...

Ռոբերտ Քոչարյանն  ու Սերժ Սարգսյանը միավորում են իրենց ռեսուրսը

Ռոբերտ Քոչարյանն  ու Սերժ Սարգսյանը միավորում են իրենց ռեսուրսը

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն ազդարարել է դիմադրության շարժում սկսելու մասին։ «Հիմա արդեն գործի ժամանակն է։ Ես եկել եմ այստեղից հայտարարելու, որ մենք՝ մեր թիմով, մեր ամբողջ ռեսուրսով, մեր հազարավոր հայրենակիցներով և աջակիցներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց՝ այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով»,- հայտարարել է Սաղաթելյանը։ Գործողությունների մեկնարկը կտրվի այսօր՝ ամեն տարի ապրիլի 23-ին տեղի ունեցող ավանդական Ջահերով երթով, իսկ ապրիլի 25-ից «Հայաստան» դաշինքը «ամբողջ Հայաստանով սկսում է անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ»։ Այդ օրը Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Ապրիլի 25-ից սկսած յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ «Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով ձեզ կտեղեկացնենք»,- նշել է Սաղաթելյանն ու հավելել․ «Սկսում ենք»։ 

Իր հերթին Ազատության հրապարակում նստացույց իրականացնող Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ «Այս պայքարն անկասելի է ու այն տանելու է մեր մեծ նպատակի, այն է՝ ունենալ հզոր, անկախ, ինքնիշխան Հայաստան»,- ասել է Վանեցյանը։ Վանեցյանի պայքարն էլ բաղկացած է մի քանի փուլից, ինքն է ասել, և հաջորդ փուլը մեկնարկում է ապրիլի 25-ին։ Մինչ այդ Վանեցյանը ապրիլի 23-ին բոլորին հրավիրել է Ազատության հրապարակ՝ միասին մասնակցելու ջահերով երթին։ 

Սա, ըստ էության, նշանակում է, որ Վանեցյանն ու «Հայաստան» դաշինքը միասնաբար են սկսելու դիմադրության շարժումը։ ՀՀԿ-ն դեռևս հանդես չի եկել առանձին հայտարարությամբ, բայց կարծում ենք՝ ՀՀԿ-ն էլ «գործի մեջ է»։ Մտայնությունը, թե Վանեցյանը ներկայացնում է ՀՀԿ-ն, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև Վանեցյանը ՀՀԿ միջավայրից չէ, և նա իր գործողությունների համար հաշվետու չէ այդ միջավայրին։ Ի դեպ՝ արդեն տեղեկություններ կան, որ ջահերով երթին մասնակցելու են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը։ Հավանականությունը մեծ է, որ նրանք իրենց դեմքով ակտիվորեն ներգրավված չեն լինի դիմադրության շարժման մեջ, բայց իրենց համախոհների գործողություններն, այնուամենայնիվ, իրենք կկոորդինացնեն։ Կկարողանա՞ն այս ուժերը բովանդակություն հաղորդել շարժմանը, թե՞ ոչ՝ կերևա առաջիկայում, պարզապես մի հորդոր ընկեր Իշխանին և պարոն Վանեցյանին՝ խոսելիս օգտագործել այնպիսի բառամթերք, որը ոչ թե անցյալի քոփի փեսթը լինի, այլ էներգետիկ առումով նոր ինֆորմացիա ու ասելիք կպարունակի։ Մեկն ասում է՝ սկսում ենք՝ ակամայից հիշեցնելով «Սկսել ա» շարժման ժամանակաշրջանը, մյուսն ասում է՝ մեր պայքարն անկասելի է։ Էսպես որ շարունակվի, կարող է բանը հասնի նրան, որ Վանեցյանը հայտարարի՝ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առջև։ Բանալի բառերի ընտրության հարցում գոնե պետք է բացառել պլագիատը։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1868 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ