Նիկոլ Փաշինյանի բախտը բերել է, որ հեղափոխությունը իրավաբանական կամ ֆիզիկական անձ չէ, այլապես այն ամենի համար, ինչ նա արեց իր հետ, լրիվ բավարար էր դատի տալու համար: Դատի կտար վարկաբեկման, զրպարտման և վիրավորանքի հիմքերով:
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ամբողջովին կրկնեց Ալեն Սիմոնյանի նախօրեին հնչեցրած տեսակետները և պարզ դարձավ՝ ԱԺ փոխխոսնակը չի զբաղվել ինքնագործունեությամբ և ամբողջովին արտահայտել է կուսակցական բոսի մոտեցումները: Միակ տարբերությունը. Սիմոնյանը ավելի զուսպ էր և հարցին, թե ավարտվեց արդյոք Սահմանադրական դատարանի ճգնաժամը, պատասխանեց, որ դեռ աշխատանք կա այդ ուղղությամբ: Փաշինյանը, հավատարիմ իր ոճին, շտապեց ավետել, որ ճգնաժամը հանգուցալուծվեց և միայն բաժակն էր պակասում, որ այն կենացի վերածեր:
Փաստորեն, անգամ տեսնելով հասարակության արձագանքը Փաշինյանը և կոմպանիան չեն գիտակցում, թե ինչ արեցին: 1804 թվականին, ֆրանսիացի քաղաքական գործիչներից մեկը՝ Բուլե Դե Լա Մերտուն, անդրադառնալով Նապոլեոնի խնդրահարույց որոշումներից մեկին, ասաց. «Սա ավելին է, քան հանցագործությունը, սա սխալ է»: ՍԴ-ն այս կերպով համալրելու, հասարակության կարծիքը հաշվի չառնելու, սեփական աջակիցներին հեգնելու և արհամարհելու քաղաքականությունը հանգեցնելու է ծանր հետևանքների, իսկ դրանք շտկելը դառնալու է անհնար:
Կա տեսակետ, թե հեղափոխության ձախողման մասին պնդումները չափազանցված են, քանի որ ամենակարևոր արդյունքն այլևս գրանցված է՝ նախկին իշխանությունները մերժվեցին: Մնացածը վերաբերմունքի, քաղաքական նախասիրությունների և նոր իշխանությունների աշխատանքը սուբյեկտիվ գնահատելու դաշտից է: Սակայն դա այնքան էլ այդպես չէ:
Փաշինյանը ազնիվ չէ, երբ պնդում է, որ շատերի քննադատության հիմքում խմբակային շահերն են և քննադատելով Խունդկարյանի կամ Վաղարշյանի նշանակումները, իրականում ցանկանում էին իրենց մարդկանց տեսնել ՍԴ դատավորի պաշտոնում: Չենք բացառում, որ կան նաև նման խմբեր, սակայն հասարակության քննադատության և դժգոհության հիմնական պատճառը սողացող ռևանշն է, իսկ վերոհիշյալ երկուսի նշանակումով այն ստանում է լրացուցիչ հող: Նրանցով չի իրականանալու հակահեղափոխություն, բայց ստանալու է լրացուցիչ դիվիդենտներ, ճիշտ այնպես, ինչպես ստացավ Վանեցյանի նշանակումով:
Հեղափոխության հաջողության թեման կարելի էր ավարտված համարել, եթե վերջապես փակված լիներ ռևանշի հնարավորությունը: Սակայն մենք ականատեսն ենք բոլորովին այլ վտանգավոր զարգացումների և ուստի հեղափոխության ձախողման մասին տեսակետը տրամաբանական է: Մերժված ուժերը ամբողջովին պահպանել են իրենց դիրքերը դատական իշխանությունում և ոչ պակաս կարևորություն ունեցող մեդիա դաշտում: Իրենց հերթին, գործող իշխանություններն իրենց քայլերով ոչ միայն չեն նպաստում այդ դաշտերում նախկինների դիրքերի թուլացմանը, այլև հակառակը՝ անգամ նպաստում են, որ հանկարծ նրանց հետ մի բան չպատահի:
Այս պայմաններում իշխանությունները չպետք է հանկարծակիի գան: Առաջիկայում նոր թափ են ստանալու խոսակցությունները և վերլուծությունները, թե իրականում հեղափոխություն տեղի չի ունեցել և մենք գործ ունենք պայմանավորվածությունների հետ: Դրանք հերքելը օր օրի դժվարանալու է, և միակ մեղավորը իշխանություններն են, որ գրեթե ամեն օր խնամքով ոռոգում են այդ կասկածները: Բայց կարծես թե իշխանություններին դա չի մտահոգում. նրանք դուխով անցան Ռուբիկոնը:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020