...

Ռուբեն Ռուբինյանը Մայր Հայաստա՞նն է

Ռուբեն Ռուբինյանը Մայր Հայաստա՞նն է

«Երեկվանից Թուրքիայի հետ մեր բանակցողի դեմ արշավ է սկսվել։ Եվ սա արշավ է ոչ թե ՔՊ անդամ կամ ԱԺ փոխնախագահ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանի դեմ, այլ ՀՀ ներկայացուցչի դեմ, այսինքն՝ ՀՀ-ի դեմ»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով․ «Ո՞ւմ է ձեռք տալիս արշավ սկսել ՀՀ-ի դեմ։ Էլ ո՞ւմ, բացի թուրքական ազդեցության գործակալներից կամ օտարերկրյա ազդեցության այլ գործակալներից։ Ո՞ւմ էր ձեռնտու ամեն ինչ անել, որ պատերազմի օրերին տանկերը շրջվեն դեպի Երևան։ Էլ ո՞ւմ, բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից։ Ո՞ւմ է ձեռք տալիս պատերազմից հետո ջարդել պետական կառույցներն ու շենքերը կամ ԳՇ զինվորականներին հանել պետության դեմ։ Էլ ո՞ւմ, բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից»։ Այնուհետև Արթուր Հովհաննիսյանը նայել է ընդդիմության շարքերին․ «Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է դուք օտարերկրյա ազդեցության գործակալներ եք։ Իմ ու բնակչության մեծամասնության մոտ հիմնավոր կասկած կա»,- գրել է «aravot.am»-ը։

Փաստորեն Ռուբեն Ռուբինյանը Մայր Հայաստանն է, իսկ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ ազդեցության գործակալներ, որոնք աշխատում են Հայաստանի դեմ։ Երեկ էլ դերերն էին փոխված՝ Ռուբինյանն էր գործակալ, մնացածները՝ Մայր Հայաստան։ Բայց հարցը սա չէ։ Խնդիրն այն է, որ ՔՊ-ականն ընդհանրացնում է ասելիքը՝ «բնակչության մեծամասնությանը» իջեցնելով իր մակարդակին։ Չնայած՝ վերջին երեք տարիներին ինչ ասես, որ չվերագրվեց «բնակչության մեծամասնությանը»։ Այնքան վերագրեցին, որ մեծամասնությունը սկսեց ինքնապաշտպանվել՝ անտարբերություն ցուցաբերելով թե՛ Ռուբինյանի, թե՛ նրա խորհրդարանական գործընկերների նկատմամբ։ Ու հիմա սրանք մնացել են մենակ՝ իրար դեմ կամ իրար կողքի։ Օրակարգեր են ձևավորում, իբր քաղաքական գործընթացներ են խմորում, քննարկում-բանավիճում-հայհոյում են, բայց առանց «բնակչության մեծամասնության» մասնակցության։ Անգամ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է այսօր խոստովանել, որ իշխանության, ընդդիմության վարկանիշն էլ ընկել է։ Խոսել է արտագաղթից, թե գնում են մարդիկ՝ ընտանիքներով։ Եվ հիմա դրա մասին մտածելու փոխարեն, դրել գործակալներ են փնտրում այնտեղ, որտեղ դրանցից լիքն են կամ չկան։ Անհասցե փնտրտուքը տեսարաններ, այո, ապահովում է, բայց դրանից միայն արտագաղթի տեմպերն են ավելանում։

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ