...

Երկիրն ի՞նչ է, որ չծախեն, «մի անգամ են աբրըմ»

Երկիրն ի՞նչ է, որ չծախեն, «մի անգամ են աբրըմ»

Հասարակությունն ալեկոծվեց այն տեղեկությունից, թե ինչ-որ մեկը մեքենայի «գոլդ» համար է գնել մոտ 300 հազար դոլարով։ Գերիշխող գնահատականն էլ այն էր, որ այդ անհայտ գնորդը, մեղմ ասած, անուղեղ-անհայրենիք ցուցամոլ է։ 

Ցավոք՝ իրականությունն ավելի մտահոգիչ է, որովհետև այդ գնահատականը, մեծ հաշվով, վերաբերում է ոչ թե կոնկրետ այդ մարդուն, այլ մեր հասարակության առնվազն մի զգալի մասին։ Ի վերջո՝ ոչ մի ադեկվատ մարդ «ժեշտի կտորի» համար ահռելի գումար չէր վճարի, եթե իմանար, որ իրեն այդ մեքենայի ղեկին տեսնողները մատով ցույց են տալու և ասեն «նայե՛ք, նայե՛ք, էս էն դեբիլն ա, որ 300 հազարով համար ա առել»։ Նորմալ երկրներում հասարակության արձագանքը հենց այդպիսին էլ կլիներ, դրա համար էլ նորմալ երկրներում նման գործարքներ տեղի չեն ունենում։ Իսկ Հայաստանում ինչ-որ մեկն այդ համարն առնում է, որովհետև գիտի՝ շատ-շատերն իրեն ոչ թե «դեբիլ» են անվանելու, այլ համարելու են առանձնահատուկ հարգանքի արժանի «կռուտոյ տղա» ու նախանձելու են։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի պես երկրում նման վաճառքը հնարավոր է դարձել ոչ թե ինչ-որ կոնկրետ անձի, այլ հասարակության մի զգալի մասի արժեհամակարգի խեղաթյուրման պատճառով։

Իսկ ինչո՞ւ ենք այսքան հանգամանորեն անդրադառնում այս՝ առաջին հայացքից անկարևոր հարցին։ Որովհետև հասարակության զգալի մասի ճիշտ նույն «արժեհամակարգային խեղման» շնորհիվ է նաև, որ այսօրվա իշխանություններին հաջողվում է անգամ երկրի գլխին այսքան աղետներ բերելուց հետո պահպանել իշխանությունը։ Մեծ հաշվով՝ ինչո՞վ են զբաղված ՔՊ-ական «ուսապարկերը» (անկախ նրանից՝ պատգամավոր են, նախարար, մարզպետ, թե որևէ այլ առանցքային պաշտոնյա)։ Բյուջեի հաշվին պատկառելի աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, իրենց շրջապատի համար «հարցեր են լուծում», շքեղ գործուղումներ, ծառայողական մեքենաներ․․․ մի խոսքով՝ վայելում են կյանքը։ Գինն էլ հայտնի է՝ դրա համար պետք է «ընդամենը» ուրանալ սեփական հայրենիքը, սեփական անցյալը, մոռանալ արժանապատվության մասին, և իհարկե՝ ինքնամոռաց քծնել Նիկոլ Փաշինյանին։ Ու նրանք հաճույքով վճարում են այդ գինը։ Հարց՝ կվճարեի՞ն, եթե իմանային, որ հասարակության վերաբերմունքը միանշանակ մերժողական է լինելու, և, օրինակ, փողոցով քայլելիս կամ սրճարանում «ներկայացուցչական ծախսերը» վայելելիս բոլորը մատով ցույց են տալու ու ասեն «նայե՛ք, նայե՛ք, էս էն անհայրենիք գյոռմամիշն ա, որ լափի համար երկիրը վարի տվեց», եթե իմանային, որ նույն վերաբերմունքին են արժանանալու նաև իրենց ընտանիքների անդամները, հարևաններն ու բարեկամները պատահաբար հանդիպելիս անգամ չեն բարևելու․․․ Հաստատ չէին վճարի։ Բայց հաճույքով վճարում են, որովհետև գիտեն՝ հասարակության առնվազն մի զգալի հատվածն իրենց «կռուտոյ տղա (աղջիկ)» է համարելու, նախանձելու է, փորձելու է իր հետ լավ հարաբերություններ ունենալ, և այդպես շարունակ։ 

Արժեհամակարգային խեղումը հենց սա է, երբ հասարակության մի մեծ հատված, ընդհանուր առմամբ իշխանությունների գործողությունները դավաճանություն համարելով, «ըմբռնումով է մոտենում» այդ դավաճանության առանձին մասնակիցներին, ու նրանց՝ այդ դավաճանության գնով ձեռք բերված բարեկեցությունը համարում հարգանքի արժանի «շուստրիության ապացույց»։ 

Պարզ ասած՝ հասարակությունը հանդուրժում է, դրա համար էլ հանուն բարեկեցության հայրենիք վաճառողների պակաս չկա։ Չհանդուրժեր՝ վաճառողներ է՛լ չէին լինի։ Գուցե կցանկանային, բայց չէին համարձակվի վաճառել։ Այնպես որ՝ չարժե միայն բարձրաստիճան ՔՊ-ականներին մեղադրել, նրանք ընդամենը կյանքը վայելելու ամենահեշտ ձևն են գտել։ Մոտավորապես «էլիտար մարմնավաճառների» նման։ Պարզապես վերջիններս իրենց գործունեությունը համեմատաբար թաքուն են ծավալում, որովհետև հանրության վերաբերմունքը խիստ բացասական է։ Ի տարբերություն «ուսապարկերի», որոնց գործունեությունը, որպես կանոն, հրապարակային է, հաճախ էլ՝ «օնլայն ռեժիմով»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2971 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ