...

Քաղաքական կամք չկա, գոնե արժանապատվություն ունենայիք

Քաղաքական կամք չկա, գոնե արժանապատվություն ունենայիք

Ամբողջ աշխարհն է բողոքում ֆեյք նյուզից: Բայց մեր իրականության մեջ այն առավել քան սուր է դրսևորված: Հայկական ֆեյսբուքի գրառումների մի ստվար հատված նվիրված է ֆեյք նյուզին և մեդիամանիպուլյացիաներին: Այդ չարիքի մասին բարձրաձայնում և դժգոհում են վարչապետից մինչև պատգամավոր, նախարարից մինչև իշխանական սիմպատիաներ ունեցող հասարակ օգտատերեր: Փաշինյանն ընդհանրապես համոզված է, որ Հայաստանի իշխանությունների դեմ արդեն 1.5 տարի է, ինչ վարվում է տեղեկատվական հիբրիդային պատերազմ:

Եվ մեծ մասամբ կարելի է կիսել վարչապետի գնահատականը: Ընդդիմություն դարձած նախկին իշխանությունը չի խորշում ինֆորմացիոն պատերազմի և ոչ մի կոմպոնենտից: Ստին, մանիպուլյացիային, լուրի նենգափոխմանը վերջերս ավելացել է նաև ուղիղ հայհոյանքը: Անգամ Ռոբերտ Քոչարյանը չխորշեց քողարկված հայհոյել իշխանություններին՝ իր վերջին հարցազրույցում նշելով, որ ցանկանում է ոչ նորմատիվային բառապաշարով բնորոշել կառավարության գործունեությունը:

Ի՞նչ է դրան հակադրում իշխանությունը: Առանց չափազանցության կարելի է նշել՝ ոչինչ: Բողոքում է երևույթից, ինչպես կբողոքի ցանկացած ընդդիմություն, որի ձեռքերում բարձրաձայնումից զատ չկա այլ լծակ: Չկան օրենսդիր և գործադիր լծակներ՝ մեղմելու ֆեյք նյուզի ազդեցությունը հասարակության վրա:

Բայց իշխանությունը ոչ միայն իր վրա չի վերցնում պատասխանատվությունը պայքարելու այդ չարիքի կործանարար ազդեցության նկատմամբ, այլ նաև, ինչպես հիմա է ընդունված ասել, ոռոգում է այն: Իսկ ինչպես է ոռոգում: Շատ ուղիղ, ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով հյուրընկալվելով ֆեյք նյուզ տարածող լրատվամիջոցների տաղավարներում: Ներկայումս ֆեյք նյուզի առաջատարներից է վերջերս ստեղծված live24 «լրատվամիջոցը»: Որպեսզի հասկանալի լինի, թե քարոզչական ինչ գործիքի հետ ենք առնչվում, միայն նշենք, որ նրա խմբագիրն է հանդիսանում տխրահռչակ Գառնիկ Իսագուլյանը: Գործիչ, որ չի խորշում տարածել ամենաայլանդակ սուտը և երբ այն սպառվում է՝ անցնում է ուղիղ հայհոյանքների:

Տրամաբանությունն ասում էր, որ իշխանությունները պետք է միարժեք արհամարհեին լրատվամիջոցի անվան տակ թաքնված, ատելություն ու կեղծիք տարածող այդ միավորին:

Բայց ինչպես հաճախ է պատահում իշխանությունների պարագայում՝ բողոքելն ու մերժելը դեռ չի նշանակում չհամագործակցել: Իշխանության ամենաբարձր պաշտոնյաներից մեկը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատիվ է համարում հյուրընկալվել վերոհիշյալ լրատվամիջոցի տաղավարում և պատասխանել Կարմեն Դավթյանի հարցերին: Մեկի, որն ամեն օր աննախադեպ քանակությամբ լուտանքներ և հայհոյանքներ է ուղղում իշխանության և ժամանակ առ ժամանակ ժողովրդի հասցեին:

Եթե չկա քաղաքական կամք օրենսդրորեն լուծել այդպիսի «ինֆորմացիա» արտադրողների հարցը, ապա լինելով կովկասցի, գոնե պետք էր ունենալ արժանապատվություն և չայցելել նրանց: Այդպիսով նրանց մարգինալացնելու փոխարեն իշխանությունը նրանց հաղորդում է լեգիտիմություն: Ինչևէ, արձանագրենք, որ դա իշխանության ընտրությունն է:

Արիս Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ