...

Լենա Նազարյան առաջնորդը

Լենա Նազարյան առաջնորդը

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հայցն ընդդեմ պատգամավոր Լենա Նազարյանի, ըստ այդմ՝ ՔՊ-ական պատգամավորը պետք է ներողություն խնդրի Թովմասյանից: Այս մասին տեղեկություն է հրապարակել «Ժողովուրդ» օրաթերթը՝ հիշեցնելով անցած տարի հուլիսի 3-ին տեղի ունեցածը։ Թովմասյանն այն ժամանակ խոսել էր Աբովյանի դիահերձարանում պոլիէթիլենային տոպրակների մեջ պահվող, գետնին նետված զինվորների դիերի մասին։ Քննադատությանը ի պատասխան՝ Լենա Նազարյանը նրան հակադարձել էր «իդիոտկա» ասելով։ Դատարանում, փաստորեն, Նազարյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը փորձել է ապացուցել, որ Նազարյանը չի վիրավորել Թովմասյանին: Սիրունյանը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից գրություն է ներկայացրել, թե ինչ է նշանակում «իդիոտկա» բառը՝ փորձելով ապացուցել, թե դա հունարեն նշանակում է առաջնորդ: 

Եվ ահա ՔՊ «առաջնորդ» տիկնանցից մեկը հիմա պետք է հրապարակային ներողություն խնդրի։ Իսկ մեկ միլիոն չի կարող փոխհատուցել, որովհետև ըստ փաստաբանի, նրա ֆինանսական վիճակը լավ չէ։ Մարդը ամսական մոտ 600 հազար դրամի չափով վարկ է փակում։ Դատարանն ընդառաջել է՝ չպարտադրելով գումարի բռնագանձում։ Վճիռն այդ մասով բողոքարկվելու է։

Կարծում ենք՝ սա լրացուցիչ հնարավորություն է Լենա Նազարյանի համար՝ վերստին խորանալ «իդիոտկա» բառի ծագումնաբանության, դրա կիրառական նշանակության մեջ։ Այլ կերպ ասած՝ ինքնաճանաչողությամբ զբաղվել։ Իսկ գումարի մասով անհանգստանալու կարիք չկա. պարգևավճարներից մեկ-երկուսով այդ հարցը կփակվի։ Վերջին հաշվով՝ ինքնաճանաչողությունը հենց այնպես չի տրվում։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1805 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ