...

Երկուսի դիրքորոշումը դիրքորոշում չունենալն է

Երկուսի դիրքորոշումը դիրքորոշում չունենալն է

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանին ու Արթուր Խաչատրյանին, հայտարարել է․

«Դուք շարունակաբար, գրեթե մեխանիկորեն, գրեթե բոլոր նախագծերին քվեարկում եք ձեռնպահ, ընդ որում` առանց հիմնավորելու ձեր քվեարկության պատճառը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները` այդ թվում ձեզ ընտրած, բայց ոչ միայն ձեզ ընտրած, որոնցից մեկն եմ ես, իրավունք ունեն իմանալու՝ ի վերջո ձեր դիրքորոշումները որոնք են։ Այլ բան, որ գուցե ձեր դիրքորոշումը ընդհանրապես ձեռնպահ լինելն է խորհրդարանում, երկրում և ընդհանրապես, բայց դա այլ հարց է»։ 

Ընդդիմադիրները հակադարձել են, թե այս կառավարությունը անելիք չունի մեր երկրում: «Հետո ժամանակը գալու է, մեր դիրքորոշումներին հակառակ ձեր կողմ քվեարկելու համար մի օր հետո զղջալու եք»,- մասնավորապես նշել է Գեղամ Մանուկյանը։ 

Ընդդիմության ձանձրալի, ավելի շուտ ապաքաղաքական տեքստերը քննարկելու կարիք չկա, բայց Ռուբինյանի նյարդայնանալն էլ մի բանի նման չէ։ Տեսնես Ռուբինյանը ՔՊ հավաքներին փորձե՞լ է նույն խրոխտ կեցվածքով Նիկոլ Փաշինյանին հարցնել, թե ո՞րն է անձնապես նրա դիրքորոշումը Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասով։ Գուցե պարզվի, որ Փաշինյանի, ըստ այդմ՝ իշխանության դիրքորոշումը ընդհանրապես ձեռնպահ լինելն է քաղաքական մեծ թատերաբեմերում, մասնավորապես՝ երկրի անվտանգության հետ կապված հարցերում։ Վերջին հաշվով այնպես, ինչպես ընդդիմությունն է իրեն պահում ԱԺ-ում, նույն ձևով էլ Փաշինյանի իշխանությունն է իրեն պահում միջազգային ասպարեզում։ Պասիվ դիտորդի դերում է հայտնվում ամենակարևոր պահերին, ապաքաղաքական վարքով լողում է ինչպես կարողանում է, հետո սկսում է նյարդային շրջապտույտի մեջ հայտնվել, ապա կորչել մինչև հերթական կարևոր պահը։  Ընդդիմության ձեռնպահ լինելը, այո, վտանգավոր է, բայց իշխանության ձեռնպահ լինելը ամենաճակատագրական պահերին, պարզապես կործանարար է։ Բայց դե Ռուբինյանը՝ ուր, այսօրինակ հարցերը՝ ուր։ Մարդուն կոնկրետ հանձնարարել են ընդդիմության վրա մուննաթ գալ ու մնալ բացառապես այդ օրակարգի շրջանակներում։ Մնացածը՝ իր հնարավորությունների ու խելքի բանը չեն։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ