանդիպումների մասին գաղափարը» («Հայաստանի Հանրապետություն», 2000, 25):
Եվս մեկը. «Ինձ թվում է, որ գոյություն ունի բանակցություններին ԼՂՀ մասնակցության ոչ կոռեկտ ընկալում: Բանակցային գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից շատ ավելի լայն է: Դա նաև իմ հանդիպումներն են Արկադի Ղուկասյանի հետ, որոնց ընթացքում մենք համաձայնեցնում ենք բանակցային դիրքորոշումները: Դա Մինսկի խմբի համանախագահների պարբերաբար այցելություններն են տարածաշրջան և նրանց հանդիպումները ԼՂՀ ղեկավարության հետ: Ի դեպ, սա բանակցությունների առավել բովանդակալից մասն է: Դա ԵԱՀԿ գործող նախագահի օգնականի կանոնավոր այցելություններն են ԼՂՀ: ԼՂՀ-ն բանակցային ողջ գործընթացի ակտիվ մասնակիցն է: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ես ներկայացնում եմ նաև Արցախի շահերը»: («Հայաստանի Հանրապետություն», 2005, 36):
Բայց Ռոբերտ Քոչարյանի էժանագին ստախոսության ամենավառ փաստը սա է, մեջբերում ենք. «Հայաստանը երբեք նման որոշում չի ընդունել (նկատի ունի բանակցություններից Լեռնային Ղարաբաղի դուրս մնալը), այդպիսի բան չի եղել: Դա եղել է մինչև պարոն Ֆասիեի՝ համանախագահ դառնալը, բայց այդպիսի որոշում չի եղել: Դա այլ կերպ ստացվեց. եթե հիշում եք, կար փակուղի, և սկսվեց իմ ու նախագահ Հեյդար Ալիևի միջև բանակցային գործընթաց, որ գրեթե ավարտվում էր փաստաթղթի ստորագրմամբ Քի Վեսթում: Այդ գործընթացը փաստացի բերեց դրան» («Հայաստանի Հանրապետություն», 2008, 10):
Ահա այսպես. մարդն ասում է, Հայաստանը երբեք Ղարաբաղին բանակցություններից դուրս թողնելու որոշում չի կայացրել, հետո ասում է՝ ես եմ դուրս թողել, հայ-հայ Քի-Վեսթում բան էինք ստորագրում: Իսկ հիմա իր այս գավառամտության համար ուրիշներին է մեղադրում: Սրան ի՞նչ անուն տաս:
Հ.Գ. Էս էլ ու պրծ: Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը բանակցություններին ԼՂՀ չմասնակցելը բացատրել էր նրանով, որ Հայաստանը՝ որպես ճանաչված պետություն, առավելություն ուներ չճանաչված Ղարաբաղի համեմատ: «Կար ժամանակ, երբ Հայաստանի դիրքորոշումը հետևյալն էր. Հայաստանի համար ընդունելի կլիներ այն, ինչ կպայմանավորվեին ԼՂ-ն և Ադրբեջանը: Սակայն այդ օրերին մենք ստանում էինք այնպիսի առաջարկներ, որ բացարձակապես անընդունելի էին հայկական կողմի համար: Այն օրվանից, երբ Հայաստանն առավել ակտիվ է ներգրավված բանակցություններում, սեղանի վրա հայտնվում են այնպիսի առաջարկներ, որոնց սկզբունքները կարելի է քննարկել: Այստեղից ակնհայտ է, որ այլ պետություններ այլ կերպ են մոտենում ճանաչված պետությանը, քան չճանաչվածին: Համենայն դեպս, ընդհանուր պայմանավորվածություն կա համանախագահների հետ, և դա նույնիսկ Ադրբեջանն է ընդունում, սկզբունքների ճշտումից հետո ԼՂ-ն որպես կողմ իր մասնակցությունն է ունենալու համաձայնության մանրամասների շուրջ ընթանալիք քննարկումներին» («Հայաստանի Հանրապետություն», 2006, 33):