...

Իշխանությունն առերեսվում է իր սխալների հետ

Իշխանությունն առերեսվում է իր սխալների հետ

Սահմանադրական դատարանը շատ կարճ կապեց Ազգային ժողովի իրեն հասցեագրված դիմումին՝ չենք քննում և վերջ: ՍԴ-ի մասին սերիալի հեղինակները սպառնում են նորանոր եթերաշրջաններով: Հայաստանի նորանկախ պատմության ամենաերկարատև ճգնաժամերից մեկն ավարտվելու միտում չունի:

Այս ամբողջ էպոպեային հետևելիս կարելի է մեկ եզրահանգում անել. իշխանության մեջ կա կամ կան մարդիկ, որոնք նպատակաուղղված կերպով սաբոտաժի են ենթարկում ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծումը: Քաղաքական հոտառության ինչպիսի բացակայություն պետք է լինի, որ անցյալ տարի հոկտեմբերին ԱԺ-ի լուծարման գործընթացի հետ մեկտեղ, նույնը չարվի ՍԴ-ի նկատմամբ: Ինչպես կարելի է հանդուրժել, որ կապիտուլյացիայի ենթարկված բանակի մեկ առանձին զորամիավորում ոչ միայն չհանձնվի, այլև պահպանի իր մարտունակությունը և շարունակի ծառայել նախկին տերերին: Իսկ հանելուկի պատասխանն առավել քան հասարակ է: Հրայր Թովմասյանին և կոմպանիային ցրելու իմաստ չկա, ինչպես ծառայել են նախկիններին, նույն պատրաստակամությամբ կծառայեն նաև մեզ: Ամենայն հավանականությամբ, այսպիսի խոսքեր են շշնջացել Փաշինյանի ականջին, և նա հիմա առերեսվում է սխալ որոշման հետ: 

Բայց դա միակ սխալ որոշումը չէր: Սխալը կրկնվեց երկրորդ անգամ, երբ Վահե Գրիգորյանի հստակ ուղեցույցը դրվեց մի կողմ և ընտրվեց խուճուճ մի ճանապարհ, որն ի սկզբանե շատերը գնահատեցին դատապարտված: ՍԴ անդամներին չարվեցին այնպիսի առաջարկներ, որոնցից նրանք չկարողանային հրաժարվել: Ժամանակից շուտ թոշակի գնալու և արտոնությունները պահպանելու առաջարկն ամենևին գայթակղիչ չէր ՍԴ անդամների համար: Միգուցե լիներ գայթակղիչ, եթե նրանք չստանային ուրիշ, էլ ավելի գայթակղիչ առաջարկ: ՍԴ-ն մնում է նախորդ ռեժիմի և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի միակ հույսը խուսափելու արդարադատությունից: Նույն Քոչարյանը միլիոնավոր դոլարներ է ծախսում աջակիցներ ձեռք բերելու և հանրային կարծիք ստեղծելու վրա: Ինչն է նրան խանգարում թոշակից ավելի գայթակղիչ առաջարկներ անել ՍԴ 6 անդամի: Ասենք իշխանության առաջարկած թոշակը բազմապատկած պայմանական 1000 միավորով: Սա, անշուշտ, ավելի նպատակային ներդրում է, քան «հերոս» վանկարկող աջակիցները կամ վարկաբեկված լրատվամիջոցների պիառը: 

Բոլոր այն դեպքերում, երբ հեղափոխություն իրականացրած ուժը խուսափում է հեղափոխության ընձեռած գործիքակազմից և նախընտրում է այլևայլ ճանապարհներ, ստվերային համաձայնություններ, դատապարտված է: Չի կարող ՍԴ այս կազմը շարունակել պաշտոնավարել և միաժամանակ խոսել մեծ բարեփոխումների և մասնավորապես դատաիրավական բարեփոխումների մասին: Ցանկացած օրենք, որ նպատակ կունենա առողջացնել դատաիրավական համակարգը, կարժանանա ՍԴ-ի վետոյին: Իշխանությունը կամ պետք է հրաժարվի բարեփոխումներից, կամ ՍԴ վերաբերյալ ընդունի վիրահատական միջամտության մասին որոշում: Թեպետ որոշումն ուշացած է, սակայն վիրահատությունը կարող է փրկել բարեփոխումները: Առանց վիրահատության բարեփոխումները դեռ չծնված կմահանան:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6473 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ