Արդեն մեկ շաբաթ է, ինչ հետխորհրդային տարածքում մեծ իրարանցում է առաջացրել ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցազրույցը նախագահ Զելինսկու օֆիսի նախկին ղեկավար Անտոն Բոգդանի հետ: Ի թիվս այլ ուշագրավ բացահայտումների՝ Բոգդանը մանրամասնորեն պատմում է, թե ինչպես են նշանակում այս կամ այն պաշտոնյային: Ինչպես են Զելինսկու մտերիմները, պետական աշխատանքի փորձ չունենալով, լոբբինգ անում և վերջապես հաջողացնում կարևորագույն պաշտոններում նշանակել իրենց մարդկանց, որոնք որևէ ցանկություն չունեն իրականացնելու Զելինսկու՝ երկիրը բարեփոխելու կուրսը:
Այդ հարցազրույցը դիտելուց հետո ավելի պարզ է դառնում, թե ինչպես են Խունդկարյանը, Վաղարշյանը և Շաթիրյանը դարձել ՍԴ դատավորի թեկնածու:
Ամենայն հավանականությամբ Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ համոզել է, որ խելքը գլխին թեկնածուներ է գտել, որոնք կլրացնեն ՍԴ դատավորների թափուր տեղերը: Իսկ համոզել է մոտավորապես այսպիսի խոսքերով. «Շե՛ֆ, կարգին տղերք են, հարյուր տարի է համալսարանից եմ ճանաչում: Միշտ ինչ հարցով դիմել եմ՝ ընդառաջել են: Խոսել եմ հետները, ասում են, որ միշտ էլ դեմ են եղել Սերժին, պարզապես ձեռները ոչինչ չի եղել, տուն-տեղ, հազար ու մի խնդիր են ունեցել: Բայց հիմա պատրաստակամ են մեր հետ աշխատելու»: Եվ քանի որ Ալեն Սիմոնյանը չպատժվեց Վանեցյանին առաջին պլան բերելու համար, լրիվ նորմալ է, որ շարունակի կադրեր մատակարարել իշխանության համար:
Ինչո՞ւ կենտրոնացանք հենց Ալեն Սիմոնյանի վրա: Շատ պարզ պատճառով. որովհետև հենց նա իր թևերը փռեց թեկնածուների վրա՝ ունենալով այնպիսի ելույթ, որին կնախանձեին անգամ Շարմազանովը և Աշոտյանը:
Դեմագոգիայի այդքան դոզա սովորաբար նրանք էին իրենց թույլ տալիս հանրապետականի աբսոլյուտ իշխանության տարիներին: Իր ելույթում Սիմոնյանը այնպես հեգնեց հեղափոխությանը, որ ռևանշիստները հաստատ բացականչած կլինեն՝ свой человек:
Իհարկե, չի գտնվի մեկը, որը կհավատա, թե իշխանություններն այս թեկնածուներին առաջադրել են հանուն համերաշխության: Եթե գտնվի նման մեկը, ապա հաջորդիվ պետք է իշխանությանը կասկածի անմեղսունակության մեջ, քանի որ անցած երկուսուկես տարիները ցույց տվեցին, որ չի կարող լինել համերաշխություն նախկին հանցագործ իշխանության և հասարակության միջև: Համերաշխություն կարող է լինել նախկին հանցագործ իշխանության և բարեփոխման իմիտացիայով զբաղվող իշխանության միջև:
Եթե իշխանությունը վերջնականապես չի կորցրել իրականության զգացումը, ապա պետք է մերժի 3 թեկնածուներից նվազագույնը երկուսին, և նրանց թվում անպայման պետք է լինի Խունդկարյանը: Հակառակ պարագայում պայմանավորվածությունների մասին դավադրության տեսությունը օբյեկտիվորեն միս ու արյուն կստանա:
Արիս Վաղարշակյան