...

Քաղաքացիական պայմանագիր՝ լափամանից օգտվելու կանոնների վերաբերյալ

Քաղաքացիական պայմանագիր՝ լափամանից օգտվելու կանոնների վերաբերյալ

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի շուրջ սեղմվող օղակը «հեղափոխությունը խժռում է իր զավակներին» տրամաբանության մեջ դիտարկելը երևի այնքան էլ ճիշտ չէ՝ հենց թեկուզ միայն այն պատճառով, որ 2018-ին Հայաստանում հեղափոխություն չի եղել։ Եղել է սովորական իշխանափոխություն, որն արտաքնապես գուցե հեղափոխության նման էր, բայց բովանդակային առումով ընդամենը պարզ հեղաշրջում էր, որի արդյունքում իշխանական «վերնախավում» մի քանի հարյուր հոգի փոխվեցին, և վերջ։ Այնպես որ՝ Արսեն Թորոսյանի հետ տեղի ունեցողն ավելի շուտ կարելի է անվանել «Նիկոլը խժռում է իր ուսապարկերին»։ 

Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Ռոմանոս Պետրոսյանը և այլոք, իհարկե, լավ էլ իմացել են ու գիտեն, որ իրականում ոչ մի հեղափոխություն չի եղել, պարզապես անսպասելի իշխանափոխության արդյունքում իրե՛նք են հայտնվել իշխանական լափամանի մոտ։ Ընդ որում՝ մեկի համար այդ լափը կարող էր դրսևորվել որպես գաղտնի հաշիվներ օտարերկրյա բանկերում, բյուջեի հաշվին սեփական կեցավայրի «գյոռմամիշ» վերանորոգում կամ ձրի բրդուճ, մյուսի համար՝ միլիոնանոց տենդերներ, «ատկատներ», բյուջեի հաշվին գերթանկարժեք վոյաժներ, «պատահաբար էժանով կպցրած» բնակարաններ, «բարեխիղճ գործարարներին» հարկային արտոնություններ տալու կամ Երևանի կանաչապատ տարածքները «քյաշով» վաճառելու հնարավորություն, և այլն։ Ու այդ «ուսապարկերը», իրենց տրամաբանությամբ, ոչ մի սխալ բան չեն արել։ Ուրիշ ի՞նչ պիտի անեին, եթե հասել են լափամանին․ պիտի լափեին՝ ամեն մեկն իր չափով։ 

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ սխալ բան են արել։ Ընդ որում՝ սխալը ոչ թե լափելն է եղել, այլ այն, որ ինչ-որ պահից նրանց թվացել է, թե արդեն իսկ կուտակած ահռելի հարստությունն իրենց իրավունք է տալիս ընդվզել «ուսապարկի» կարգավիճակի դեմ։ Եվ այս հարցում Նիկոլն իրավացի է, որովհետև այդ մարդիկ իսկապես «ուսապարկեր» են։ Ի՞նչ էին ներկայացնելու իրենցից այդ մարդիկ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը։ Բացարձակապես ոչինչ։ Լավագույն դեպքում՝ միջինից փոքր-ինչ բարձր եկամուտներով սրճարաններում «զվռնած» վարձու աշխատողներ։ Եվ, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, եթե համաձայնվել են մաս կազմել «հեղափոխություն» անվանված թամաշային ու օգտվել լափամանից, դրանով իսկ ստորագրել են իրենց ճորտության պայմանագիրը, որի համաձայն՝ որևէ պարագայում ծպտուն հանելու իրավունք չունեն, իսկ ճորտատերը ցանկացած պահի կարող է առանց որևէ բացատրության զոհաբերել նրանցից յուրաքանչյուրին։ Վերջին հաշվով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հանուն իր վարկանիշի (այսինքն՝ հանուն իշխանության պահպանման) պատրաստ էր անգամ սեփական որդուն զոհաբերել՝ համարյա որպես «շարժական գույք» փոխանակելով ռազմագերիների հետ, ուսապարկերն ովքե՞ր են, որ չզոհաբերի։ Առավել ևս, որ յուրաքանչյուր այդպիսի զոհաբերություն որպես շոու բավականին դիտարժան է և որոշ ժամանակով շեղում է հասարակության ուշադրությունը՝ իրեն և մյուս ուսապարկերին հնարավորություն տալով առայժմ շարունակել մնալ լափամանի մոտ։ 

Իսկ ուսապարկերի մյուս հիմնական սխալն այն է, որ նրանց թվացել է, թե իրենք զոհաբերումից ապահովագրված են, որովհետև որոշակի «կոմպրոմատ» ունեն Նիկոլի դեմ, ու վերջինս կզգուշանա, որ դրանք կարող են հրապարակվել։ Ու հանկարծ պարզվել է, որ դա չի աշխատում։ Որովհետև ի՞նչ նոր բան պիտի իմանա հասարակությունն այդ «կոմպրոմատների» հրապարակումից։ Որ Նիկոլ Փաշինյանը մասնակցե՞լ է այդ ամենին։ Է, հետո՞ ինչ, դա ի՞նչ նորություն է։ «Կոմպրոմատները» կարևոր են միայն այն երկրներում, որտեղ իշխանությունների համար հանրային կարծիքն իսկապես կարևոր է, և որտեղ կա անկախ դատաիրավական համակարգ։ Իսկ մեզանում այդ համակարգը չկա, Նիկոլ Փաշինյանն էլ հասցրել է իր իշխանության համար շատ ավելի հուսալի հենարան ստեղծել, քան խախուտ հանրային կարծիքն է, հետևաբար՝ թքած ունի ցանկացած «կոմպրոմատի» վրա։

Այնպես որ՝ Արսեն Թորոսյանին և հետագայում զոհաբերվելիք մյուս «Սրբխեչի ուլերին» խորհուրդ կտայինք շատ չդիմադրել։ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց ստորագրած «քաղաքացիական պայմանագիրը» բոլորի համար վաղ թե ուշ հենց այդպիսի հանգուցալուծում է նախատեսում։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ