...

Ստախոսի ամեն ինչն է կարճ

Ստախոսի ամեն ինչն է կարճ

Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ անդրադարձել է այն թեմային, թե երբ և ինչպես է Արցախը դուրս մնացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից՝ որպես հակամարտող կողմ:

Նա հայտարարել էր, որ 1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։

«Մինչ այդ, մոտ 1,5 տարի ինտենսիվ բանակցություններ են եղել ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի միջև։ Ինտենսիվ բանակցություններ՝ առանց Ղարաբաղի։ Ես Ղարաբաղի նախագահն էի, և Ժիրայր Լիպարիտյանը երբ գալիս էր, կիսատ-պռատ ասում էր, թե ինչ է եղել։ Կամ խոսում էր Ղարաբաղի այն ժամանակվա արտգործնախարար Արկադի Ղուկասյանի հետ։ Բայց Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել այդ բանակցություններին։
Հիմա դրանից հետո մարդիկ ի՞նչ խղճով են ասում, որ ես եմ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել։ Ուղղակի ստեղ խղճի հարց չկա, ստի և, այսպես ասենք, ուղղակի մշակույթի հարց է։ Հիմա եթե դու ի վիճակի ես ստել առանց կարմրելու, ուրեմն դա այնքան է սովորական քո համար, հա ստի, ի՞նչ»,-
 ասել է նա` հավելելով, որ իրեն այսօր մեղադրում են այն ուժերը, որոնք հենց իրենք են Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից։

Ճիշտն ասած, երբ պատրաստվում էինք այս հարցին անդրադառնալ, Լևոն Տեր-Պետրոսյանը մեզանից առաջ անցավ ու այսօր կայացած մամուլի ասուլիսում մի փոքր անդրադարձավ Քոչարյանի հայտարարություններին:

Ասաց այն, ինչ մենք էինք ասելու. որ, մասնավորապես, Լիպարիտյան-Գուլուզադե հանդիպումները դեռ հայ-ադրբեջանական բանակցություններ չեն, որ բանակցություններն ընթանում էին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում էր լիիրավ կողմ: 

«Ես միլիոն անգամ եմ բանակցել առանց Արցախի: Երբ ես գնում էի Ելցինի հետ, չպե՞տք է խոսեի Ղարաբաղի հարցի մասին: Շիրակի, Քլինթոնի հետ: Քոչարյանն ինքն էլ է տասն անգամ խոսել նույն ղեկավարների հետ:

Այստեղ Քոչարյանը մանիպուլյացիա է անում: Ղարաբաղյան գործընթացի կարգավորման միակ ատյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր: Իսկ Ղարաբաղն այդ ատյանում ճանաչված էր որպես լիիրավ հակամարտող կողմ: Կողքի բանակցությունները միշտ էին ընթանում, և եթե չընթանային, ոչինչ չէր ստացվի: Իսկ որ Լիպարիտյանը մի տարի խոսել է Գուլուզադեի հետ, դա բանակցություն չէր: Բանակցությունն այն էր, երբ այդ օրգանը, որտեղ դու բանակցում ես, որոշումներ է կայացնում: Որոշումներ կայացնում էր միայն Մինսկի խմբի համանախագահությունը:

Իսկ դրանից դուրս, հազար ու մի խորհրդակցություններ կարող էին լինել՝ շոշափելու համար գոնե, ասենք, Ադրբեջանի մտադրությունները, տրամադրվածությունները: Փոխանակ քաջալերեին այդ քայլը, գովեին, ինչպես միջազգային հանրությունն էր գովում, Քոչարյանը հետին թվով... այն ժամանակ ինքն էլ չէր բողոքում, բացարձակապես, չկա այդպիսի բան, չեք գտնի, հիմա մի պատրվակ է գտել, որ իբր թե Ղարաբաղին հակամարտության բանակցային գործընթացից հեռացրել են Ժիրայր Լիպարիտյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ասաց Առաջին նախագահը:

Այս պարզ իրողությունը Քոչարյանը իբր թե չի հասկանում: Լիպարիտյանն ու Գուլուզադեն կարող էին միլիոն անգամ էլ հանդիպել, քեզ ի՞նչ: Լիպարիտյանը հազար ու մի հոգու հետ կարող էր հանդիպել, քննարկել նաև Ղարաբաղի հարցը, քեզանից պիտի թույլատվություն ստանա՞ր: Լիպարիտյանը գնացել, հասել է Աֆղանստան՝ մոջահեդների մասնակցությունը պատերազմին թույլ չտալու համար, քեզ ջեբը գցեր, հետը տանե՞ր: 

Լավ, այսքանը: Իսկ թե Քոչարյանն ինչպես է Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից, այդ մասին՝ վաղը:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ