...

Սերժ Սարգսյանը տիրապետո՞ւմ է բանակցվող փաստաթղթին

Սերժ Սարգսյանը տիրապետո՞ւմ է բանակցվող փաստաթղթին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի հրապարակումն ընկալել է որպես մերժողական պատասխան ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին: Այդ մասին նա հայտարարել է՝ միաժամանակ նշելով, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։ Նա նաև կարծիք է հայտնել, որ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: «Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»,- հավելել է Տեր-Պետրոսյանը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի շտապել «փակել» թեման։ Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ Սարգսյանի գրասենյակը տեղեկացրել է, որ հանդիպումների արդյունավետության և այլ հարցերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում: «Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ: Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը»,- ասված է հայտարարությունում։

Ստացվում է՝ Սերժ Սարգսյանը տիրապետում է «ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթղթի» բովանդակությանը, այլապես վստահաբար չէր պնդի, որ դրանք համեմատելի չեն։ 

Ռոբերտ Քոչարյանի կողմից մեկնաբանություններ առայժմ չեն հնչել։

Բոլոր դեպքերում այս ֆորմատի հետ հասարակության որոշ շրջանակներ հույսեր կապում էին։ Գոնե սպասում կար, որ ուժերը մեկտեղելով՝ հնարավոր կլինի բարդագույն իրավիճակում ընտրել չարյաց փոքրագույնը։ Կարելի է ասել՝ այս անգամ էլ չստացվեց։ Նիկոլ Փաշինյանի ինքնահարցազրույցը, ապա կազմակերպած «արտահոսքը» լուծարման առաջ կանգնեցրեց նոր ձևավորվող ֆորմատը։ Դեռ մի բան էլ նոր բանավեճի թեմա բացեց՝ Սերժ Սարգսյանի Ցյուրիխյան արձանագրություններն ու Փաշինյանի պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Ափսոս։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   681 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ