Ներկայումս շատերն են քննադատում կառավարությանը հեղափոխական արժեքներից հեռանալու համար: Պատմությունից քիչ թե շատ տեղյակները գիտեն, որ դա օրինաչափություն է, և դժվար է հիշել մի իշխանության, որն ամբողջովին հավատարիմ լինի հեղափոխության ժամանակ հնչեցրած խոստումներին:
Երբեմն այդ քննադատությունը նաև չափազանց ծայրահեղական դրսևորումներ է ստանում: Օրինակ՝ Հայաստանում որոշ ուժեր օրերս պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը հանդես գա կտրուկ հայտարարություններով և դատապարտի մարդու իրավունքների խախտումները Բելառուսում: Որպես հիմնավորում՝ նշում էին, որ Փաշինյանն էլ է եղել քաղբանտարկյալ, գիտի, թե ինչ են բռնատիրական համակարգի ճնշումները և այսօր պարտավոր է իր ձայնը բարձրացնել հանուն բելառուս քաղբանտարկյալների: Կարծես մեր հայկական հեղափոխության խոստումներից է եղել թավշյա հեղափոխության տարածումը ամբողջ աշխարհում: Այդ պահանջի մասին բարձրաձայնողները կարծես չեն ցանկանում նկատել, որ անգամ եվրոպական առաջատար երկրները չեն շտապում պատժամիջոցներ կիրառել անձամբ Լուկաշենկոյի նկատմամբ, քանզի բելառուսական տրանզիտը շատ ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները: Ամբողջ պանդեմիայի ընթացքում Մինսկը Հայաստանի համար միակ օդային բաց ճանապարհը մնաց, և այն վտանգի տակ դնելը իշխանությունների կողմից արկածախնդրություն կլիներ:
Բայց կա ներքաղաքական կոնկրետ դրսևորում, որը ցույց կտա, թե որքան է իշխանությունը հավատարիմ հեղափոխության օրակարգին և արժեքներին: Այսօր խորհրդարանը քննարկում է ՍԴ-ի երեք թափուր տեղերի թեկնածուների հարցը:
Երեքն էլ՝ Խունդկարյանը, Շաթիրյանը և Վաղարշյանը, անգամ հեռավար կապ չունեն հեղափոխության հայտարարած արժեքների հետ: Առաջինը դատական համակարգի ամենախայտառակ դատավորներից մեկն է, և եթե կյանքի կոչվեր Փաշինյանի անցած տարվա խոստումը՝ դատարանները մաքրել ՄԻԵԴ վճիռների պատճառ դարձած դատավորներից, ապա Խունդկարյանը կլիներ պատժվողների առաջին հորիզոնականներում:
Շաթիրյանը նախկինում զբաղեցրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը, բայց երբեք չի ընդվզել ու ձայն բարձրացրել նրանց հայտարարագրերի և իրական ունեցվածքի միջև եղած ահռելի տարբերությունների վերաբերյալ:
Գիտնական Վաղարշյանը որևէ հոդված չի հրապարակել, թե ինչպես են Քոչարյանը և Սարգսյանը բռնաբարում սահմանադրական արդարադատությունը:
Մի քանի ամսից իշխանությունը սահմանադրական փոփոխություններ է պատրաստում, որոնցով Սահմանադրական դատարանը կվերանա, նրա փոխարեն կունենանք Գերագույն դատարան, որը կստանձնի նաև Վճռաբեկ դատարանի գործառույթները:
Ավելի նախընտրելի է հիմա մերժել այս թեկնածուներին, թող ՍԴ-ն այս վիճակում քարշ տա իր գոյությունը, քան այն համալրել նման թեկնածուներով: Իհարկե, ռևանշի ուժերը կքննադատեն, թե իշխանությունները պարալիզացրել են ՍԴ աշխատանքները, բայց դա ավելի նախընտրելի է, քան հեղափոխության արժեքներից նման շեղումը: Այդպիսի շեղումը հնարավոր չի լինի բացատրել Հայաստանի ազգային շահերով:
Արիս Վաղարշակյան