...

Հաջորդը Լաչինի մաքսակետն է

Հաջորդը Լաչինի մաքսակետն է

Եվ այսպես, արդեն մի քանի ժամ է Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ դա Հայաստանի սուվերեն տարածքն է: Այստեղ կարևոր է, թե ինչպես են դրան արձագանքում ՀՀ իշխանությունները:

Առաջին՝ դրա մասին հայտարարվում է մաքսակետ դնելուց երկու ժամ առաջ, հեռուստաընկերություններից մեկին տրված հարցազրույցի ընթացքում: Այստեղ պետք է հասկանալ՝ Ադրբեջա՞նը ժամանակ չի տվել ՀՀ իշխանություններին, թե՞ իշխանությունները՝ ժողովրդին:

Երկրորդ՝ այլևս իրողությունը ժողովրդին ավետում է ոչ թե երկրի թիվ մեկ ղեկավարը, այլ երկրորդական պաշտոն զբաղեցնող անձ:

Երրորդ՝ իշխանությունը այնպես է ներկայացնում մաքսակետերի տեղադրումը կարծես համարժեք քայլ է իրականացնում և նույնքան վնաս է պատճառում Ադրբեջանին, որքան նրանք՝ մեզ:

Այդուհանդերձ, սրանք բոլորը ածանցյալ են, և առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը, և ինչպես են դրանց արձագանքում ՀՀ իշխանությունները:

Սկսենք վերջից։ Իշխանությունները անգամ աղմուկ բարձրացնելու իմիտացիա չեն անում, այլ մի քայլ է մնում, որ շնորհակալություն հայտնեն Ադրբեջանին, որ մեկ տարի սպասել է, մինչև այլընտրանքային ճանապարհը կառուցվի, նոր մաքսակետեր տեղադրեն: Մինչդեռ երեկ գիշերվանից պետք է մեծ աղմուկ բարձրացնեին: Իշխանությունները պետք է դիմեին բոլոր հնարավոր կառույցներին, հրավիրեին դեսպաններին, հանդես գային հայտարարություններով առ այն, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի արձանագրությունների դրույթները:

Իսկ ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը: Հայ հասարակությանը և միջազգային հանրությանը ևս մեկ անգամ բացատրում է, որ վերոհիշյալ փաստաթղթերը թղթի կտոր են և ցանկացած պահի կարող են դե ֆակտո չեղարկվել: Հայաստանի տարածքում մաքսակետ տեղադրելով՝ Ադրբեջանը ոչ թե փակում է ճանապարհը, այլ պատրաստվում է նորանոր նմանատիպ երևույթների: Իսկ դրանցից ամենագլխավորը Լաչինի ճանապարհին մաքսակետ տեղադրելն է: Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ տեղադրելուց և Հայաստանի ու միջազգային հանրության կոշտ արձագանքին չարժանանալուց հետո, ընդամենը մի քանի ամսից Ադրբեջանը նույն մեթոդին կդիմի նաև Լաչինի ճանապարհի դեպքում: Սա էլ իր հերթին արդեն ճակատագրական կլինի: Սուրեն Պապիկյանը չի կարողանա այլընտրանքային ճանապարհ կառուցել դեպի Ստեփանակերտ:

Հետո էլ Ադրբեջանը կարող է հանդես գալ կառուցողական դիրքերից և առաջարկել փոխադարձ վերացնել մաքսակետերը: Հայաստանը կարող է անարգել մտնել Արցախ, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևան:

Այդ ժամանակ արդեն կհայտնվի Նիկոլ Փաշինյանը և կհայտարարի, որ իր վրա է վերցնում պատասխանատվությունը և հանուն Արցախի չհայաթափման ստիպված է Ադրբեջանին ճանապարհ տալ, առանց մաքսային և անվտանգային վերահսկողության:

Մի խոսքով՝ երեկվանից սկսվել է բազմաքայլ օպերացիայի առաջին արարը: Բայց շատ կարևոր է, թե ինչպես Հայաստանը կարձագանքի դրան: Հայաստան ասելով՝ ամենևին նկատի չունենք իշխանություններին, նրանք մտահոգ են միայն մի հարցով․ օպերացիան մի քիչ երկար տևի, իրենք մի քիչ երկար մնան աթոռներին:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1051 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ