...

Քայլ են արել ու մերժել

Քայլ են արել ու մերժել

Եվ այսպես, Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների պատկերը որոշ ենթադրությունների տեղիք է տալիս։

Թվարկենք․

Ենթադրություն 1․ Փեսաները, թիկնապահները, տեղական նշանակության դեմքերը ավելի ընկալելի են մարզային բնակչության համար։ Հին Հայաստանում տեղական ֆեոդալին հակադրվում էին քաղաքական դեմքերը։ Վերջիններս պարտվում էին։ Հիմա տեղական ֆեոդալները ընդդիմադիր են, և նրանք հաղթում են, որովհետև նրանց հակադրվում են անհասկանալի ծագումնաբանությամբ մակաբույծներ։ Այս մասով ընդամենը երկու օրինակ բերենք։ Երեկ Աբովյան խոշորացված համայնքում ձայների զգալի տարբերությամբ հաղթել է Էդուարդ Բաբայանը, որը ոչ վաղ անցյալում եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահը։ Նոր Հայաստանում քաղաքական նշաձողն այնքան իջեցվեց, որ Էդոն կարողացավ թիկնապահից դառնալ ԱԺ պատգամավոր։ Մասիսում հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։ Դավիթ Համբարձումյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։ Հիմա Վովայի Արշակը անազատության մեջ է, իսկ Արշակի փեսան տոնում է հաղթանակը։ 

Ենթադրություն 2․ Ընդդիմադիր դաշինքներն ու նորաստեղծ կուսակցությունները, անկախ այն բանից, թե ովքեր են կանգնած վերջինների հետևում, շատ ավելի մեծ վստահության քվե են ստացել այս ընտրություններում, քան ՔՊ-ն և հասարակությանը հայտնի մնացած քաղաքական ուժերը։ Օրինակ՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքում հաղթել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը (այս համայնքում ՔՊ-ն չի մասնակցել ընտրության), Ապարան համայնքում «Կարեն Եղիազարյան» դաշինքը, Նոր Հաճն խոշորացված համայնքում՝ «Գագիկ Մաթևոսյան» դաշինքը: 

Ենթադրություն 3․ Իշխանության, ասել է թե Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնված և համայնքային նշանակության պաշտոնները կորցրածներին հասարակությունը դարձյալ տվեց իր վստահության քվեն։ Կրկին տեղին է մեջբերել Դավիթ Համբարձումյանի օրինակը։ Այս շարքից է նաև Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր համայնքի թեկնածուն։ Այս գյուղում Փաշինյանի մտերիմ զինակից, կոկորդիլոսաբանության մասնագետ Գարիկ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել: Այստեղ հաղթել է «Հզոր համայնք» ուժը, որի ցուցակում էր Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը։ Վերջինիս նիկոլականներն այն ժամանակ հրաժարական պարտադրեցին։ Սակայն շատ չանցած վերջինս նորից վերընտրվեց համայնքապետ։ 

Ամփոփենք՝ ընտրություններին մասնակցած 472 հազար 528 քաղաքացի կատարել է իր ընտրությունը։ Հատկապես խոշոր համայնքների բնակիչները մերժել են Նիկոլ Փաշինյանին։   

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1577 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ