...

Խորհրդարանական ընդդիմության էյֆորիան ժամանակավրեպ է

Խորհրդարանական ընդդիմության էյֆորիան ժամանակավրեպ է

Գյումրիի և հատկապես Գորիսի ընտրությունների արդյունքները էյֆորիայի են հասցրել խորհրդարանական ընդդիմությանը. քիչ է մնում Գյումրիից սկսեն քայլել և հասնեն իշխանափոխության:

Մինչդեռ վերջին ՏԻՄ ընտրությունները պետք է մտահոգություններ պատճառեին ոչ միայն իշխանությանը, այլև խորհրդարանական ընդդիմությանը: Փաստն այն է, որ վեց համայնքներից միայն մեկում է խորհրդարանական ընդդիմությունը համարձակություն ունեցել ուղիղ, սեփական անունով մասնակցել ընտրություններին, ինչի շնորհիվ էլ Գյումրիում ՀՀԿ-ն ստացել է 5 տոկոս ձայն: Խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքը չի մասնակցել ընտրություններին որևէ վայրում:

Ընդդիմությանը պետք է մտահոգի, որ նոր ստեղծված կուսակցությունները ավելի շատ ձայն են ստանում, քան իրենք: Վերջերս ստեղծված «Ապրելու Երկիրը» մի քանի անգամ ավելի հաջողակ էր, քան ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն: Ամենևին պատահական չէր, որ Գորիսի քարոզարշավի ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամները այդպես էլ չհայտնվեցին Գորիսում, չքարոզեցին իրենց դաշինքի անդամի համար և միայն հաղթական լուրեր ստանալուց հետո մեկնեցին այդ քաղաք՝ քեֆին մասնակցելու:

Իսկ պատճառը շատ պարզունակ է: Իրենք գիտեին, որ եթե ակտիվորեն ներգրավվեին Առուշանյանի համար քարոզարշավին, ապա մի քանի հազար ձայն կփոշիանար: Մի բան է փոքր քաղաքում ասել, որ երիտասարդ տղային գցել են փորձանքի մեջ, պետք է ընտրել, որպեսզի մեծանա մանևրելու հնարավորությունը, մեկ այլ բան՝ կրկին նրան ասոցացնել Քոչարյանի հետ: Նույն Քոչարյանին հենց նույն Գորիսը մի քանի ամիս առաջ մերժեց: Նույն Մեղրիում հունիսին Փաշինյանը քայլում էր միայն Երևանից իր հետ եկած համակիրների հետ, իսկ այսօր ընդդիմությունը չի կարողանում այդ քաղաքում պայքարել անգամ ավագանիում ներկայություն ունենալու համար:

Էյֆորիայի մեջ ընկնելուց և վճռական քայլեր նախապատրաստելուց առաջ պետք է սպասել ՏԻՄ ընտրությունների երկրորդ և երրորդ փուլերին: Նոյեմբերին և հատկապես դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո է միայն հնարավոր համապարփակ վերլուծություն անել, հասկանալ, թե ինչ է փոխվել հունիսի 20-ից հետո:

Մի բան է, երբ ժողովուրդը ընկճախտի մեջ է, հուսալքված է, չի վստահում ոչ մեկին, մեկ այլ բան է՝ ընդդիմության շուրջ համախմբվելը, նրա կոչով փողոց դուրս գալը: Անցած տարի ժողովուրդը նույնպես բավական վատ էր տրամադրված իշխանությունների հանդեպ, հուսալքված և վիրավորված էր պատերազմի ժամանակ իրականացված քարոզչական խաբեությունից, սակայն դա ամենևին չենթադրեց, որ կգնա Հայրենիքի Փրկության Շարժման հետևից՝ լավ հասկանալով, որ դրա թիկունքում նախկին նախագահներն են կանգնած:

Ժողովուրդը կարող է ձայն տալ կալանավորված Առուշանյանի համար, ձայն տալ վերջին տարիներին որպես ոչ վատ կառավարիչ իրեն դրսևորած Բալասանյանին և ձայն չտալ ՔՊ-ական ոչինչ չասող, կենսագրություն և հեղինակություն չունեցող մարզպետներին ու մաքսավորներին, սակայն դա ամենևին չի նշանակում, որ փողոց դուրս կգա «Հայաստան» և ՊՈՒ դաշինքներին իշխանության բերելու համար:

Լավագույնը, որ հիմա կարող են անել վերոհիշյալ դաշինքները, դա ֆալս ստարտ չանելն է, ՏԻՄ ընտրություներում ոչ իշխանական ներկայացուցիչների հաղթանակը իրենց չվերագրելն է: Ժամանակը չի աշխատում իշխանության օգտին, սակայն ընդդիմության ֆալս ստարտը կարող է հերթական փրկօղակը դառնալ նրա համար:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   730 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ