...

ԱԺ ընդդիմադիրների պահվածքը հակաբարոյական ու ապաքաղաքական է

ԱԺ ընդդիմադիրների պահվածքը հակաբարոյական ու ապաքաղաքական է

Ընդամենը մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը։ Երեկ Էդգար Ղազարյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում էր, բայց միայնակ։ Նա, ըստ էության, միայնակ էլ փորձեց հակադարձել ՔՊ-ականներին, որոնցից ամեն մեկը ջանում էր անդաստիարակության մաստեր կլաս ցուցադրել հայտնի նիստում։

Մրցակցությունը թեժ ու կատաղի էր։ Չեմպիոնի դափնին նվաճեց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։ Այն, ինչի ականատես եղանք, դուրս էր բարոյական, քաղաքական և անգամ իրավական պատկերացումների շրջանակից։ Եվ խոսքը միայն ՔՊ-ական պատգամավորների պահվածքի մասին չէ։ Նույնքան անբարո է ընդդիմադիրների վարքը՝ միասնական թեկնածու առաջարկել և նրան միայնակ թողել ամենակարևոր պահին։ Չգալ-չներկայանալ նիստին, չփորձել աջակցել ու պաշտպանել իրենց իսկ թեկնածուին, չփորձել կարգի հրավիրել նրա վրա հարձակված իշխանական գործընկերներին՝ նույնքան հակաբարոյական ու ապաքաղաքական է, որքան իշխանականների վարքը։ Եթե չէին ուզում, կարող էին չառաջադրել։ Իսկ գուցե նրանց օրակարգն էլ նույնն էր՝ հարվածել Ղազարյանին, նրան դարձնել թիրախ բոլոր առումներով։ Ինչո՞ւ՝ չգիտենք։ Միայն հիշում ենք, որ Ղազարյանին ոչ վաղ անցյալում պիտակավորում էին հենց նրան առաջադրած քաղաքական ուժերի դեմքերն ու երևելի համախոհները։ Ամիսներ առաջ ընդդիմադիրները Ղազարյանի նկատմամբ նույն կերպ էին վարվում, ինչպես երեկ ՔՊ-ականները։ Պարզապես «տեղանքի» տարբերություն կար։ Ընդդիմադիրները դա անում էին սոցիալական ցանցերում, իսկ ՔՊ-ն՝ ԱԺ-ում։ Երկուսն էլ՝ հանրային հարթակում։ Որովհետև երկուսի համար էլ հանրությունն ու հասարակությունը անարժեք բիոզանգված են։ 

Էդգար Ղազարյանը երեկ քաղաքական գնահատականներ տվեց։ Դրանց ճշմարտացիությունը վայրկյաններ անց ապացուցեցին հենց իրենք՝ ՔՊ-ականները։ Էդգար Ղազարյանը երեկ մենակ մնալով՝ ի ցույց դրեց ընդդիմության տմարդիությունը, քաղաքական սնանկությունն ու թուլակամությունը։ Էդգար Ղազարյանը փայլուն լուծեց այն խնդիրը, որը դրել էր իր առջև։  

Գոհար Վեզիրյան 

Հ․Գ․ Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, պարտավոր է իրավական գործընթաց սկսել ՔՊ-ական որոշ պատգամավորների խուլիգանական պահվածքի մասով։ Իսկ որպես պատգամավոր ու նիստը նախագահող՝ նա երեկ ամենը, նույնիսկ անհնարինն արեց։ 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ