Ավանակապետության առաջամարտիկները
Շաբաթվա իրադարձությունները արժե մի անեկդոտի սեղմ նկարագրությամբ սկսենք. «Բարև էշեր: Բայց ինչի՞ էշեր: Որովհետև շատ ես էշ»:
Այս իշխանությունները բազմաթիվ սխալներ են թույլ տալիս: Ամեն շաբաթ: Անհասկանալի որոշումներ, ոչ հետևողական քայլեր, սխալ քաղաքականություն, անհիմն պարգևավճարներ, անվճռականություն, բացթողումներ:
Բայց... այս ընդդիմություն կոչվածի ֆոնին այս իշխանությունը ուղղակի «մոզգ» է: Ախր շատ երկարականջ է այս ընդդիմությունը: Իշխանությունը մի սխալ է թույլ տալիս, պատրաստվում ես քննադատել, մեկ էլ «ընդդիմության» շարքերից մեկն այնպիսի մի բան է ասում, որ մոռանում ես իշխանությանը, շրջվում ես ու դրան ասում. «Բայց ինչի՞ ես այդքան տուպոյ»:
Տեսեք. այս ընդդիմության կեսն ասում է՝ դիմակ մի՛ կրեք, էն կեսն ասում է՝ դիմակ կրեք, բայց միջի չիպերը հանեք, մի մասն ասում է՝ դեմ ենք եկեղեցու պատմությունը դպրոցներից հանելուն, մի մասն էլ հպարտանում է իր ռուսական անձնագրերով, մի մասն ասում է՝ մեր հայրենիքը պատիվ ունի, էն կեսն էլ՝ թե բա մինչև կյանքիս վերջ պայքարելու եմ Ռուսաստանի շահերի համար: Ու այս անհասկանալի խառնուրդը հեղաշրջման հայտ է ներկայացնում, իբր կոալիցիա են կազմել:
Այնպես որ, Տաշիրի Սամոն հավայի տեղն է սրանց վրա փող թափում: Հաշվեք, որ Սևան-Հրազդան կասկադի ջրերն է թափել:
Սուդյա, պի***ած
Ի դեպ, Տաշիրի Սամոն սրանով ոչ միայն ֆինանսական, այլև իմիջային վնասներ է կրում: Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում մի թիմ կա՝ «Արարատ-Արմենիա»: Ասում են, որ Տաշիրի Սամոն է թիմի հովանավորը: Մինչև վերջերս դրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Անցած տարի թիմը ահագին «շուխուր» հանեց եվրագավաթներում, ֆուտբոլասերների սիրելին էր դարձել, իսկ հիմա հակառակ պատկերն է:
Հիմա այս թիմից երես են թեքել զուտ նրա համար, որ Տաշիրի Սամոյի թիմն է: Հայաստանի բոլոր թիմերին հաջողություն են մաղթում «Արարատ-Արմենիայի» հետ խաղերում, թիմի հետ կապված ցանկացած մրցավարական սկանդալ անմիջապես կապում են ռուսահայ գործարարի հետ: Տաշիրի Սամոյին էս գլխից ենք զգուշացնում. եթե թիմը նույնիսկ չեմպիոն դառնա, թող շատ չուրախանա. հիմա կարանտին է, երկրպագուների մուտքը ստադիոններ արգելված է, բայց հենց արգելքը հանեն, իր հասցեին այնպիսի վանկարկումներ են լինելու, այնպիսի պաստառներ են ցույց տալու, որ դեռ փոշմանելու է Հայաստանի իշխանությունների դեմ մեծ խարդավանքներ լարելու համար: «Շիրակի» գլխին էլ սարքեցին, հիմա գործարար Արման Սահակյանին էլ իր դեմ հանեց:
Այնպես որ, չգիտենք, թե ինչ խորհուրդ տանք Տաշիրի Սամոյին. սկզբից «ընդդիմություն» պրոյեկտը փակի՞, թե՞ «Արարատ-Արմենիա» պրոյեկտը:
Ջաննի ջան, Ջաննի ջան
Բայց մենք շարունակենք անեկդոտի թեման: Լրացավ Հրայր Թովմասյանի 50-ամյակը: Ու հենց այդ օրը ՄԻԵԴ-ի որոշումը չոքեց դուռը: Շատ լիրիկական ստացվեց:
Կարճ հիշեցնենք, թե ինչը ոնց եղավ: Հրայր Թովմասյանը մի բողոք էր գրել ՄԻԵԴ-ին. բա չե՞ք ասիլ, մի սահմանադրություն էի գրել, ըստ որի, ՍԴ նախագահը պիտի 6 տարի պաշտոնավարի, ՍԴ անդամները՝ 12 տարի, բայց հետո ջոկեցի, որ մի օր մեռնել կա, Սերժի ու Ռոբի հետ քցինք-բռնինք, որ ճիշտը մեկն ա. մինչև 2035 թիվը պիտի «ռուլիտ» անեմ ՍԴ-ում: Սերժից օրհնանքը ստացա, Ռոբից՝ ԺԵԿ-ի տեղեկանքը, ու մեկ էլ՝ գըմփ-գըմբ, հու´, ինձ զրկեցին ՍԴ նախագահի պաշտոնից: Մալվինայիս էլ հետը: Բա սա կյանք է՞: Ջաննի ձաձա, ասա էլի, թող իմ իրավունքները վերականգնեն, էլի, խորհրդարանի որոշումը կասեցնեն էլի, լավ էլի, Ջաննի ջան: Մի բան արա, ցավդ տանեմ, լավությանդ տակից դուրս կգամ:
Մի մտածեք, թե սա հումոր է: Հենց այս կարգի ու մակարդակի բողոք են ներկայացրել ՄԻԵԴ-ին: ՄԻԵԴ-ն էլ պատասխանել է, թե լավ, հասկացանք, որ ընդդիմությունը տուպոյ է, բա դուք չէի՞ք կարող ավելի գրագետ բողոքը ձևակերպել: Եվ ընդհանրապես, մեզ գժի տե՞ղ եք դրել: Սահմանադրական դատարանը դուք եք, այն երկրի բարձրագույն մարմինն է համարվում, փոխանակ ձեր հարցերը ձեր մեջ լուծեք, ինչի՞ եք ուրիշ տեղ դիմում:
Մենք օրերս գրել էին, հիմա էլ ենք Հրայր Թովմասյանին խորհուրդ տալիս. թող դիմի միջազգային բոլոր ատյաններին:
Պատկերացնո՞ւմ եք: Ու այսպիսի մարդկանցով է լցված եղել Սահմանադրական դատարանը: Այսպիսի Սահմանադրական դատարանով ոչ թե պետություն է պետք ստեղծել, այլ պետություն փակել: Իհարկե, այդ ուղղությամբ Հրայր Թովմասյանը դեռ մի բան կմոգոնի, իրենից ամեն ինչ սպասելի է:
Վերջում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին հիշեցնում ենք, որ 2030 թվականի հուլիսի 8-ին լրանում է Հրայր Թովմասյանի 60-ամյակը: Թող հիմիկվանից մի հատ հավեսով շնորհավորական տեքստ գրի:
«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020