...

Պաշտոնական վարկածի գերիները

Պաշտոնական վարկածի գերիները

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին։ Ավելին՝ մահացած զինվորների 13-ի մերձավոր ազգականների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարել է, որ զինվորների մահն անհասկանալի հանգամանքներում է տեղի ունեցել, տղաները հրդեհից առաջ եղել են մահացած: Սրան հակադարձել է քննչական կոմիտեն՝ հորդորելով աբսուրդային ենթադրություններին տեղ չտալ, հրդեհը դիտավորությամբ այլ հանցագործության պարտակման հետ կապելու փորձեր չանել: 

Իշխանության, առավել ևս իրավական համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունն այսօրինակ ողբերգական իրադարձությունների համատեքստում է՛լ ավելի է սրվում։ Կոչեր, հորդորներ, նախազգուշացումներ ու այս կարգի բաներ «թողարկելուց» առաջ, լավ կլիներ, որ Քննչական կոմիտեն օպերատիվորեն ու հանգամանալից փորձեր պատասխանել կասկածի առանցքում գտնվող էական հարցերին։ Այդ հարցերն արդեն տևական ժամանակ շրջանառվում են մամուլում և դրանց հեղինակները մահացած զինվորների ծնողներն են։ Մարդիկ, որոնք դեպքի հաջորդ օրվանից իրենց սուգը խեղդած հանդիպում են պահանջում Պնախարար Սուրեն Պապիկյանի հետ, բայց այդպես էլ չեն կարողանում այդ հանդիպմանն արժանանալ։ Հիմա էլ ծնողները սեփական հետաքննությունն են սկսել, որը ուշադրության արժանի հարցադրումներ է առաջ բերել։ 

Օրինակ՝ Քննչական կոմիտեն մինչ այս պահը չի պարզաբանել՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, որ այրված զինվորները քնած են եղել կոշիկներով ու շորերով։ Եթե ծնողների այս պնդումը ճիշտ է, ապա ինչպե՞ս է բացատրվում այս հանգամանքը։ Կամ՝ մինչ այս պահը չեն հրապարակվել փորձաքննության արդյունքները։ Ըստ այդմ՝ հասարակությունը չի ստացել հարցի պատասխանը, թե ինչ իրավիճակում են եղել այրված զինվորները մինչ բուն հրդեհը։ Կասկածները, թե նրանք մինչև հրդեհը եղել են մեղմ ասած ոչ սթափ վիճակում, ուստի՝ չեն կարողացել ազատվել կրակի ճիրաններից, «աբսուրդային ենթադրության» մեկ այլ կարևորագույն առանցքն է։ Այս ու էլի բազմաթիվ կարևորագույն հարցեր անհապաղ պատասխաններ են ենթադրում, ընդ որում՝ ոչ թե կոչերի կամ հորդորների, այլ փաստերի ու տրամաբանության մակարդակում։ Փոխարենն այս ուղղությամբ աշխատեն՝ ներգրավելով նաև զոհերի հարազատներին ու նրանց փաստաբաններին, բարիկադավորվել ու տաքուկ գրասենյակներից հայտարարություններ են տարածում։ Պաշտոնական վարկածն են «ամրացնում»՝ առանց հասկանալու, որ յուրաքանչյուր վարկած, առավել ևս՝ պաշտոնականը, չի կարող լոլոների մակարդակում լինել, նույնիսկ եթե այն բացարձակ ճշմարտություն է։ Մտածել-գործելու փոխարեն հոխորտում են՝ խորացնելով անվստահությունը պաշտոնական վարկածի մասով։ Ինչո՞ւ՝ անհասկանալի է։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6050 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ