...

Բոլորը բոլորին ուրանալու են․ Փաշինյանի սցենարն է

Բոլորը բոլորին ուրանալու են․ Փաշինյանի սցենարն է

Կորոնավիրուսի ընթացքում չարաշահումների մասով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 11 մարդ։ Գ․ Սիմոնյանը Երևանի գործող փոխքաղաքապետն է, որը 2020-2022թթ. ընթացքում զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ առողջապահության նախարարը, ինչպես գիտենք, եղել է ՔՊ-ական գործող պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Ձերբակալվածների շարքում է «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն, որը, ըստ Հահակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության, քավորսանիկական հարաբերություններ ունի Գ․ Սիմոնյանի, այսինքն՝ նախկին փոխնախարարի հետ։ 11 ձերբակալվածներից միայն Սիմոնյանն է կալանավորվել։ Առայժմ՝ միայն նա։ Այս հաղորդագրությանը արձագանքել է Արսեն Թորոսյանը՝ հեգնելով, թե «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում»։  «Չեմ զարմանա, եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ. չէ՞ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն: Շարունակելի...». գրել է Թորոսյանը՝ վերջում ակնարկելով թեմայի շարունակելիության մասին։

«ՉԻ» տեղեկություններով Արսեն Թորոսյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Գ․Շ-ի հետ, իսկ Գ․ Սիմոնյանը ընդամենը նրանց «արանքում» վազվզող մեկն է եղել։ Ի պաշտոնե՝ վազվզող (որպես առողջապահության փոխնախարար)։ Չի բացառվում, որ Գ․ Սիմոնյանին կալանավորել են՝ մտքում ունենալով, որ նա կարող է որոշակի ցուցմունքներ տալ վերադասի դեմ։ Խոսքը վերստին Արսեն Թորոսյանի մասին է։ ՔՊ-ական պատգամավորն իր հերթին շտապել է թեման վերցնել իր վրա՝ սեփական գրառմամբ ապացուցելով, որ նա տեղյակ է եղել ամեն ինչից, բայց այդ ամեն ինչում որևէ հանցակազմ չկա։

Թեման անշուշտ իրավական հարթության մեջ է, բայց դրա հիմքը բացառապես քաղաքական է։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ի մերձիշխանական թիմը փորձում են ազատվել Թորոսյանից։ ՔՊ վարչության ընտրությունները և Արսեն Թորոսյանի ձայները կեղծելով նրանից ազատվելն առաջին արարն էր։ Այն ավարտվեց հոգուտ Թորոսյանի։ Հիմա երկրորդ արարն է՝ առաջին հայացքից իրավական հարթությունում։ Այս արարում դեպքերն ինչպե՞ս կզարգանան՝ առաջիկա օրերի հարց է։ 

Ի դեպ, Արսեն Թորոսյանն իր մտերիմ միջավայրում նշել է, թե առանց մարտի չի հանձնվելու։ Իրավապահ համակարգի առանձին ներկայացուցիչներ իրենց հերթին են նեղ շրջապատում «կիսվել», թե նպատակը մեկն է՝ Սիմոնյանից ցուցմունքներ կորզել ընդդեմ Թորոսյանի։

Հիմա՝ բոլորը բոլորին ուրանալու են, իսկ Փաշինյանն այս ընթացքում Մուրադի դեմքով ապրելու է։ Փորձելու է հերթական անգամ հանրության գիտակցությանը հասցնել, թե ինքը պետությունից գողացված ամեն լումայի հետևից գնալու է, անգամ, եթե այդ լուման գողացողներն իր կողմնակիցներն են։ Արսեն Թորոսյանը առաջին ձնծաղիկն է, այս շարքում ՔՊ-ական շատ երևելիներ են լինելու։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   20775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ