ՌԵՏՐՈ բաժնի այս թողարկմամբ ներկայացնում ենք 2008 թվականի ընտրություններից մի քանի օր առաջ «Չորրորդ իշխանություն» թերթի լրահոսը՝ մեկնաբանությունները թողնելով ողջամիտ ընթերցողին։
ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շաբաթվա վերջին կայանալիք Սերժ Սարգսյանի հանրահավաքին իշխանությունները պատրաստվում են ամենայն լրջությամբ: Բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով գլխաքանակ պետք է ապահովվի այդ հավաքին: Նույնիսկ տասնյակ հազարավոր վիրահայերին են ավտոբուսներով Հայաստան բերելու և, ըստ լուրերի, նրանցից շատերը պետք է մնան այստեղ, որպեսզի տարբեր մարդկանց անձնագրերով քվեարկեն: Այս կեղծարարության հիմնասյունը քրեական հեղինակություն, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Մոսկվայի հայ համայնքի նախագահ, դեռևս կայացման խնդիրներ ունեցող Նորիկ Թևանյանն է:
Ահազանգ ստացանք նաև, որ ՀԱԲ-ի անդամներից մի քանիսի հետ են բանակցել ՀՀԿ-ականները, որպեսզի վերջիններս առանձին պաստառներով ներկայանան ու լինեն երկրապահների հակակշիռը: Սակայն երեկ մի քանի ՀԱԲ անդամներ ասացին, որ իրենց շարքերն ամբողջությամբ սատարում են Լևոն Տեր-Պետրոսյանին ու եթե որևէ մեկը փորձի իրենց անունից Սերժի մոտ «խաղեր տալ», ապա ՀԱԲ-ականները հանդես կգան հատուկ հայտարարությամբ:
ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ, ՍՏԱՆՈՒՄ ԵՆ
«ՉԻ» նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ շատ արագ իրենց կապիտալը հանում են Հայաստանից: Այդ հրապարակման մեջ տեղ է գտել անճշտություն. ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը որևէ առնչություն չունի «Հայբիզնեսբանկի» հետ և չի հանդիսանում նրա փայատերերից մեկը, ինչպես նշվել է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ընդհանուր առմամբ 6.5 միլիոն դոլար է հանել և փոխանցել արտասահման իրեն պատկանող «Զարգացման հայկական բանկից»: Հայցում ենք «Հայբիզնեսբանկի» ներողամտությունը: Իսկ ինչ վերաբերում է նախորդ համարի մյուս հրապարակմանը, որտեղ նշել էինք, որ փետրվարի 8-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի խորհրդական, ՄԻԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Մարտիրոսյանը HSBC բանկից երկու անգամ կանխիկ գումար է հանել. առաջին անգամ 100 մլն դրամ, իսկ հետո 120 մլն դրամ, ապա երեկ մամուլում էլ նշվեց, ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանն էլ մոտ 60 մլն դրամ է հանել հայկական մի բանկից: Մեր տեղեկություններով, այդ բանկը վերստին HSBC-ն է:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԷԼ ՄԻԱՑԱՎ
Երեկ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի շարքերը համալրեց նաև Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր Ժամանակներ» կուսակցությունը: Կուսակցության հայտարարությունը երեկ ներկայացրել է ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նա նշել է, որ կուսակցությունն այդ որոշումը կայացրել է փետրվարի 12-ին տեղի ունեցած վարչության նիստի ընթացքում, որի բոլոր հինգ անդամներն էլ հանդես են եկել նախագահի փետրվարի 19-ի ընտրությանը Լևոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու օգտին:
«Հայաստանի նախագահի ընտրական մրցավազքի եզրափակիչ փուլում հայ հասարակությունը հայտնվել է շատ վտանգավոր մի եզրագծի, որի գլխավոր պատասխանատուն գործող իշխանական վերնախավն է, քանզի նա, օգտագործելով սեփական ունակությունների և արժեքային ընկալումների ողջ զինանոցի ներդրմամբ ձևավորված` մինչև կոկորդը կրիմինալի մեջ թաթախված վարչակարգի հակաազգային և հակաժողովրդավարական բոլոր միջոցները, ոչնչի առաջ կանգ չառնելով ի սկզբանե լրջագույն հարված հասցրեց այս կարևորագույն համապետական ընտրության լեգիտիմությանը»,- ասված է ՆԺԿ վարչության հայտարարության մեջ:
«Նոր Ժամանակներ» կուսակցությունը գտնում է, որ նախագահի ընտրությանը գրանցվելու հնարավորություն չտալով ՆԺԿ առաջնորդ, «արմատական ընդդիմադիր գործիչ» Արամ Կարապետյանին, իշխանությունը լուրջ հարված է հասցրել նախագահի ընտրության լեգիտիմությանը: «Վարչակարգի կողմից նախընտրական շրջանում իրականացվող գործողությունների տրամաբանությունը վկայում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի համակարգային փոփոխությունը հնարավոր է բացառապես համաժողովրդական շարժման միջոցով»,- ասված է ՆԺԿ հայտարարության մեջ:
«Ինչպեսև կանխատեսվում էր Ազգային Ժողովի 2007 թվականի ընտրությունների ընթացքում, ՆԺԿ-ի, «Իմպիչմենտ» դաշինքի և «Հանրապետություն» կուսակցության համատեղ ջանքերով բարձրացված համաժողովրդական շարժման ալիքը իր տրամաբանական զարգացումն ունեցավ 2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում: «Նոր Ժամանակներ» կուսակցությունը պաշտպանում է այդ համաժողովրդական շարժումը, որն առաջնորդում է Հայաստանի նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը: Հայ հասարակությունն իր մեջ ուժ է գտել ու ոտքի է կանգնել սեփական արժանապատվությունը ոտնահարող բարքերից ձերբազատվելու համար և ՆԺԿ-ն բնականաբար ժողովրդի հետ է»,- ասված է «Նոր Ժամանակներ» կուսակցության հայտարարության մեջ:
ԵԿԵԼ, ԲԵՐԵԼ, ԳՆԱՑԵԼ Է
Մեր քաջատեղյակ աղբյուրի հավաստմամբ, անցյալ շաբաթ Երևանում է գտնվել Ֆրանսիայի հայազգի մի քաղաքացի, որի անունը չի հաղորդվում: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, շատ որոշակի կապեր ունի Հարավային Ֆրանսիայի տարածքում գործող խաղատների անվտանգությունն ապահովող համակարգերի հետ: Եվ նա, ըստ մեր աղբյուրների, Երևանում հանդիպումներ է ունեցել շատերի, այդ թվում` ընդդիմադիր առանձին գործիչների հետ: Նա այն մարդկանցից է, ով քաջատեղյակ է ՀՀ վարչապետ և այսօր մեր երկրի նախագահի աթոռին հավակնող Սերժ Սարգսյանի՝ Մոնտե-Կառլոյի և Նիցցայի խաղատներ այցելություններին, որտեղ, ի դեպ, սիրում է այցելել նաև նրա հարազատ և պատգամավոր եղբայր Սաշիկ Սարգսյանը: Բայց Սերժը սիրում է խաղատներ այցելել հատկապես երկու քաղաքներում՝ Մոնտե-Կառլո և Բանդոլ, որը գտնվում է Մոնտե-Կառլոյից 100 կմ հեռավորության վրա: Այդ խաղատները Սերժ Սարգսյանը այցելում է հիմնականում Տիգրան Արզաքանցյանի, Արմեն Ավետիսյանի և կրիմինալի այնպիսի ներկայացուցչի հետ, ինչպիսին է հայտնի «Թևոսիկը»: Վերջինս և Տիգրան Արզաքանցյանը, ըստ մեր աղբյուրների, նաև սեփական հյուրանոց ունեն Նիցցայում, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանում է «Թևոսիկին»: Ընդհանրապես, ասում են, Ս. Սարգսյանի և նրա մյուս ընկերների՝ խաղատներ այցելությունների ժամանակ նրանց ուղեկցում է ֆրանսահայ գործարար Ռուբեն Գարպանյանը, որն, ի դեպ, Սամվել Բաբայանի մոտ ընկերներից է և նրա հետ համատեղ բիզնես ունի:
Երևանում վերը հիշատակված անանուն ֆրանսահայի և հայաստանցիների հանդիպման ժամանակ խոսակցություն է եղել հիշյալ խաղատներում կատարված որոշ տեսագրությունների պատճենների փոխանցման մասին: Պակաս կարևոր չէ նկատել, որ հիշյալ մարդը շատ սերտ կապեր ունի Հարավային Ֆրանսիայի, այդ թվում՝ Նիցցայի շրջակայքում գտնվող խաղատների տեխնիկական սպասարկումն իրականացնող ծառայության ղեկավար «Շեյթան» և կամ «Սանրանաս» մականունով հայտնի մի կիպրոսահայի հետ, որը իր հերթին շատ սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի գաղտնի ծառայությունների՝ DST-ի հետ: Մեր աղբյուրների ասելով, Հայաստանում այս անանուն ֆրանսիացու և նրա հայաստանցի ընկերների հետ հանդիպման հետաքրքիր մանրամասներ են ճշտվել Սերժ Սարգսյանի՝ սույն խաղատներ կատարած այցերի մասին:
Այսինքն, կենացները քաղցրանում են, ու առաջիկա օրերին չեն բացառվում սենսացիոն բացահայտումները:
ՄՈՒՐԱՑԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՓՈՂ ՉԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ
Երեկ «ՉԻ» խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր ստացավ այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործունեություն ծավալող բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներն են կամ համակիրները, հուժկու ճնշումներ են սկսվել: Նույնիսկ մի փոքրիկ տաղավար ունեցող վաճառականներին են արգելել բացել տաղավարը. և հարկային տեսչությունը, և ոստիկանությունը զբաղված են Տեր-Պետրոսյանի ընտրողներին ճնշելով: Երեկ մեզ պատմեցին նաև, որ տաղավարը փակելու պահանջներից հետո ոստիկանները գնում են առևտրականների տները կամ նրանց են հրավիրում ոստիկանություն: Բայց քաղաքացիները, բնականաբար, ոչ միայն չեն ընկճվում, այլև ավելի վճռականորեն են լծվում գործող ապօրինի ռեժիմից օր առաջ ազատվելու գործին:
Ի դեպ, Ազգային անվտանգության, հարկային մարմինների արտահաստիքային գործակալ կամ որ նույնն է` «գործ տվող» Լֆիկ Սամոն իր չունեցած շրջապատի ներկայացուցիչներին այս օրերին «գործուղել է» մարդկանց ընտրակաշառքներ բաժանելու համար ցուցակներ կազմելու: (Դեռ չեն գտել իրենց ձայնը վաճառող անհրաժեշտ թվով քաղաքացիների): Ըստ լուրերի, Լֆիկը ընտրությունների նախորդ օրը 30 հազարական դրամ է բաժանելու ամեն ձայնի դիմաց: Բայց ի սկզբանե ասենք, որ, ինչպես միշտ, Լֆիկ Սամոն «քցելու» է մարդկանց: Նա, ով իր էությամբ մուրացիկ է, չի կարողանալու մարդկանց փող բաժանել: Ովքեր չեն հիշում այդ պատմությունը, հիշեցնենք: Պատգամավոր Ալեքսանյանը մշտապես բողոքում էր, որ բազմազավակ ընտանիք ունի, փող չունի երեխաներին պահի: Երբ այդպես խղճալի վիճակով էր ներկայացրել իր ֆինանսական վիճակը, «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողներ Թագուհի Թովմասյանն ու Գոհար Վեզիրյանը խղճահարվել էին և իրենց աջակցությունն առաջարկել օլիգարխ պատգամավորին: Վերջինս ասել էր, թե «Եթե կարաք, ձու ուղարկեք մեր տուն, թող երեխեքս ուտեն»: Լրագրողներն էլ խոստացել էին հումանիտար օգնություն տալ պատգամավորին և ի տարբերություն ստախոս պատգամավորների, Թ. Թովմասյանն ու Գ. Վեզիրյանը սեպտեմբերի 13-ից սկսած 1 ամիս շարունակ ամեն հինգշաբթի օրը 120-ական հավկիթ էին ուղարկել պատգամավորի տուն, ինչի կապակցությամբ Սամվել Ալեքսանյանը Ազգային ժողովում շնորհակալություն էր հայտնել լրագրողներին (այս մասին մամուլը գրել է): Հիմա պատկերացնո՞ւմ եք, լրագրողների հաշվին ընտանիք պահող մարդը պետք է 30 հազարական դրամ փո՞ղ բաժանի, չհավատաք, ժողովուրդ, խաբելու է:
ՈՎ՝ ՈՎ Է
Վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, թե դատախազությանը հաջողվել է հայտնաբերել մարմնավաճառության մի որջ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկայի տարածքում, որը պատկանել է, ի դեպ, իր ընկերոջը՝ Շմավոն Գալստյանին: Ընդհանրապես, մարմնավաճառության դեմ «պայքարող» այդ դատախազին, թերևս, պետք է հիշեցնել, որ 1990-ականների կեսերին ինքն էլ մի բարոյականության չափանիշ չի եղել: Մեր հավաստի աղբյուրները փոխանցում են, որ 1996 կամ 1997 թվականներին, երբ Ա. Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազության կարևորագույն գործերով քննիչ էր, իր ընկերուհիների հետ այցելում էր համապատասխան օբյեկտներ, որոնցից մեկն էլ գտնվում էր վերը նշված համայնքում՝ նախկին «Անի» կինոթատրոնի մոտակայքում: Նման այցելություններից մեկից հետո նա հայտնաբերել էր, որ կորցրել է իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը: Նա միայն տևական ժամանակահատվածից հետո էր այդ ատրճանակը մի կնոջից հետ ստացել ու միայն այն բանից հետո, երբ կնոջ պահանջով վերջինիս խոստացել էր այլևս չանհանգստացնել:
ԼՈՒԾՈՂԱԿԱՆ ՈՒՂԵՂՆԵՐԸ
Մենք արդեն մի քանի անգամ գրել ենք, որ այս ընտրությունների ընտրակեղծիքների տեխնոլոգիաները ևս չեն փոխվել: Այսինքն, իշխանություններն աշխատելու են նույն մեխանիզմներով ու մեթոդներով: Էրեբունու թաղապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս թաղապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի աշխատասենյակում քննարկվել է շատ կարևոր մի հարց. ինչպես պետք է ՀՀԿ-ականները լուծողականներ լցնեն հանձնաժողովի մյուս անդամների ու վստահված անձանց բաժակների մեջ, որպեսզի հնարավորություն ունենան անարգել կեղծել ընտրությունները: Պատկերացնո՞ւմ եք, Բոշի Մհերի հույսը լուծողականն է: Թեև սա վաղուց հնացած մեթոդ է, ամեն դեպքում հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց զգուշացնում ենք:
Երեկ ահազանգ ստացանք նաև, որ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը հիվանդանոցների բուժանձնակազմին հրահանգել է, որ բոլոր նրանք, ովքեր հերթապահ են լինելու ընտրությունների օրը, պետք է աշխատանքի ներկայանան անձնագրերով, որպեսզի վերահսկելի ընտրություն կատարեն: Ահա այսպես` առաջ, Հայաստան:
«Չորրորդ իշխանություն», 15 փետրվարի, 2008թ.