...

Մեղադրյալի կարգավիճակում լինելու եք

Մեղադրյալի կարգավիճակում լինելու եք

Ծանր լրահոսով սկսվեց օրը։ Հունվարի 19-ին՝ ժամը 1։30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է՝ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Շրջանառվող լուրերի համաձայն՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, ինչպես նաև  ԶՈՒ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետը կազատվեն աշխատանքից։ 

Այս ազատումները, բնականաբար, ոչինչ են։ Մի քիչ կանցնի և նույն պաշտոնյաները կվերանշանակվեն այլ տեղերում։ Իսկ սրա իրական պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանն է՝ իր նախար Սուրեն Պապիկյանով։ Սրանք կշարունակեն պաշտոնավարել և հոխորտալ, թե ամեն ինչ անում են, որ բանակի բարեփոխումները օր առաջ իրականություն դառնան։ Հոգ չէ, որ դարից երկար ձգվող այդ զառանցանքները մերթընդմերթ կընդմիջվեն մեր զինվորների ողբերգական մահվան լուրով։ Իրականում՝ բոլոր իմաստներով այն բառդակը, որն այսօր տիրում է մեր զորամասերում, ոչ միայն Փաշինյանի խղճին է, այլև ի պաշտոնե նրա պատասխանատվության տիրույթում է։ Մարդը փակել է ականջներն ու չի լսում զորամասերից եկող տարակուսելի ինֆորմացիաները։ Նա փակել է աչքերը ու չի տեսնում, որ բանակի կազմաքանդման երկրորդ փուլը ոչնչացնում է այն ամենը, ինչ մնացել էր պատերազմից հետո։ Նա փակել է իր բերանը՝ լեզվին վարժեցնելով խոսել միայն բանակին տրվող «կլուբնիկի» ու «մայկա-տռուսիկի» մասին։ Եվ երբ պետության ղեկավարը չի լսում, չի տեսնում, չի մտածում ամենակարևորի՝ ՀՀ քաղաքացու, ՀՀ զինվորի անվտանգության մասին, ուրեմն՝ նա վաղ թե ուշ պետք է լինի մեղադրյալի կարգավիճակում։ Այո, վաղը կարող է շատ ուշ լինել։

Ցավակցում ենք զոհված տղաների հարազատներին, սիրելիներին ու ընկերներին։ Մեզ բոլորիս համբերություն՝ ցավից չցնորվելու։

Գոհար Վեզիրյան

Հ․Գ․ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 17-ի։  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ